Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում երեկ կայացավ օպերային թատրոնի կամերային նվագախմբի հետ համատեղ, մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ «Կադանս» անսամբլի հրաշալի ելույթը, ինչը վերջինիս ստեղծագործական կյանքում, կարծես նոր որակ էր, երբ բազմահմուտ անսամբլի փորձառությանը գումարվեց օպերայի թատրոնի կամերային նվագախմբի` աշխարհի հետ համաքայլ, համաշխարհային երաժշտական բարձրագույն որակը:
Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կայացած համերգին ներկա հանդիսականների բուռն ծափերը, բեմական նոր ձևաչափի համագործակցության հաջողության լավագույն հաստատումն էր: Երկու պրոֆեսիոնալ նվագախմբերի բարձրագույն վարպետության հավաստումն ու հաստատումն էր նաև համերգային բեմի հմուտ բեմական շարվածքը, երբ առաջնաբեմում իր ամբողջ փայլով, կիսակլոր դասավորվածությամբ ներկայացված էր «Կադանս» անսամբլի շքեղ կատարողական երաժշտական հնգյակը` կիթառահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Ջաղացպանյան, ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյան, կոնտրաբասահար Գուրգեն Ամիրյան, դաշնակահար Սոֆի Միքայելյան, ակորդեոնահար Մերուժան Եգանյան:
Կարդացեք նաև
Օպերային թատրոնի մեծ բեմի առաջնաբեմ բերված համերգային հատվածի հետնաբեմում, լուսավորված դասավորությամբ նստած էր օպերային թատրոնի կամերային նվագախումբը, իսկ մաեստրո Դուրգարյանը համատեղ նվագախումբը ղեկավարում էր անսովոր, բայց շատ խելամիտ կերպով` երկու նվագախմբերի միջին հատվածից` յուրատեսակ ինքնատիպություն հաղորդելով, առանց այդ էլ համերգային անսովոր, խիստ յուրահատուկ ծրագրին:
Այս բացառապես երաժշտական համերգի ընթացքում «Կադանս»-ի ծրագրում, այս անգամ պարային ծրագիրը ներկայացված չէր, փոխարենը` փոխնիփոխ ներկայացված էին հայ և համաշխարհային կոմպոզիտորների «կադանսային» մեկնաբանություններով կոմպոզիցիաները և պիացոլական բնույթի, մեկը մյուսից ավելի յուրօրինակ տանգեդիաները:
Իսկ բիս-ետկանչի ժամանակ համերգի վերջնամասում հնչած Արամ Խաչատրյանի «Լեզգինկան» միացյալ նվագախմբերի կատարմամբ, ֆինալային ամբողջ համարը սկզբից մինչև վերջ, ընթացավ հանդիսատեսի հնչող ծափերով: Արդյունքում կայացավ շքեղ ու ինքնատիպ համերգ:
Մշակութային ողջունելի փաստ է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պարբերաբար և հաստատուն կերպով հանդես է գալիս համերգային ամենաինքնատիպ, ամենաանսպասելի և ամենաբազմազան կատարումներով: Մեծ գնահատանքի է արժանի նաև այն, որ բարձրակարգ թատերական բեմը պարբերաբար ներկայանում է որպես բարձրակարգ համերգային բեմ, դրանով աներկբա հարստացնելով մեր մշակութային կյանքը:
Տեղեկացնենք, կամ ավելի ճիշտ հիշեցնենք, որ «Կադանս» անսամբլը ձևավորվել է 2004 թվականին, հինգ երաժիշտների միավորման արդյունքում: Սկզբնական նպատակը` մերձեցնել հայ հանդիսատեսին արգենտինացի հանճարեղ կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի երաժշտական աշխարհին: Տարիների ընթացքում անսամբլն ընդլայնեց իր երաժշտական հորիզոնները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուսական, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների գործեր, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով Պիացոլլայի ոգուն: Առաջին իսկ համերգներից «Կադանս»-ը հաստատեց իր արտիստական որակը, արդեն մեկ տարի անց` 2005-ին հանդես գալով Բուենոս Այրեսի հեղինակավոր «Կոլոն» և «Սերվանտես» թատրոնների բեմերում:
Հաջորդ երկտասնյակ տարիների ընթացքում անսամբլը ելույթներ ունեցավ բազմաթիվ այլ երկրներում, որպես հյուրախաղային-ճամփորդական փոքրակազմ նվագախումբ, սակայն երաժշտական ստեղծագործությունների լայն ընդգրկում ունեցող երկացանկով` միշտ փոխանցելով ժամանակակից կամերային երաժշտության իր ինքնատիպ մեկնաբանությունը:
Հատկանշական է անսամբլի մասնակցությունը միջազգային հեղինակավոր փառատոններին ևս, այդ թվում` Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր», Բուենոս Այրեսի «Տանգո», Լիտվայի «Pazaislis» և բազում այլ փառատոններ:
Չմոռանանք նշել, որ «Կադանս»-ը հանդես է եկել մի շարք նշանավոր երաժիշտների հետ, որոնց թվում են ակորդեոնահար Ռիչարդ Գալլիանոն, բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանը, դիրիժոր Ֆակունդո Ագուտինը, երգչուհի Մարիել Դյուպետին: Իսկ անսամբլի «Էքսպրեսիա. Հայկական կերպարանափոխություններ» ձայներիզը պարգևատրվել է Լյուքսեմբուրգի հեղինակավոր «Pizzicato» երաժշտական հանդեսի «Supersonic» մրցանակով` արժանանալով միջազգային մեծ ուշադրության:
Արդեն 2010-ն, «Կադանս» երաժշտական կենտրոնը հիմնում է «Երևանյան տանգո» միջազգային փառատոնը, որի շրջանակում տեղի ունեցան համերգներ, ինչպես հայ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների արտիստների մասնակցությամբ: Վերջին տարիներին երաժշտությանը գումարվեց խորեոգրաֆիան և «Կադանս»-ը պարարվեստի համատեղությամբ մտավ նոր ստեղծագործական փուլ, ձևավորվեց անսամբլի նոր դեմքը` հիմնված երաժշտության, բեմական պատումի և ժամանակակից պարի, բեմական շարժման ու պլաստիկայի համադրության վրա:
Այսօր «Կադանս»-ը ոչ միայն անսամբլ է, այլև բեմարվեստի մի քանի ժանրերի համադրությամբ ապրող մարմին` ձայնի, բեմի, կերպարի, բեմական ստեղծագործական ուղերձի ամբողջություն:
Սամվել Դանիելյան
Լուսանկարները` «Կադանս»-ի կայացած համերգից