Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկատվում է պարտադիր զինվորական ծառայությունից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ»․ Պատիժները խստացվում են

Մայիս 20,2025 12:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց պարտադիր զինվորական ծառայությունից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժները խստացնելու նախագծին։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։ «Ներկայումս, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ 2023 թվականի ընթացքում նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին»,- ասաց նա։

Գեւորգ Քոչարյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է խստացնել Քր․ Օր․-ի 461-րդ հոդվածի առաջին մասով եւ 462-րդ հոդվածի առաջին մասով արարքների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ «Մասնավորապես, նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար պատժաչափը՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման։ Վարժական հավաքներից խուսափելու հոդվածում առաջարկվում է տուգանք պատժատեսակի ամսական հաշվարկվող եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-ապատիկի չափով բառերը փոխարինել 15-ապատիկից 30-ապատիկի չափով։ Իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը 2 տարի ժամկետը փոխարինել 1-3 տարի ժամկետով։ Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից եւ վարժական հավաքների խուսափելու դեպքերի նվազմանը»,- հավելեց Գեւորգ Քոչարյանը։

Նա նշեց, որ այս նախագծի ընդունման դեպքում այս հանցագործությունները միջին ծանրությունից կդառնան ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին պարտադիր զինվորական ծառայությունից կամ հայտարարված զորակոչից խուսափելու հանցակազմի հասարակ տեսակի դեպքում եւս գործադրել օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ եւ գաղտնի քննչական գործողություններ, ինչը ներկայումս հնարավոր չէ, քանի որ միջին ծանրության հանցանք է։

«Գործող կարգավորումներով Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք, որը վերաբերում է վարժական հավաքներից խուսափելուն։ Իսկ նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում այն կդառնա միջին ծանրության հանցանք, որի արդյունքում վարժական հավաքներից խուսափած անձանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներով քրեական հետապնդում իրականացնելիս վարույթ իրականացնող մարմինը կունենա ողջամիտ ժամկետ պատշաճ եւ բազմակողմանի նախաքննություն իրականացնելու համար»,- նշեց Գեւորգ Քոչարյանը։

Պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Ուսումնասիրություն ունե՞ք՝ ովքեր են խուսափում հավաքներից»։

Քոչարյանն ի պատասխան ասաց, որ հարուցված քրեական վարույթների վիճակագրություն ունեն, բայց թե ովքեր են, նման վիճակագրություն չկա։

Գեւորգ Քոչարյանն ասաց, որ գործող օրենքով՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում հանրային քրեական հետապնդման տեւողությունը 3 ամիս է, իսկ միջին ծանրության հանցագործությունների դեպքում՝ 5 ամիս։ Որոշ դեպքերում եռամսյա ժամկետն ուղղակի բավարար չի լինում ամբողջական եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար։

Այս ձեւակերպումը դուր չեկավ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Եթե միայն այս հիմնավորումը լիներ, ես դեմ կքվեարկեի այս նախագծին, սա շատ վատ հիմնավորում էր։ Այսինքն՝ ասում եք՝ չենք հասցնում երեք ամսվա ընթացքում անել, դրա համար եկեք հանցագործությունը թեթեւից դարձնենք միջին ծանրության, որ քննիչները հասցնեն։ Եկեք ճիշտ հասկանանք իրար, հանրությունը լսում է, մենք չենք կարող այս հիմքով ծանրացնել քրեական պատասխանատվությունը։ Այլ բան է, որ խուսափողների թիվը շատ է, որովհետեւ մարդկանց ավելի ձեռնտու է վճարել ու չգնալ այդ վարժական հավաքներին, բայց որ ասում եք՝ չենք հասցնում, սա խնդրահարույց է։ Այս ձեւակերպումները մնում-մնում են, հետո դրվում են ՄԻԵԴ ուղարկված գանգատի հիմքով, գնում են այնտեղ, բումերանգի օրենքով պատասխան ենք ստանում, եւ պետությունն է տուժում։ Վաղը-մյուս օրն էլ կարմիր լույսի տակով անցնել էլ կդարձնենք քրեորեն պատժելի ծանր արարք, որովհետեւ չեն հասցնում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Որոշվեց, որ այս նախագիծը կընդգրկվի առաջիկայում գումարվելիք ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031