«Բերեք որեւէ փաստ, որ մենք հարստացել ենք ապօրինի ճանապարհով»՝ այդ երգը մենք լսում ենք 30 տարուց ավելի: Փաստերը բերվում են լրատվամիջոցներում, դրան ի պատասխան ասվում է, որ այդ ամենը ընդդիմության ասեկոսեներ են, որոնք որեւէ իրավական հետեւանք չեն կարող ունենալ: Կոռուպցիայի մասին պաշտոնական փաստերը բերվում են միայն «նախորդ հանցավոր ռեժիմի» վերաբերյալ, եւ քանի որ այդ երեւույթը մշտապես կրկնվում է, «պաշտոնական փաստերի» նկատմամբ վստահությունը շատ փոքր է: Մանվել Գրիգորյանի «տուշոնկան» կարող էր այդ պահին քարոզչական մեծ էֆեկտ ունենալ, բայց հետին թվով այսօր՝ 7 տարի անց, այդ «տուշոնկան», եթե նույնիսկ կար, պարզապես փոքրիկ չարաճճիություն է թվում: 7 տարում իշխանավորները, փոխաբերական իմաստով, «տուշոնկայի սարերի» տեր են դարձել:
Ինչպես եւ առաջ՝ իշխանավորների բարեկամների մոտ շատ արագ հայտնաբերվում են բացառիկ տաղանդներ բիզնեսի ոլորտում, ինչպես եւ առաջ, իշխանությունն ունի իր «սրտի օլիգարխներին», որոնք մուծվում են համապատասխան հիմնադրամներին, ինչպես 2018 թվականից առաջ, այդպես էլ հիմա լրատվամիջոցները (առաջին հերթին՝ «Հետքը») գրում են ենթադրյալ կոռուպցիայի մասին, իսկ իշխանավորներն ասում են՝ «դե, ապացուցեք, դե կոնկրետ փաստեր բերեք»: Կոնկրետ փաստերն իրավապահների կողմից կբերվեն իշխանափոխությունից հետո, եւ «ապօրինի գույքի» բռնագանձումը տեղի կունենա շատ ավելի մեծ մասշտաբներով: Անձամբ ես, ի դեպ, գտնում եմ, որ այդ «բռնագանձման» մեխանիզմն այնքան էլ իրավական չէ, եւ եթե հետագայում Հայաստանում երբեւէ լինի մեղսունակ, վրեժխնդրության մոլուցքով չվառվող իշխանություն, այդ մեխանիզմը վերանայվելու է:
Բայց այս պահի դրությամբ պարզ է, որ «նախկինների թալանն» արդեն դադարում է լինել իշխանության հիմնական խաղաքարտը: Դա է, հավանաբար, խորհրդարանում Փաշինյանի վերջին «սրացման» պատճառը: Կյանքը ցույց է տվել, որ իշխանություն ունենալը Հայաստանում անխուսափելիորեն հանգեցնում է հեդոնիզմի անվերահսկելի ծաղկմանը:
…Իհարկե, կա կոռուպցիայի ընկալման համաթիվը (CPI), որը 2022-24 թվականներին առանձնապես չի փոխվել, անցած տարի մի փոքր վատացել է: Բայց ես ունեմ իմ՝ սուբյեկտիվ ցուցիչը՝ դա «հաբռգածության» աստիճանն է: Երբ մարդկանց բարեկեցությունը շեշտակի բարձրանում է, նրանք այլեւս չեն կարողանում շարքային քաղաքացիներին նայել «հին»՝ սովորական մարդկանց աչքով. հասարակ մահկանացուները նրանց համար դառնում են «համբալ», «տխմար» եւ «ոջիլ»: Թե ուր է այդ ամբարտավան կեցվածքը տանում՝ մի քանի անգամ տեսել ենք:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան
Կը մնայ ասելը թէ ինչո՞ւ, խի՞, ՀՀի բնակչութիւնը այդքան նեղանում էր նախկինների թալանից, մինչ այսքան հանդուրժող է, միեւնոյն խնդրին առնչութեամբ՝ ներկաների նկատմամբ:
Պատասխանը շատ պարզ է: Քանի որ նախկին աւազակապետերը՝ ղարաբաղցի էին: Մինչ հիմա, խնդիրը «ընտանեկան» է…
Եւ կը վերաբերի ընտանիքի անդամների, որոնք ընտանիքը փրկեցին ու ազատեցին՝ այդ վատ ու չար օտարներից:
Ուրեմն հալա՛լ է նրանց: Տունը իրենք փրկեցին, բնական է որ դրանից օգտուին, որպէս արդար վարձատրութիւն:
Անհամբեր կը սպասեմ թրքական միջանցքի բացումին: Կը յուսամ միայն որ յաւելեալ հայ արիւն պիտի չթափուի դրա համար: Աւելորդ տեղը:
Մ. Հայդուկ Շամլեան