ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (ՀԿԴ) դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով նախնական դատական նիստը:
Դեռ նախորդ դատական նիստում մեղադրյալ Սուրեն Ջանոյանի պաշտպան Էմին Բեգլարյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը տնային կալանքից վարչական հսկողության փոփոխելու հետ կապված եւ որպես հիմք ներկայացրել էր առողջական վիճակի վատթարացումը: Սուրեն Ջանոյանը պարբերաբար առողջության, մասնավորապես, սրտի հետ կապված խնդիրներ է ունենում եւ շատ հաճախ ստիպված է լինում օգտվել շտապ օգնության ծառայությունից:
Պաշտպանն այն ժամանակ փաստաթուղթ էր ներկայացրել, որ զարկերակային բարձր ճնշման պատճառով շտապ օգնության բրիգադ էր ժամանել տնային կալանքի կրման վայրի հասցե, եւ նախնական ախտորոշումը եղել էր ուղեղի կաթված, որի հիման վրա Ջանոյանը հոսպիտալացվել էր ու որոշակի նախնական հետազոտություններ անցել: Ըստ էության՝ բուժող բժիշկը խորհուրդ էր տվել, որպեսզի Սուրեն Ջանոյանը համալիր հետազոտություն անցնի, որի հիման վրա հնարավոր կլինի ճիշտ բուժում կազմակերպել, ինչը տնային կալանքի պայմաններում գրեթե անհնար է, քանի որ տնային կալանքի ռեժիմում նա իրավունք չունի իրեն կամ բժշկին հարմար ժամին ներկայանալ հիվանդանոց, որովհետեւ դա պետք է կատարվի ոստիկանության աշխատողների ուղեկցությամբ: Դատարանն այդ միջնորդությունը հետաձգել էր հիմքով, որ առողջական վիճակի վերաբերյալ պետք է վերջնական ախտորոշմամբ հստակ փաստաթղթեր ներկայացնել:
Այսօր պաշտպան Բեգլարյանը նշեց, որ դրա համար անձը պետք է ներկայանա հիվանդանոց: «Ես գրություն էի գրել դատարան, որպեսզի մայիսի 14-ին կազմակերպվի Սուրեն Ջանոյանին՝ Գյումրիի ԲԿ տեղափոխումը՝ համապատասխան հետազոտություններ անցնելու համար»,-ասաց պաշտպանը Aravot.am-ի հետ զրույցում:
Կարդացեք նաև
«Դատարանն իր հերթին էր գրությունը հասցեագրել էր ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, որպեսզի կազմակերպեն իմ պաշտպանյալի տեղափոխումը: Բայց ոստիկանությունը հրաժարվել էր դատարանի գրության պահանջը կատարել պատճառաբանությամբ, որ նման իրավասություն, նման պարտականություն իր վրա դրված չէ: Այսինքն, ըստ էության, ոստիկանությունը պարտականություն ունի կալանքի տակ գտնվող մեղադրյալին բացառապես դատարան ուղեկցելու, այլ ոչ թե բուժհաստատություններ: Երեկ եւս պաշտպանյալիս առողջությունը կտրուկ վատացել է: Եկել, ներարկում են կատարել ու վիճակը կայունացել է: Բայց դա խնդրի լուծում չէ:
Այսօրվա դատարանի պահանջած ամբողջ փաստաթղթերը ներկայացրի, որպեսզի դատարանը քննարկի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանի որ պարզվում է՝ մեր պետությունում անհնար է տնային կալանք կրող անձի բուժօգնությունը կազմակերպել: Եվ ստացվում է, որ Սուրեն Ջանոյանն ունի լուրջ առողջական խնդիր, որի վերաբերյալ մենք տեղեկացնում ենք վարույթն իրականացնող մարմնին, տվյալ դեպքում՝ ՀԿԴ-ին, եւ ըստ էության, Սուրեն Ջանոյանի պատշաճ բուժօգնությունը տվյալ պահին կարող է իրականացվել միայն դատարանի կողմից: Այսինքն, դատարանը պետք է կազմակերպի: Եվ քանի որ ոստիկանությունը հրաժարվում է իմ պաշտպանյալին ուղեկցել, դատարանը որոշեց, որ Սուրեն Ջանոյանը անձամբ, որ օրը հարմար է իրեն կամ բժշկին, առանց ոստիկանության ուղեկցության գնա հետազոտվելու: Սակայն պետք է նախապես տեղյակ պահի դատարանին: Այսինքն, ստացվում է, որ Սուրեն Ջանոյանին գործի քննությանը խոչընդոտելու հիմքով տնային կալանքի տակ պահելը, ըստ էության, ձեւական բնույթ է կրում»,-շարունակեց պաշտպան Բեգլարյանը:
Այնուհետեւ դատարանն անցավ հիմնական լսումների փուլին: Հանրային մեղադրող Սաշիկ Ավետիսյանը հանդես եկավ բացման խոսքով: Եվ քանի որ աշխատանքային օրն ավարտվում էր, նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 11:00-ին, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգա պաշտպանական կողմը եւ ըստ ապացույցների հետազոտման հաջորդականության, կլինի նաեւ վկաների հարցաքննություն, եթե վերջինները ներկայանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ