Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կօգնի Հայաստանին՝ իր ԵՄ ընտանիքի անդամ դառնալու ձգտումներին․ այս կարծիքին է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուսը։ Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած համատեղ ասուլիսում Կիպրոսի նախագահն այդ մասին ասաց՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին։
ԱԺ նախագահները հայտարարեցին՝ փոխգործակցության եւ լիակատար փոխըմբռնման մակարդակ կա երկու երկրների միջեւ, Հայաստան-Կիպրոս հարաբերություններն էլ ռազմավարական մակարդակին են տարվում։
Հարցին՝ մանրամասնել՝ ի՞նչ է ենթադրում երկու երկրների միջեւ ռազմավարական փոխգործակցությունը, արդյոք ռազմական ոլորտում էլ փոխգործակցություն կլինի՞, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ռազմավարական գործընկերությունը քննարկելիս առաջին հերթին նկատի ունեն բոլոր միջազգային հարթակներում համատեղ շահերի սպասարկում, կոնկրետ փաստաթղթերի շրջանակներում հարաբերությունների խորացում։
Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ Կիպրոսի հետ ռազմական համագործակցության՝ իրավական հնարավորությունները Հայաստանը վաղուց իրացնում է։ Բոլոր մարտահրավերները, որոնք ունի Կիպրոսը, ունի նաեւ Հայաստանը եւ լիակատար ընկալում ու աջակցություն կա այս հարցերում, իսկ համագործակցությունն արտացոլվում է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների աշխատանքներում։
Կարդացեք նաև
Պատասխանելով Բաքվում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին էլ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուսն ասաց․ «Մենք ունեցանք հնարավորություն՝ տեղեկանալու, այդ հարցի շուրջ մեզ չափազանց շատ տեղեկություն տրվեց։ Ես գիտեմ, բավական զգայուն հարց է դա։ Կիպրոսի դիրքորոշումն այն է, որը ունի ՀՀ-ն՝ մենք չենք կարող համաձայնել այն ամենի հետ, ինչը հակադրվում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքին։ Դա մեր սկզբունքային դիրքն է յուրաքանչյուր հարցի շուրջ։ Հույս ունեմ, որ այն ինչ կատարվում է, իր հանգուցալուծումը մոտ ժամանակներում կգտնի։ Իսկապես կարծում եմ՝ անընդունելի է, որ 2025 թվականին մենք քննարկենք կամ տեսնենք նմանատիպ դրսեւորումներ կամ պատկեր»։
Այս հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց՝ իզուր չէ, որ Անիտային իր եւ ՀՀ-ի ընկերն է համարում, քանի որ նա եզակի մարդկանցից է, ովքեր միջազգային հարթակներում խոսել է եւ վստահորեն շարունակելու է խոսել՝ պաշտպանելով հայկական շահը, ՀՀ-ի տեսակետը․ «Ասեմ ավելին՝ եզակի մարդն է, ով Դուբլինում կայացած համաժողովի ժամանակ, որը համընկավ Ղարաբաղից հայ ժողովրդի տեղահանման հետ, այդ հարցն է բարձրաձայնել։ Սրանով է նաեւ ձեւավորվում մեր վերաբերմունքը՝ Կիպրոսի, Կիպրոսի մեր գործընկերոջ նկատմամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ