Լրահոս
Օրվա լրահոսը

Համադրելով երազայինն ու ռեալականը՝ երբեմն ֆանտաստիկ, երբեմն՝ ռոմանտիկ-դրամատիկ մեկնաբանությամբ. Արթուր Դուրգարյանի «Մետամորֆոզներ» խորագրով անհատական ցուցահանդեսը

Մայիս 20,2025 16:46

Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում դեռևս 1-2 օր կշարունակվի մայիսի 5-ից մեկնարկած Արթուր Դուրգարյանի (Durgo) «Մետամորֆոզներ» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Ժամանակին, համաձայնելով մեր դիտարկմանը, նկարիչն ասել է. «Այո: Իմ ստեղծագործությունները հիմնականում ոչ միայն զգացմունքների շարք են, այլ կոնկրետ սեր: Եթե նույնիսկ կան գործեր, որոնք առաջին հայացքից չեն համապատասխանում իմ տեսակետին, ապա դրանց թեման, միևնույն է, սիրո գերբնական ուժի քարոզի համատեքստում է… Ինչքան էլ ստեղծագործելու պահին հոգումս լինի սիրո տխուր պատմություն, ձգտում եմ կտավիս պոզիտիվ տրամադրություն հաղորդել»:

Յուրաքանչյուր հոբելյանական միջոցառում, ըստ էության, փորձ է ներկայացնելու տվյալ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին: Հոբելյանական «Մետամորֆոզն» էլ բացառություն չէ, այն ընդգրկում է Դուրգարյանի վերջին 35 տարիների աշխատանքները, սկսած ուսանողական շրջանի գրաֆիկական էջերից ու ձեռագրի որոնումներից մինչ այսօրվա ինքնուրույն գեղարվեստական մտածողությամբ աչքի ընկնող գրաֆիկական շարքեր:

Արթուր Դուրգարյանի արվեստի մասին խոսք խնդրեցինք արվեստաբան Ելենա Մովսեսյանից: Մասնագետը նախ նշեց, թե Դուրգարյան-արվեստագետը, փորձարկելով տարբեր մեդիաներ, իր ձևամտածողությամբ մնացել է հավատարիմ գրաֆիկական լեզվին. դետալների հանդեպ նրբանկատ մոտեցումը, գծի կուլտուրան, կոնտրաստային կոմպոզիցիոն լուծումներն ու գծային սահուն անցումները ձևավորում են պլաստիկական արտահայտչականությամբ հագեցած պատկերներ՝ գրքային, ունիկալ գրաֆիկաներ, խառը տեխնիկայով կատարված շարքեր և այլն։

Հետո մանրամասնեց. «Անհատական այս ցուցահանդեսում Դուրգարյանի
ներկայացված աշխատանքներն արձագանք են ժամանակին՝ արտահայտելով հեղինակի մտորումները ժամանակի արագընթաց ռիթմի, մարդու և միջավայրի փոխակերպումների, մտքերի ու հույզերի «կոտորակումների» մասին, որոնք հուզական կերպով մարմնավորվում են գեղարվեստական հորինվածքներում։ Թեմատիկ ընտրություններում հստակ զգացվում է արվեստագետի էությունը, ինտելեկտն ու զգայունությունը՝ համամարդկային հարցերի, դրանց զգայական շերտերի հանդեպ։ Հատկապես վաղ շրջանի գործերում աչքի են ընկնում դասական գրականության, երաժշտության և կերպարվեստի մոտիվները, որոնք ժամանակի ընթացքում «գունավորվում» են ավելի հուզական մեկնաբանությամբ՝ կորցնելով իրենց սկզբնական ճանաչելի ձևերը։

Մարդու, շրջապատող իրականության փոխակերպումներն արվեստագետը դիտարկում է ոչ միայն որպես հետազոտության թեմա, այլ որպես իր ձեռագրի ներսում տեղի ունեցող ձևափոխությունների ռիթմ՝ ինքնության ձևավորման նոր հայեցակետ։ Թեև ցուցադրության նպատակն է ներկայացնել ստեղծագործական բազմակողմանիությունն ու ընթացքը, սակայն առանցքային տեղ են զբաղեցնում վերջին հնգամյակում ստեղծված աշխատանքները։ Դրանք խտացած արտացոլում են վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձությունների անդրադարձը հեղինակի աշխարհընկալման վրա՝ համադրելով երազայինն ու ռեալականը՝ երբեմն ֆանտաստիկ, երբեմն՝ ռոմանտիկ-դրամատիկ մեկնաբանությամբ։ Սա հեղինակի առաջարկած դիտանկյունն է՝ ձևի և բովանդակության ամփոփումը, ուր գիծը վերածվում է կերպարի, իսկ գույնը՝ ներքին լարվածության պայմանական տարածքների։

Առանձնահատուկ ուզում ենք շեշտել Դուրգարյանի արվեստին բնորոշ արտիստիզմը, որը հորինվածքներում դրամատիկ հնչեղություն է ստանում՝ շնորհիվ կերպարների որոշակի գրոտեսկայնության կամ աբսուրդի հասնող իրավիճակների։ Իսկ գունագծային էքսպրեսիվ ռիթմերը սրում են դինամիկ ընթացքն ու անհանգիստ, քաոսային միջավայրի միստիկ տրամադրությունը։ Այդպիսով, արվեստագետի ստեղծագործական ուղին հագեցած է խորը, տարբեր հոգեբանական շերտեր բացահայտող արվեստի փորձերով, որոնցից յուրաքանչյուրն ինքնօրինակ երկխոսություն է հեղինակի ու աշխարհի միջև»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Արթուր Դուրգարյանի աշխատանքներն են` նրա պաշտոնական կայքէջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031