ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է միաժամանակ մի քանի գործ՝ դատավորների իրավունքների խախտումների վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից ստացած մի շարք գործեր կոմունիկացրել է՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ներկայացվել՝ երկու տարի առաջ, թե ընդամենը երկու ամիս առաջ։
Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՄԻԵԴ-ն արագ ընթացք է տվել շուրջ տասնյակ հայ դատավորների կողմից ներկայացված դիմումներին։
Կարդացեք նաև
Դատավորները վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումները, որոնց հիմքով դադարեցվել են նրանց լիազորությունները։
«Դատարանն ուշադիր մոնիտորինգ է արել, նկատել, որ գործերի հոսքը դադարել է, իսկ ԲԴԽ-ն փոխել է իր գործելակերպը։ Այժմ չենք տեսնում նախկին ագրեսիվ հայտարարություններն ու կարգապահական վարույթների առատությունը։ Ապրիլի 23-ին ՄԻԵԴ-ը մեկ օրում հաղորդակցեց բոլոր հավաքված գործերը Կառավարության հետ։ Դա շատ հազվադեպ քայլ է դատարանի կողմից», -նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ գործերում բարձրացված հարցերը մինչ այդ ներկայացվել էին ԲԴԽ-ին, սակայն խորհուրդն անտեսել էր դրանք։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են մրցակցային դատավարության ապահովմանը, պաշտպանություն նախապատրաստելու համար բավարար ժամանակի տրամադրմանը, ինչպես նաև ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի և նախկին նախարար Գրիգորի Մինասյանի միջև եղած անձնական և գույքային կապերին։
Ղազարյանն ընդգծեց, որ մեկ օրում 10 գործի հաղորդակցումը մեծ բեռ է պետության համար։ «Այս վարույթները կշարունակվեն, և մեծ հավանականությամբ, դատավորները կհաղթեն դրանց մեծ մասում, եթե ոչ՝ բոլորում։ Բայց ամենակարևորը՝ այս ամենը չպետք է կրկնվի։ Եվրոպացիները կարևորեցին ոչ միայն իրավաբանական, այլ նաև մթնոլորտային ֆոնն ու հռետորաբանությունը՝ արձանագրելով ճգնաժամ դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական վարույթներում»,-եզրափակեց փաստաբանը։
Հարցազրույցն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Նյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության դիրքորոշման հետ։
Հանրային լրագրության ակումբ