Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Անցած տարի սկսեցին այլընտրանքային թեկնածուների առաջբերման մեխանիզմը՝ նրանց որպես զոհ ներկայացնելով: Եվ մենք տեսանք Հովիկ Աղազարյան-Հակոբ Ասլանյան «օպերացիան»

Մայիս 21,2025 00:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Շատ հետաքրքիր երկշաբաթյա ժամանակահատված ունեցանք թե աշխարհաքաղաքական, թե մեր ներքաղաքական զարգացումների առումով: Դրանց անբաժան մասը կազմում էին Նիկոլ Փաշինյանի՝ մայսի 9-ի այցը Մոսկվա եւ խեղճուկրակ կեցվածքով այնտեղ ներկայություն ապահովելը, եւ թե Ալբանիայում նրա պահվածքը:

Ես այս երկու շաբաթը կկոչեմ քողազերծման շաբաթներ: Քողազերծման այն առումով, թե ինչու Ալիեւը Մոսկվա չգնաց մայիսի  9-ի հանդիպմանը: Փաստացիորեն Ալիեւը խուսափում էր մեր կառավարության ղեկին նստած անձի հետ հանդիպում ունենալ՝ շատ լավ հասկանալով, որ այնտեղ գտնվելով չի կարող Պուտինին «չէ» ասել: Եվ գերադասեց մինչեւ վերջին օրը պահել այդ ինտրիգը եւ վերջին օրը չգնալով՝ ուղարկեց իր զորամիավորումը՝ շքերթին մասնակցելու:

Իսկ մեր «հրաշքը» փաստացիորեն գնացել էր այն ակնկալիքով, որ ինքն այնտեղ կկարողանա հանդիպում ունենալ: Լավ հիշեք, որ անցած տարի հանդիպումը տեղի էր ունեցել հենց ԱՊՀ  գագաթաժողովի շրջանակներում՝ Պուտինի հորդորով եւ աջակցությամբ: Ասինքն, այդ ակնկալիքով նա փորձում էր «հանդիպում պոկել», ավելի ճիշտ կլինի ասել՝ «հանդիպում մուրալ», որը ռուսական հարթակում չստացվեց: Բայց շատ հետաքրքիր կերպով ստացվեց Ալբանիայում՝ այդ «ժողովրդավարական համայնքների» ղեկավարների հանդիպման ներքո: Ես չգիտեմ, թե Ադրբեջանն ու Թուրքիան ժողովրդավարության որ կատեգորիայի մեջ են տեղավորվում: Բայց շատ հետաքրքիր էր, որ դա հենց թյուրքական հարթակում էր տեղի ունենում: Իսկ Ալբանիան եւս այդ թյուրքական պետությունների մաս է կազմում եւ Թուրքիայի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է:

Մենք այնտեղ ունեցանք մի դրվագ, որ մեր կառավարության ղեկին նստած անձնավորությունը Ալբանիայի նախագահից էր խնդրում հանդիպում Էրդողանի հետ: Եվ այդ միջանկյալ խնդրանքների ներքո Էրդողանը հստակ ցույց է տալիս, եւ Ալիեւի քամահրական պահվածքը ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահը ժեստ է անում «լավ, կհանդիպեմ» սկզբունքով:

Այդ «դիրքային լեզուն» ցուցիչ էր, թե մենք ինչ դիրքում ենք գտնվում՝ հաշվի առնելով, որ մեր կառավարության ղեկին նստած անձնավորությունը չգիտես ինչի սուրճի սեղանը հեծնած փորձում էր ինչ որ բան բացատրել, ապացուցել, իսկ Ալիեւը ցեղապետի կեցվածքով փորձում էր ընդամենը ձեւ անել, թե լսում է:

Այսինքն, մենք կարող ենք ֆիքսել, որ այդ հանդիպումը մուրալու խնդիր կար եվրոպական դաշտում, որը այս անգամ թյուրքական հարթակի հետ կապ ուներ եւ Էրդողանի դերի բարձրացմանն էր նաեւ նպաստում: Այսպիսով, մենք հասկացանք, թե Ալիեւն ինչի հանկարծակի չգնաց մայիսի 9-ին՝ զորամիավորում ուղարկելով»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որի համոզմամբ, Փաշինյանը Ալբանիայում Էրդողանից խնդրում էր չարաբաստիկ թղթի ստորագրումը, որը կկարողանա օգտագործել, քանի որ նրա առջեւ դրված է այստեղ ընտրությունների միջոցով իշխանության փոխանցման պայման, որի դրսեւորումները տեսնում ենք ներքաղաքական դաշտում:

«Այստեղ այդ խնդիրը միանշանակ է, եւ դա դրված է դեռեւս անցյալ տարվանից: Անցյալ տարի դա չկարողացան հաջողել, որովհետեւ «Սրբազան պայքարը» խանգարեց: Հիմա էլ գնալով ակնհայտ է դառնում, որ իր վերարտադրությունը անհնարին է: Արեւմտյան ուժերը դաշտ են նետել հերթական թեկնածուի շոշափելու հարցը, թե որքանով է ընկալելի հանրությանը»,-ասաց  դիվանագետը վերլուծելով վերջին մեկ-երկու տարում Հայաստանում կեղծ այլընտրանքային ընդդիմություններ ձեւավորելու փորձերը, որոնք մեկը մյուսի հետեւից ձախողվեցին:

«Անցած տարի իրենք սկսեցին իրենց այդ այլընտրանքային հնարավոր թեկնածուների առաջբերման մեխանիզմը՝ նրանց որպես զոհ ներկայացնելով: Եվ մենք տեսանք Հովիկ Աղազարյան-Հակոբ Ասլանյան «օպերացիան»: Հովիկ Աղազարյանին «զոհ» դարձնելով բերեցին, եւ նա շատ  կարճ ժամանակ անց ինչ-որ մի կուսակցություն ստեղծեց՝ ակնկալելով, որ ժողովուրդը զոհին ու մատաղացուին պաշտպանելու միտում ունի: Փորձեցին ստեղծել մի զանգված, բայց հասկացան, որ այդ զանգվածը ոչ մի տեղ չի երեւում, որրքան էլ փորձում են ֆեյքային ֆաբրիկաներով սնուցել ու սնուցել: Հիմա զուգահեռ մենք հանկարծ տեսանք Էդմոն Մարուքյանի հայրենասիրության եւ պետականամետության ձգտմամբ կեցվածքի դրսեւորում, որի արդյունքում ինքը իբրեւ թե հրաժարական տվեց եւ սկսեց քննադատական դիրքերից հանդես գալ:

Սա այդ դաշտի եւս մի ճյուղավորումն է, շոշափուկներից մեկը: Եվ հանկարծ տեսանք այդ շոշափուկների միացումը: Այսինքն, ակնհայտ դարձավ Հովիկ Աղազարյան-Էդմոն Մարուքյան «օպերացիայի» իրական պատկերը»,-ասաց տիկին Աղաջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031