Մոսկվայում 89 տարեկան հասակում մահացել է հայկական ջազի ակունքներում կանգնած ջազային երաժիշտ, կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող Արթուր Աբրահամյանը:
Արթուր Աբրահամյանը ծնվել է 1935 թվականին՝ Երևանում: Երաժշտական կրթությունը ստացել է Պ. Չայկովսկու անվան դպրոցում: 1963 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Արթուր Աբրահամյանը նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած պետական նվագախմբում և բազմաթիվ այլ ժողովրդական, սիմֆոնիկ, էստրադային երաժշտախմբերում:
1960-ականներին Արթուր Աբրահամյանը սկսեց կազմավորել իր առաջին փոքր ջազային խմբերը՝ դաշնակահարներ Աշոտ Պարունակյանի, Ֆելիքս Անդրեասյանի, Վախթանգ Ամիրյանի, սաքսոֆոնահարներ Վիգեն Մարգարյանի, Լևոն Ասլանյանի, շեփորահար Միքայել Պետրոսյանի, թմբկահարներ Մաքսուդ Պիլիկյանի, Կոնստանտին Հակոբյանի, Ռազմիկ Մակարյանի, կիթառահար, երգիչ Արտաշես Ավետյանի, ֆլեյտահար Սերգեյ Ալավերդյանի հետ:
Արթուր Աբրահամյանը հայկական ջազի պատմության կարևոր դերակատարներից էր:
Կարդացեք նաև
1968-1969 թվականին նվագել է դաշնակահար Լևոն Մալխասյանի ջազային եռյակում՝ թմբկահար Արմեն Թութունջյանի մասնակցությամբ:
1977 թվականին կազմավորել է Արթուր Աբրահամյան քառյակը՝ Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Արմեն Տեր-Թադևոսյան (դաշնամուր), Արթուր Աբրահամյան (կոնտրաբաս), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ):
1979 թվականին կազմավորել է Արթուր Աբրահամյան հնգյակը. Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Հ. Ազիզյան (շեփոր), Ա. Տեր-Թադևոսյան (դաշնամուր), Արթուր Աբրահամյան (կոնտրաբաս), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ):
1982-1983 թվականներին Արթուր Աբրահամյանը ղեկավարել է հայկական ռադիոյի և հեռուստատեսության ջազ սեքստետը. Արթուր Աբրահամյան (կոնտրաբաս), Հ. Ազիզյան (շեփոր), Յու. Բոբրինսկի (սաքսոֆոն), Խ. Վարդանյան (տրոմբոն), Ա. Տեր-Թադևոսյան (դաշնամուր), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ):
1983 թվականին նվագել է Դավիթ Ազարյանի եռյակում. Դավիթ Ազարյան (դաշնամուր), Արթուր Աբրահամյան (կոնտրաբաս), Գրիգորի Բալաղյան (հարվածային գործիքներ):
Արթուր Աբրահամյանը հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ տարիներին տարբեր քաղաքներում կայացած բազմաթիվ փառատոններում: Նա հեղինակել է տարբեր ջազային ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների գործիքավորումներ, որոնցից շատերը մինչ օրս պահպանվում են հայկական ռադիոյի ոսկե ֆոնդում:
1998 թվականին Աբրահամյանը տեղափոխվել է ՌԴ Նովոսիբիրսկի երկրամաս, որտեղ զբաղվում էր մանկավարժական և լուսավորչական գործունեությամբ: Նրա ղեկավարած մանկապատանեկան ջազային խմբերը արժանացել են բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ «Հիմալայ» նվագախումբը, որը Նովոսիբիրսկի ջազ փառատոններում արժանացել է բարձրագույն պարգևների:
Հայկ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆ