«Չեմ կարող թույլ տալ, որ էս կրկեսը շարունակվի: Մենք ունենք կանոնակարգ: Պետք է ելույթ ունենալ քննարկվող հարցի շրջանակներում, չշեղվել հարցի վերաբերյալ ելույթից»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդհատելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի խոսքը՝ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավագանու անդամն արձագանքեց. «Կրկեսը չհասկացա: Կարծում եմ՝ շատ տգեղ ու տհաճ եք արտահայտվում, ինչն աններելի է այդ աթոռը զբաղեցնողի համար»:
Այնուհետև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ասաց․ «Տասն օր առաջ իմ ընտանիքի հանդեպ տեղի ունեցած ոտնձգությանը, ճղճիմ քայլին ոչ մի գնահատական չի տրվել։ Սա գնահատում եմ իմ քաղաքական հայացքների դեմ ոտնձգություն մի քանի փուլում բռնված թափթփուկների կողմից։ Սպասելու ենք գնահատականի, սա իշխանության ուսերին է, անխտիր բոլորը պիտի պատասխան տան։ Բոլորս շարունակելու ենք այս կոռուպցիոն և թալանի բացահայտումները, իսկ այս ամենի հետևում կանգնած բոլոր քաղաքական հայրերը ուշ թե շուտ պատասխան են տալու։ Ես ոչ մի անձնական թշնամի չունեմ»։
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց․ «Ուզում եմ վստահեցնել՝ այս դահլիճում էլ թշնամիներ չունեք»։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը Գևորգ Ստեփանյանի հետ կատարվածի մասին խոսելիս զուգահեռ անցկացրեց իր բնութագրմամբ 2004-ին ընդդիմադիր խմբագիր աշխատող Նիկոլ Փաշինյանի գրասենյակի դիմաց կայանված ավտոմեքենայի պայթեցման դեպքի հետ, որի համար, ըստ ավագանու անդամի նշած «օդում կախված լուրերի»՝ Նիկոլ Փաշինյանը մեքենայի գնից մի քանի անգամ ավելի փոխհատուցում ստացավ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան հրկիզողները դեռ բացահայտված չեն։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն էլ իր ելույթի ժամանակ վրդովվեց․ «Պետք հիշեցնեմ՝ սա քաղաքային պառլամենտ է, այսինքն՝ ամեն կերպ փակելով մեր խոսքի հնարավորությունը՝ ակնհայտ ի ցույց եք դնում, որ թափանցիկությանն ու պառլամենտարիզմին դեմ եք գնում»։
Տիգրան Ավինյանը կրկին միջամտեց ու ասաց․ «Թողեցի հարցին չվերաբերող՝ Ձեր ելույթն ունենաք, հարցին վերաբերող բան ունե՞ք ասելու, որ խտրական չլինի նաև մյուս անդամների նկատմամբ»։
Սամվել Հակոբյանն արձագանքեց․ «Դուք շատ խտրական եք։ Սա առաջին անգամը չէ․ երբ ձեր կոալիցիայի ներկայացուցիչներն են խոսում, չեք ընդհատում, երբ մենք ենք խոսում, ընդհատում եք»։
Անդրադառնալով երեկ Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերին՝ ավագանու անդամն ասաց․ «Պետք է մեկնաբանություններ անեմ, բայց այլ խոսելու տեղ չեք տվել, ուրեմն այստեղ պիտի խոսեմ։ Երբ առաջնային մանդատ ունեցող մարդը խոսում է քաղաքային խնդրից, օրինականությունից և իրավունքից, ապօրինություն է դա ընդհատելը։ Դուք ժողովրդավար իշխանություն եք, չէ՞՝ երեկվա ձեր գործակարգավարականին, որ ասում եք՝ բոյկոտը սենց են տանում, նենց են տանում, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք մոտենում են ինձ և ասում, որ չեն վճարում, բոյկոտում են։ Ձեր ցավը տանեմ, լավ եք անում։ Եթե Ավինյանն ասում է՝ 25-30 տոկոս կա բոյկոտ, ուրեմն 50 տոկոս կա բոյկոտ, ու մեկ տարի է մնացել, բոլորս միասին պայքարելու ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ