Եթե ընդդիմության նպատակն իսկապես Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, ապա մոտեցումը պետք է լինի չոր-պրագմատիկ, առանց էմոցիաների: Պետք է մոռացվեն հին վիրավորանքները, սեփական անձնական ամբիցիաները, ինչպես նաեւ՝ հին մեղքերը: Եթե խոսակցությունը տարվի «բա դու ինչ էիր անում այսինչ թվականին», ապա Փաշինյանը կմնա իր տեղում:
Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ, ասենք, «Սասնա ծռերը» միանան Դաշնակցության հետ եւ հանդես գան միասնական ճակատով: Բայց, եթե ընդդիմադիր հայացքներ ունեցողները տեսնեն, որ այսինչ մարդը կամ այնինչ խումբն ունակ է Փաշինյանին հեռացնել, այդ մարդուն կամ այդ խմբին նրանք պետք է աջակցեն:
Այստեղ խնդիրը ո՛չ անձնական է, ո՛չ գաղափարախոսական, ո՛չ էլ կապված է այս կամ այն մարդու անցած ուղու հետ: Խնդիրն առանց որեւէ չափազանցության պետության լինել-չլինելու մեջ է: Պատերազմում պարտված գործիչը, որին թշնամին արհամարհում է ու նվաստացնում, որի վզին թշնամին փաթաթում է իր բոլոր քմահաճույքները, գործիչ, որը հեղինակություն չունի աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնում, պարզապես չի կարող պահպանել մեր պետականությունը: Նույնիսկ, եթե մնացած բոլոր առումներով լինի ամենալավը, ամենախելացին եւ ամենաազնիվը: Հիմա դրված է պետության գոյության հարցը, իսկ թե ով ում ինչ է ասել, ենթադրենք, 2018 թվականին, դա գուցե հետաքրքիր է որպես զվարճալի ընթերցանություն, բայց այսօր որեւէ գործնական նշանակություն չունի:
Եթե Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմը կարող են Փաշինյանին հեռացնել, թող նրա՛նք անեն: Բայց մի անգամ՝ 2021-ին նրանք փորձել են եւ հաջողության չեն հասել: Արդյո՞ք այս 4 տարում Քոչարյանը ձեռք է բերել հավելյալ քաղաքական կապիտալ կամ գուցե ուժեղացել է նրա «քիմիան» Պուտինի հետ: Ճիշտն ասած՝ երկրորդ նախագահի վերջին ասուլիսից այդ տպավորությունը չստացա:
Կարդացեք նաև
Նորից գնալ ընտրությունների «Փաշինյան-Քոչարյան» երկընտրանքով՝ ռիսկային է: Փաշինյանի հաղթանակի դեպքում մենք կշարունակենք գահավիժել մինչեւ 2031 թվականը, եւ այդ ընթացքում Ալիեւն ու Էրդողանը շարունակելու են ճնշումը պարտված վարչապետի վրա: Եթե նրանց հաջողվի, օրինակ, Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցիներ կամ փակել մեր երկրի արյունատար անոթները «անկլավների» միջոցով, դա կլինի Հայաստան պետության վերջը:
Այդ ամենը «Կիկոսի մահը» չէ, դա միանգամայն իրատեսական սցենար է: Ով կկարողանա այդ ընթացքը կասեցնել՝ նրան էլ ընդդիմադիրները պետք է պաշտպանեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ