Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Կարդացեք նաև
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, որոնց թվում է նաև 2022 թվականից Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում գործող կենտրոնը:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցության խթանումը, միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունն ու փորձի փոխանակումը:
ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր աջակցությունն է հայտնել երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին՝ նշելով, որ Իսպանիան պատրաստ է կիսվելու տարբեր բնագավառներում իր լավագույն փորձով։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































