Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրո մտածողությունն ու հայկական ճարտարապետությունը Վենետիկի ճարտարապետական բիենալեում

Մայիս 19,2025 13:30

Այս ամիսը կարծես հագեցած է միջազգային ճարտարապետական միջոցառումներով. Վենետիկի 19-րդ ճարտարապետական բիենալեն բացվեց մայիսի 8-ին, Միլանի 24-րդ դիզայնի տրիենալեն՝ մայիսի 12-ին, իսկ Սենտ-Էտիենի 13-րդ միջազգային դիզայնի բիենալեն կբացվի մայիսի 22-ին, որտեղ ի դեպ պատվավոր հյուրը Հայաստանն է՝ կենտրոնական դերակատարմամբ։ Սենտ-Էտիենի հայկական մասնակցությանը առիթ կլինի անդրադառնալ բացման արարողությունից հետո, սակայն «Ծալք ու ծավալ. ստեղծագործել Հայաստանում» վերնագրով ցուցադրության, մինչ այժմ հայտնի մասնակիցների շրջանակն արդեն իսկ հուշում է հետաքրքիր ցուցադրության մասին (համադրողներ՝ Նայիրի Խաչատուրեան, Ժան-Ֆրանսուա Դինքջեան և Էլուա Շաֆայ)։

Վենետիկի ճարտարապետական բիենալեի հայկական տաղավարը, «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» (համադրող՝ Մարիաննա Կարապետյան) վերնագրով, ի տարբերություն վերը նշված մյուս երկու միջոցառումներում նախատեսված տաղավարների, ներկայացված է որպես Հայաստանի ազգային տաղավար՝ պետական ֆինանսավորմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ։

Միլանի տրիենալեի հայկական տաղավարը, օրինակ, «Երևանի սովորական (ամենօրյա) ճարտարապետությունը» (համադրողներ՝ Յուրի Գրիգորյան, Արսեն Կարապետյան և ուրիշներ) Երևանում գործող Ճարտարապետության գրադարանի նախաձեռնությունն է՝ առանց պետական աջակցության և միջամտության։ Ավելի քան 30 մասնակիցներով այս տաղավարը ցուցադրում է ներկա հայկական ճարտարապետական իրականությունը և դաշտ բացում հետագա քննարկումների ու մտորումների համար։

Ցավոք, նույնը չենք կարող ասել Վենետիկի հայկական ազգային տաղավարի մասին, որը կարծես թե մի կողմ թողնելով ներկայի ճարտարապետական խոսույթը, կրկին գնում է հետ՝ միջնադար։ Կրկին բառի օգտագործումն այստեղ կարևոր է, քանի որ մինչև 2010 թվականը Վենետիկի ճարտարապետական բիենալեում հայկական տաղավարները ցուցադրում էին կա՛մ միջնադարյան հայկական ճարտարապետությունը, կա՛մ դրա անորակ իմիտացիա հանդիսացող, անկախության շրջանի ճարտարապետությունը։ Խնդիրն իրականում բիենալեի տեսական ու գործնական քննարկումների դաշտ բացելու տրամաբանությունը չհասկանալու մեջ էր։ Ճարտարապետական բիենալեն կոնկրետ կառույցներ ցուցադրելու տեղ չէ, այն խնդիր ունի կայացնել տեսական խոսույթի հիման վրա երկխոսություն՝ մատնանշելով ապագա զարգացումները։

Ժամանակին այս ընթացքը հաջողվեց փոխել «Առավոտ» թերթում իմ «Վենետիկի ճարտարապետական բիենալեն՝ մենաշնորհ» հոդվածից հետո (տպված 2010 թվականի հոկտեմբերի 30-ին), որով կարծես թե փոխվեց Հայաստանի մասնակցության տրամաբանությունը այդ բիենալեում։ Դրան հաջորդեց Հայաստանի՝ բիենալեի մասնակցության համակարգման անցումը Քաղաքաշինության նախարարությունից Մշակույթի նախարարությանը։ Դա հատկապես կարևոր էր, քանի որ թե՛ Քաղաքաշինության նախարարությունը այն ժամանակ, թե՛ Քաղաքաշինության կոմիտեն այսօր, ցավոք քաղաքաշինությանը վերաբերում են որպես շինարարություն և երբևէ չեն ընկալել դրա քաղաքային, ճարտարապետական մտքի ու մշակութային ասպեկտները։ Սա նաև այն երևույթն է, որ մենք տեսնում ենք մեր առօրյայում, ամեն օր, քաղաքաշինության բնագավառում պետական անորակ քաղաքականության եռամիասնությամբ՝ կոռումպացված, դիլետանտ և ժամանակավրեպ։

Վերադառնալով բիենալեին, ի պատիվ Մշակույթի նախարարությանը, 2014 և 2016 թվականներին (համադրողներ Ռուբեն Արևշատյան և Սարհատ Պետրոսյան համապատասխանաբար) հնարավոր դարձավ ներկայացնել Հայաստանը ո՛չ անորակ ճարտարապետությամբ (2010-ին ներկայացված էին Հյուսիսային ու Գլխավոր պողոտաները), ո՛չ էլ արդեն բազմաթիվ անգամներ ներկայացված հայ միջնադարյան վեհաշուք, բայց արդեն կրկնվող, ճարտարապետությամբ։ Այդ թվականներին ցուցադրությունները կառուցվեցին պատմական, քննադատական և վերլուծական, բովանդակային առումով հագեցած նյութերով։

Ի դեպ, նախարարության կողմից ճիշտ քաղաքականության արդյունքում 2015 թվականին արդեն Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանն արժանացավ «Ոսկե առյուծ» հիմնական մրցանակին։ Դա նախ և առաջ նախարար Հասմիկ Պողոսյանի վաստակն էր, որն այդ տարիներին արվեստաբան և համադրող Վարդան Կարապետյանին որպես պատասխանատու նշանակելով, (համապատասխան ոլորտը տապալած փոխնախարար Արև Սամուելյանի դերակատարությունը բացառելով), ապահովեց հիմնարար փոփոխություն առնվազն բիենալեի մասով, ինչը ցավոք չենք կարող ասել Հասմիկ Պողոսյանի ղեկավարած նախարարության մյուս ուղղություններում։

2018, 2020 և 2023 թվականներին Հայաստանը կարծես մոռացության մատնեց ճարտարապետական բիենալեն։ Եթե 2018 և 2020 թվականներին բիենալեին չմասնակցելը հասկանալի էր, այդպես էլ չպարզվեց 2023-ին նախարարության կողմից մրցույթով ընտրված ու բիենալեի պաշտոնական կայքում հրապարակված տաղավարի չգոյության պատճառը։ Բայց ինչպես հաճախ է լինում, հատկապես վերջին տարիներին, պետական կառավարման անհաղորդ ընթացքի պայմաններում, թերևս հասկանալի պետք է լինի այս չհիմնավորված բացակայութունը (տես արդեն նշված եռամիասնությունը)։

Այս տարի, ոչ ամբողջությամբ պատշաճ գործընթացով հանդերձ, 2025-ի Վենետիկի ճարտարապետական բիենալեի մասնակցությունը կարծես թե այլ ընթացք ստանալու հնարավորություն ուներ. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մրցակցային տրամաբանությամբ, նախապես չհրապարակված չափորոշիչներով ու ոչ հասկանալի հանձնաժողովի կազմով ընտրեց Վենետիկի ճարտարապետական բիենալեի մատնանշված Հայաստանի ազգային տաղավարի «Միկրո ճարտարապետություն արհեստական բանականության միջոցով» վերնագրված հայեցակարգն ու համադրողին։

Չնայած, մեր իրականության մշակութային նեղ շրջանակներին հատուկ, հանձնաժողովի որոշ անդամների՝ դիմորդների ֆինանսական հնարավորությունների, անձնական ծանոթությունների կամ չծանոթությունների մասին տնավարի քննարկումներին տուրք տալով կամ առհասարակ Վենետիկի ճարտարապետական բիենալեի տրամաբանության մասին պատկերացումների բացակայության պայմաններում, գոնե ֆորմալ առումով, կարծես ամեն ինչ նորմալ ընթացք ստացավ։ Առաջին հայացքից կարծես փորձ կար տեղավորվել հայկական արդի խնդիրների ու բիենալեի ընդհանուր համադրող Կառլո Ռատտիի «Բանականություն՝ բնական, արհեստական, հավաքական» հայեցակարգի տրամաբանության շրջանակում։ Արցախի կորստին հաջորդած հանձնվող Արցախի հիմնականում միջնադարյան հայկական կառույցների՝ Թումոյի կողմից թվայնացման ներկայացումն ու այն արհեստական բանականության հետ կապելը կարծես առաջին հայացքից վատ գաղափար չէր։ Բավականին աննկատ ու դժվարահաս տաղավարը, (որն ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, նախարարության պնդմամբ է ընտրվել) կարծես ամեն ինչ վերադարձրեց նախկինին՝ կատարվեց դարձ ի շրջանս յուր։

Էլի հայկական միջնադարյան ճարտարապետություն, ինչ որ հղումներով Արցախին, չնայած օրինակ ներկայացված էր միայն Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու եռաչափ մոդելը։ Բովանդակային մասով ու մտքի ընթացքով այդպես էլ հասկանալի չի դառնում համադրողական հայեցակարգի տրամաբանությունը՝ սկսած ներկայացման հերթականության տրամաբանությունից մինչև արհեստական բանականության գործառույթն այդ ամենում առհասարակ։

Տաղավարի կարևոր բաղադրիչը՝ Արցախի հարցի արծարծումը (ու իշխանության ենթադրաբար հերթական «փնթիության» արդյունքում Արցախով Հայաստանի քարտեզի ուրախալի փաստը) կարելի է համարել տաղավարի հիմնական արժեքը: Սակայն ցավոք այն այդպես էլ պատշաճ չի տալիս խնդրի էությունը, Արցախի հայկականությունը և կապը հայկական միջնադարյան ճարտարապետության հետ։ Իսկ երբ արդեն ուզում ես բացահայտել արհեստական բանականությամբ «խնդիրների լուծումները» (ինչպես կարծում էր համապատասխան պաշտոնավարող փոխնախարարը պաշտոնական ասուլիսի օրը), պարզվում է, որ այն տաղավարում որևէ կերպ արտահայտված չէ։ Տեղում կան տուֆից, ենթադրաբար, համակարգչային մոդելավորմամբ (կամ ավելի դյութիչ հնչելու համար՝ արհեստական բանականությամբ) ստեղծված անհասկանալի խոյակներ, որոնք հիշեցնում են Զվարթնոց տաճարի խոյակները, որը կարծես Արցախի դեպքում ակտուալ չէ: Կան խաչքարեր ու դռներ, որոնք որևէ աղերս չունեն հենց Արցախի օրինակների հետ։ Այսպիսով, այն, ներկայացումը այդպես էլ չի դառնում տաղավար ու բովանդակություն, և այդպես էլ չես հասկանում, թե ինչի մասին է այն, կամ ինչ տրամաբանությամբ է արհեստական բնականությունը վերափոխում մեր ժառանգությունը, կամ ավելի ճիշտ՝ դրա ինչ որ տարրերը։ Եվ առհասարակ ինչո՞ւ է փոխում…

Արցախի ներկայացվածությունից զատ՝ դրական առումով թերևս կարելի է նշել նաև տաղավարի քիչ թե շատ պատշաճ ձևավորումը, որը սակայն դառնում է անիմաստ՝ խորքային առումով բովանդակության բացակայության պայմաններում։ Սա ներհատուկ է հայկական ներկա ճարտարապետությանն ու ակտիվ, համեմատաբար երիտասարդ, ճարտարապետներին. խնդիրներին մոտենալ մակերեսայնորեն, հիմնականում կենտրոնանալ ներկայացման վրա, տպավորություն թողնել բանալի (իմա՝ դյութիչ) բառեր օգտագործելով, որոնք երևի կարող են օգնել նոր պատվերներ ստանալուն, բայց ոչ՝ նման պատասխանատու հարթակում երկիր ներկայացնելուն։ Ի դեպ, պատշաճ ներկայանալու դեպքում, Արցախի հայկականության ու իրավիճակի մասին ավելի շատ մարդ կիմանար, միմյանց պատմելով ու լսելով միայն նույնիսկ դժվարահաս տաղավար հասնելու պայմաններում:

Այս կարծիքը միգուցե չարժեր ներկայացնել, եթե իրապես ցավալի չլիներ Հայաստանը պատշաճ ներկայացնելու կարևորության գիտակցման ներկայացված ճանապարհի ընթացքը, ինչպես նաև այս նույն օրերին Միլանի դիզայնի տրիենալեի հայկական տաղավարի ներառական ու տրամաբանական ներկայացումը, որին նաև մասնակցում էր Վենետիկի տաղավարի համադրողը։ Միլանի հայկական տաղավարն առանց պետական աջակցության ու հանձնաժողովային քննարկումների, ներկայացնելով ավելի քան 30 ճարտարապետի ու արվեստագետի, մոտ 12 քմ տարածքում, առանց ճոխ ծախսերի, ներկայացնում է հայկական սովորական առօրյա ճարտարապետությունը՝ բովանդակալից ու հասկանալի։

Վենետիկի ճարտարապետական բիենալեն ճարտարապետության դեռևս ամենահեղինակավոր միջոցառումն է, որը ամենաբարձր ներառականությամբ հարթակ տրամադրելով աշխարհին նախանշում է համաշխարհային ճարտարապետության և հարակից ոլորտների զարգացումները առաջիկա տարիներին։ Ուստի յուրաքանչյուր մասնակցություն՝ սկսած տաղավարի տեղադիրքից, համադրողի կամ հայեցակարգի ընտրության տրամաբանությունից ու բազմաթիվ այլ մանրուքներից, պետք է դիտարկվի ամենայն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ։

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ճարտարապետ-քաղաքային պլանավորող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031