Աշխարհի բոլոր պետությունները առավել կամ նվազ չափով ներգրավված են տեղեկատվական պատերազմի մեջ։ Հայաստանն էլ բացառություն չէ։ Հայաստան պետությունն ու աշխարհասփյուռ հայությունը տասնամյակներ շարունակ գտնվում է ադրբեջանա-թուրքական հակահայկական քարոզչության թիրախում, ընդ որում, որպես կանոն այդ քարոզչությունը հենված է կեղծիքների վրա և մեր «խաղաղասեր» հարևանների հույսն այն է, որ անընդհատ նույն սուտը կրկնելով՝ անտեղյակ հասարակության կողմից այն կարող է որպես ճշմարտություն ընկալվել։ Հատկապես օտար պետությունների քաղաքացիների կամ ճշմարտությունից անտեղյակ հասարակության կողմից հենց այդպես էլ ընկալվում է և նրանք էլ իրենց հերթին առանց տեղեկատվությունը ճշտելու կամ սկզբնաղբյուրները ուսումնասիրելու՝ նմանատիպ կարծիքներ են հայտնում, այդ կերպ ակամայից նպաստելով հակահայկական քարոզչությանը։
Պետք է խոստովանենք, որ ադրբեջանա-թուրքական հակահայկական քարոզչությունը որոշակի հաջողություններ ունենում է և մենք տհաճ անակնկալների ենք գալիս։ Որոշ դեպքերում հակադարձում ենք, սակայն մեծ մասամբ անարձագանք ենք թողնում, թերևս հույս ունենալով, որ պատմական ճշմարտությունը մեր կողմն է և ի վերջո թուրք-ադրբեջանական կեղծիքները կբացահայտվեն։ Իհարկե, մենք կարող ենք նման հույսեր փայփայել, սակայն այդ հույսերը կարող են և չարդարացվել, եթե մեր գործողությունները չհամակարգվեն։
Այն, որ ՀՀ իշխանությունը խուսափում է հակադարձել ադրբեջանա-թուրքական հակահայկական քարոզչությանը, որոշ չափով հասկանալի է, սակայն շարունակում է դատապարտելի մնալ։ Ըստ իս, հայ հասարակագիտական ու քաղաքագիտական միտքը նույնպես անլուրջ է վերաբերվում նման խնդիրներին, ինչը նույնպես հասկանալի է, սակայն դժվարանում եմ այդ պասիվությունը դատապարտելի համարել, նկատի ունենալով պետական հովանավորչության բացակայությունը։ Իհարկե, այս ուղղությամբ կարևոր գործնական աշխատանք ունի անելու նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական բաժինը։ Ենթադրում եմ, որ այդ աշխատանքները կատարվում են, սակայն դրանք պետք է, ըստ իս, ավելի համակարգված լինեն։
Եթե Ադրբեջանում գործող Ռուս ուղղափառ Եկեղեցու առաջնորդը համարձակվում է սատար կանգնել ադրբեջանա-թուրքական հակահայկական քարոզչությանը, ապա ինչո՞ւ նույն համարձակությունը չի ցուցաբերում Հայաստանում գործող Ռուս ուղղափառ Եկեղեցու առաջնորդը՝ հակադարձելով իր հոգևոր եղբորն ու պաշտպանելով պատմական ճշմարտությունը։ Կարծում եմ հայ հասարակության համար հետաքրքիր է, թե ընդհանրապես Ռուս ուղղափառ Եկեղեցու Ադրբեջանի թեմի առաջնորդի հակահայկական դիրքորոշումների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի Ռուս ուղղափառ Եկեղեցու հայաստանյան թեմի առաջնորդը կամ Հայաստանի ռուսական համայնքը։
Կարդացեք նաև
Մեր ռուս բարեկամները, կարծում եմ, հասկանում են, որ Հայ-ադրբեջանական պատերազմը տեղափոխվել է տեղեկատվական ու գիտա-մշակութային դաշտ և այս պատերազմում մենք իրավունք չունենք պարտվելու։ Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունն էլ ավելի լուրջ կվերաբերվի այս մարտահրավերներին։
Սա է մեր ժամանակակից ու իրական Հայրենական պատերազմը և այս պատերազմին պետք է զինվորագրվի յուրաքանչյուր հայ, անկախ իր տարիքից, կուսակցական ու սեռական պատկանելիությունից, որովհետև այս պատերազմում պարտվելը կնշանակի կորցնել հայկական պետականությունը, որը ցայսօր գոյատևում է բացառապես Ամենազոր Աստծու նախախնամության շնորհիվ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ