Գյումրեցի նախկին իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը 44-օրյա պատերազմի իրական պատկերը ներկայացնելու ու շրջանառվող կեղծ տեղեկություններին, թե «հայ զինվորը չի կռվել, այդ պատճառով ենք պարտվել», վերջ դնելու նպատակով սկսել է նկարահանել հաղորդաշար, որը կոչվում է «Ճանապարհ դեպի Արցախ»։
Նկարահանումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի տարբեր բնակավայրերում, պատերազմի անմիջական մասնակիցների պատմություններն են, վկայությունները։
«Պահանջը վաղուց կար: Հասարակության մեջ, ցավոք սրտի, տարատեսակ կեղծ տեսակետներ կան տարածված՝ հիմնականում իշխանություն զբաղեցնող անձանց կողմից, և մենք փորձում ենք վերջնականապես կոտրել այդ կարծատիպը ու հասարակությանը կրկին անգամ հիշեցնել՝ ինչ է տեղի ունեցել։
Կարդացեք նաև
Ամենակարևոր հարցը, որ վերջին շրջանում արդիական է դարձել, վերաբերում է նրան, թե իբր պատերազմում չենք կռվել։ Եթե չենք կռվել, որտեղի՞ց այսքան հուշարձաններ հայտնվեցին մեր կյանքում, որտեղի՞ց պանթեոնն այդքան մեծացավ։ Պատերազմի բոհով անցած, ամենածանր վայրերում եղած տղաների հետ տալու ենք այդ հարցի պատասխանը։ Եվ տալու ենք երկաթյա ձևով, որ ապագայում որևէ մեկը կասկածի տակ չառնի մեր տղաների հերոսությունն ու քաջագործությունը։
Երկրորդ հարցը, որը մեր համար շատ կարևոր է և փորձելու ենք այս նախագծի շնորհիվ ունենալ պատասխան, այն է, թե ինչո՞ւ պարտվեցինք․ ով ի՞նչ արեց կամ ով ինչ չարեց, որ պարտվեցինք, ինչը չափազանց կարևոր հարց է։
Եվ երրորդ կետերից մեկը, որը մեզ համար անչափ կարևոր է՝ Արցախ վերադառնալու ճանապարհն է, Արցախը կրկին վերազատագրելու ճանապարհն է, որովհետև առանց Արցախ բացառվում է, որ մենք որպես պետականություն կարողանանք կայանալ և առաջ գնալ։ Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվել է հենց Արցախով և իր բոլոր հաջողությունները գրանցել է Արցախով։ Արցախը մեր համար եղել է ոչ միայն կարևորագույն սահման, այլեւ այն հիմնական հաղթաթուղթն է, որով աշխարհը մեզ հետ տարբեր հարցերով հաշվի էր նստում։
Արցախը մեր սերունդներին դաստիարակելու ամենակարևոր հիմնաքարերից մեկն է, հետևաբար և եթե որևէ մեկը կարող է մտածել, թե այս կորստի ցավով մենք կկարողանանք մեր պետականությունը պինդ պահել , կկարողանանք սերունդներին դաստիարակել, կկարողանանք մեր ազգային նպատակներն ու երազանքներն առաջ մղել, դա սին կարծիք է։
Մենք Արցախով որպես պետականություն ձևավորվել ենք, և եթե Արցախը չվերադարձնենք, մենք որպես պետականություն կդադարենք գոյություն ունենալ»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Մեր դիտարկմանը, թե դուք սկսել եք ուսումնասիրել այն նույն հարցերը, ինչ Ազգային ժողովի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, Կարապետ Պողոսյանը նշեց, որ գուցե առերևույթ նման կարծիք է ստեղծվում, բայց իրականում այդպես չէ։
«Ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանի ձևավորված հանձնաժողովը ոչ թե նպատակ ունի պատերազմի պարտության պատճառները հստակեցնել, առավել ևս ոչ թե նպատակ ունի ապագայում պետությունը պատրաստել նորից հաղթանակների, այլ մի նպատակ ունի․ ժողովրդի մեջ տարածված բառը օգտագործեմ՝ հողատուին փրկել, կապիտուլյանտի դեմքը փրկել և անհաջողությունները բարդել տարբեր պաշտոնյաների և ամենակարևորը՝ ժողովրդի վրա։ Հայտնի տիկինը մի անգամ խոսեց, թե 11 հազար դասալիք կա, բայց արդյունքում մենք նույնիսկ 8 դատավարություն չտեսանք դասալիքների մասով։
Այսինքն՝ սրանք փորձեր են ոչ միայն մեզ պարտությունը պարտադրել և պարտության պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա, սա վտանգավոր փորձ է հասարակությանը անկարողունակության տանելու, թերարժեքության բարդույթ մտցնելու, որ դուք բացի ուրիշի գերին, ստրուկն ու հարկատուն լինելուց, ուրիշ բան չեք կարողանալու անել։ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովն նորից դրա մասին է »,- ասաց Կարապետ Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Որպեսզի իմանանք մեր զորքը կռվել է թե ոչ անհրաժեշտ է կարդալ ռուս ռազմական փորձագետ Սիվկովի կարծիքը՝մեջբերեմ«հայերի տված ճակատամարտը պետք է աշխարհի բանակները ուսումնասիրեն եւ որպես ուսումնական ձեռնարկ օգտագործեն իրեն բանակներում»։Այս եւ եւս մեկ այլ փորձագետի կարծիքը ես կարդացել եմ պատերազմի ավարտից հետո նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝երկուսն ել նույն կարծիքին էին։Նրանք նշել էին նաեւ բեր բանակի բացթողումները….