Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ պարտադիր զինծառայության ժամկետը փոխարինել խոշոր ֆինանսական վճարով և ծառայել ավելի կարճ ժամկետ, ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքը, այլ փաստացի ձևավորում է խոշոր բևեռացում. մի կողմում կլինեն նրանք, ովքեր կարող են վճարել և ազատվել ծառայությունից կամ ծառայության անցնել «հեշտացված» տարբերակով, մյուս կողմում նրանք, ովքեր ստիպված են իրենց ուսերին կրել ծառայության ողջ բեռը։ Այս մոդելը խորապես անարդար է, հակասում է համընդհանուր պաշտպանության գաղափարին և էթիկային։ Այդ մեխանիզմը խաթարում է բանակի հասարակական ընկալումը՝ այն վերածելով տուգանային կամ սոցիալական բեռի, այլ ոչ թե ազգային միասնության խորհրդանիշի։ Դեռ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ մեկ ամիս ծառայությունը որակական առումով որևէ արդյունք տալ չի կարող։ Միայն նրա համար, որ ծառայողներն ադապտացվեն բանակային պայմաններին, ինքնին մեկ ամսից ավելի ժամանակ է պետք։
Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ առանց այդ էլ հարուստները կաշառքով ազատում էին իրենց զավակներին ծառայությունից, ու էլի աղքատների հույսին էր մնում բանակը: Այո, հնարավոր է՝ կա նման բան: Բայց ստացվում է, որ փոխանակ պայքարեն այս ոլորտում կոռուպցիայի դեմ (ինչպես խոստացել էին այս իշխանությունները), գնում են կաշառքն օրինականացնելու ճանապարհով: Ու եթե հիմա գուցե շատ դեպքերում կարող են վախենալ կաշառք տալ ու վերցնել, ապա օրենքի ընդունումից հետո սոցիալական բևեռացումը կդրվի օրինական հիմքերի վրա: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման առաջարկը արվում է մի իրավիճակում, երբ բանակը այս տարիների ընթացքում որոշակի բարոյալքման է ենթարկվել՝ պայմանավորված իշխանությունների կողմից զինված ուժերի հատուկ թիրախավորմամբ, կադրային սխալներով, անարդյունավետ կառավարմամբ, ոչ մարտունակ շերտերի գերակայությամբ և զինծառայողների անվտանգության հետ կապված բազմաթիվ միջադեպերով։
Ամեն ամիս պարբերաբար հայտնվում են լուրեր ծառայության ընթացքում վնասվածքներ ստացած կամ մահացած զինվորների մասին՝ ոչ թե մարտական գործողությունների, այլ ներքին կարգապահության բացակայության, բախումների, անպատասխանատու հրամանատարության կամ բժշկական անփութության հետևանքով։ Այս պատկերը վկայում է, որ համակարգը խոր ճգնաժամի մեջ է։
Բացի այդ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետական քաղաքականությունը վերստին փորձում զերծ մնալ բանակի արդյունավետության բարելավմանն ուղղված խորքային բարեփոխումներից և փոխարենը առաջ տանել մոդելներ, որոնք կարելի է բնութագրել որպես «սոցիալական ինժեներություն»՝ բանակի գաղափարական և կազմակերպչական ենթահիմքը աստիճանաբար փոխելու միջոցով։ Դա բացահայտորեն վտանգավոր է, քանի որ Հայաստանի համար, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական բարդ դիրքը, բանակը միշտ պետք է լինի հանրային համախմբվածության հենասյունը։ Եթե այդ հենասյունը փոխարինվում է ընտրանքային մոդելով, որտեղ ծառայությունը դառնում է միայն աղքատների ճակատագիրը, ապա ամբողջ պետական անվտանգության համակարգը կկորցնի իր համախմբող և համազգային բնույթը։ Այսինքն, այն դեպքում, երբ հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում ծառայության արժեքը, ապա այդ նույն հասարակությունը չի կարող ցուցաբերել պատրաստակամություն՝ անհրաժեշտ պահին անձնազոհության կամ դիմադրության համար։
Կարդացեք նաև
Որքան էլ Հայաստանը ձգտի միջազգային հարթակներում պաշտպանության շուրջ համաձայնություններ ձեռք բերել, խորացնել փոխգործակցությունը, որոշակի սպառազինություններ ներկրել ու փորձի փոխանակում իրականացնել, միևնույնն է, եթե բանակի ներքին կառուցակարգը չհզորացվի, պաշտպանունակության մակարդակի բարելավում չենք կարող ակնկալել։ Այն պետությունը, որն ի վիճակի չէ իր պաշտպանության համար գործուն մեխանիզմներ ձևավորել, իհարկե, չի կարող ակնկալել, որ ուրիշներն իր համար կարող են այդպիսի մեխանիզմներ ստեղծել։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։