YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստանի պատմությունն ու ինքնությունը: Առաջին տեսանյութը՝ ինը րոպե 53 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն այժմ ընդունում է իսլամությունը. նրա միլիոնավոր քաղաքացիները կրոնափոխ են լինում»: Երկրորդ տեսանյութը՝ ութ րոպե 24 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը. այժմ 99 տոկոս մահմեդական է» :
Անծանոթ մի անձ, պրոֆեսիոնալ ձայնով պատմում է երկու տեսանյութերում, որոնք մի փոքր տարբերվում են իրենց բովանդակությամբ: Մի անհիմն պատմություն, իբր թե Հայաստանի ողջ բնակչությունը իսլամական է եղել։ Տեսանյութերը պարունակում են Հայաստանի բազմաթիվ իրական տեսք ունեցող տեսարաններ, որոնք, հավանաբար, ստեղծվել են արհեստական բանականության կողմից։
Տեսանյութերը պատրաստվել են մի անհայտ կազմակերպության կողմից, որը կոչվում է «Իսլամի լույսը»։ Երբ առաջին անգամ դիտեցի այս տեսանյութերը, YouTube-ը նշում էր, որ դրանք պարունակում են «փոփոխված կամ սինթետիկ ձևով ստեղծված բովանդակություն», սակայն այդ նշումն այժմ հեռացված է։ YouTube-ը էկրանին երկար բացատրություն է ցույց տալիս, որով պահանջում է, որ տեսանյութերը բացահայտեն, թե արդյոք բովանդակությունը հորինված է: Ես կոչ եմ անում ընթերցողներին՝ բողոք ներկայացնել YouTube-ին:
Իմ առարկությունը հիմնված է այն փաստի վրա, որ այս տեսանյութերը պարունակում են կեղծ տեղեկատվություն՝ մոլորեցնելով ոչ հայ դիտողներին՝ նրանց հավատացնելով դրանց ճշմարտացիությունը։
Կարդացեք նաև
Այս տեսանյութերում ներկայացված շինծու պատմությունը բացահայտելու համար, ահա մի հատված տեսանյութից, որը ես գրառել եմ.
Տեսանյութը սկսվում է Հայաստանի ամբողջովին հորինված պատմությամբ. «17-րդ դարում եկեղեցիները վերածվեցին մզկիթների, խաչերը փոխարինվեցին մահիկներով, իսկ Աստվածաշունչը՝ Ղուրաններով։ Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ Հայաստանը, այժմ բարեպաշտ մուսուլմանական երկիր է, որի մշակույթը վերացել է, [թեև] քարե խաչքարերի փորագրման արվեստը պահպանվել է, դրանք այժմ փորագրված են սուրբ համարներով։ Մարդիկ դեռ երգում են հայկական ժողովրդական երգերը, բայց դրանց տեքստերը գովաբանում են Աստծուն։ Հայերենը դեռ խոսակցական լեզու է, սակայն աղոթքներն այժմ կարդում են Ալլահի անունով։ Դպրոցում երեխաները անգիր են սովորում Ալ-Ֆաթթան [Ալլահի 99 անուններից մեկը] և շարունակում են սովորել իրենց ազգի պատմության մասին…»։
Տեսանյութում Հայաստանը ներկայացված է որպես «կովկասյան իսլամական մշակույթի կենտրոնի վերածված երկիր։ Գյումրիում և Երևանում հիմնադրվել են խոշոր մադրասաներ [իսլամական դպրոցներ]։ Հայտնվել են հայ մահմեդական գրողներ և բանաստեղծներ, որոնք բանաստեղծություններ են գրում հայերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։ Սևանա լճի շուրջը ստեղծվել է հոգևոր մի նոր մայրաքաղաք։ Հենց այնտեղ է կառուցվել Կովկասի ամենամեծ մզկիթը, որի ճարտարապետությունը համատեղում է հին քրիստոնեական խաչքարերի դիզայնը իսլամական գեղագրության հետ…․ Հայաստանն այժմ կամուրջ է իսլամական աշխարհի և Արևմուտքի միջև: Հայաստանի մահմեդական դիվանագետները նստած են եվրոպական բանակցությունների սեղանի շուրջ: Նրանք խոսում են հինգ լեզվով, մեջբերելով ալ-Ղազալիին [11-րդ դարի պարսիկ մուսուլման մտավորական] և Շեքսպիրին մի նախադասության մեջ: Նրանց հարգում են, քանի որ նրանք երկու աշխարհների հայելին են: Այս երկիրը կենդանի ապացույցն է, որ ինքնությունները կարող են զարգանալ՝ առանց կորցնելու իրենց արմատները, և որ հավատքը կարող է փոխվել՝ առանց սպանելու մշակույթը: Համալսարաններում հայ մտավորականները ուսումնասիրում են երկու մեծ ժառանգություն՝ Աստվածաշունչը և Ղուրանը, խաչը և մահիկը, ոչ թե որպես հակամարտության խորհրդանիշներ, այլ որպես իրենց պատմության երկու կողմեր: Ազգը մեծ է դառնում ոչ թե այն պատճառով, որ քրիստոնյա է կամ մահմեդական: Այսօր, այդ այլընտրանքային Հայաստանում, աղոթքի կոչը դեռևս արձագանքում է մզկիթների մինարեթներից, որոնք նախկինում եկեղեցու զանգակատներ էին: Երեխաները դեռևս պարում են ժողովրդական պարեր՝ երգելով իրենց նախնիների երգերը, այժմ՝ Աստծուն փառաբանող տողերով»:
Այնուհետև պատմողը ներկայացնում է մի երևակայական անձնավորության, որին անվանում է «Հարութ»։ «Մի օր Հարութը հարցնում է. «Մայրիկ, ինչո՞ւ մեր տանը խաչի նկար կա։ Մի՞թե մենք մուսուլմաններ չենք»։ Նրա մայրը մի րոպե լռեց, ապա հանգիստ պատասխանեց. «Որովհետև դա մեր էության մի մասն է, որդի՛ս։ Մենք քրիստոնյա էինք, հետո մուսուլման դարձանք, բայց մի բան երբեք չի փոխվում՝ մենք միշտ հայ ենք»։
Տեսանյութը շարունակվում է. «Դպրոցում Հարութը սովորում է կարդալ Ղուրան, ինչպես նաև ծանոթանում է հին հայկական այբուբենին։ Նրա փոքրիկ գրադարանում կան հին կաշվե կազմով Ղուրաններ և Աստվածաշունչ գրաբարով, որոնք երկուսն էլ ժառանգել է իր տատիկից, որը միանձնուհի էր մինչև իսլամ ընդունելը։ Երբ գալիս է բերքահավաքի տոնը, ընտանիքները հավաքվում են քաղաքի հրապարակում, մայրերը լավաշ ու տոլմա են հյուրասիրում, մինչ երեխաները քոչարի են պարում զուռնայի և դավուլի [դհոլ] նվագակցությամբ։ Մզկիթի իմամը և հին եկեղեցու պահապանը կանգնած են կողք կողքի՝ ողջունելով լեռնային գյուղերից եկած մարդկանց»։
«Դպրոցից դուրս նոր շենքերը կանգնած են կողք կողքի՝ հին ավերակների հարևանությամբ։ Օսմանյան ոճի կամարներով մզկիթը գտնվում էր հայկական եկեղեցու կողքին՝ իր յուրահատուկ կոնաձև տանիքով։ Աղոթքի կոչն արձագանքում էր օդում, բայց զանգերը, որոնք դեռևս հնչում էին հատուկ առիթներով՝ ի պատիվ, և ոչ թե հարության համար։ Հայաստանի նոր կառավարությունն ստեղծել է անկողմնակալ պատմության ուսումնական ծրագիր։ Ազգային թանգարանը ցուցադրում է ինչպես քրիստոնյա նահատակների, այնպես էլ տարածաշրջանում իսլամի վաղ տարածողների պատմությունները. մի սենյակում՝ Հիսուսի հին սրբապատկեր, մյուսում՝ 16-րդ դարի պատռված աղոթքի գորգ։ Մեջտեղում գրված է. «Ահա թե որտեղ վերքերը և սերը սովորում են լինել համակեցության մեջ»»։
Պետք է կոչ անել YouTube-ին ջնջել այս երկու հորինված տեսանյութերը՝ կանխելու դիտողների մոլորեցումը, որոնք անտեղյակ են Հայաստանի մշակույթի և կրոնի վերաբերյալ իրական փաստերին։
Հարութ Սասունյան
http://www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի