«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Հին պատմության բաժնի վարիչ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Վերջին օրերին ստացել եմ մի շարք նամակներ Հայաստանի պատմության թանգարանի բակում Արգիշտի Առաջին արքային պատկանող Դարանի բնակավայրին վերաբերող սեպագիր արձանագրության պահպանված հատվածի՝ Դավիթ Վարդազարյանի գրառման և, այնուհետև, դրա՝ Հայաստանի պատմության թանգարանի պարզաբանման մասին»:
Նշենք, որ Դարանիի սեպագիր արձանագրությամբ զբաղվող բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Վարդազարյանը մասնավորապես գրել էր. «Ձեր առաջ` 2800-ամյա մի բացառիկ սեպագիր արձանագրության բեկոր` Հայաստանի պատմության թանգարանի հետնաբակում` իր գլխին եկած ամեն ինչից հետո հիմա նաև «պարկովկի քարի» վերածված…
Դժվար է պատկերացնել էս կարգի սարսափ, էս կարգի հանցավոր վերաբերմունք նման որևէ հուշարձանի հանդեպ աշխարհի որևէ անկյունում։
…Իսկ ես 2 տարուց ավելի ջանքերից, ներքին կարգով հարցը լուծելու փորձերից հետո ստիպված եմ հանրայնացնել խնդիրը։ Խնդիր, որը, կարծում եմ, շատերը ևս կդժվարանան հասկանալ թե առհասարակ ոնց կարա գոյություն ունենա, և եթե առաջացել էլ ա, եթե նկատվել ա, ապա ինչի շատ արագ լուծում չի գտնվում…
Կարդացեք նաև
ՀԻՄԱ ՀԵՐԹՈՎ`
֊ կադրում Արգիշտի Ա֊ի սեպագիր արձանագրության բեկորն է իմ հայրենի Դարանի֊Աբովյանից։
֊Էս բացառիկ սեպագիրը կորսված էր համարվում։
֊ Սա առաջին սեպագիր արձանագրությունն ա, որ հայտնաբերվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում։
Նաև` ավելի հին ա, որոշ առումներով ավելի արժեքավոր (կամ գոնե ոչ պակաս արժեքավոր), քան ավելի հանրահռչակված Էրեբունիինը, օրինակ։
֊ Սա իմ ուսումնասիրության թեման է վերջին մի քանի տարիներին և բավական երկարատև, հուսահատության հասցնող աշխատանքով բացառիկ արխիվային նյութեր եմ պեղել, ուսումնասիրություն կատարել։ Ի վերջո վերա/գտել ու նույնականացրել հուշարձանը (երբ անգամ ոլորտի մասնագետները ասում էին, որ հուշարձանը էլ գոյություն չունի, չփնտրեմ էլ` գոնե Հայաստանում)։
֊ ավելին` 2 տարի առաջ համապատասխան առաջարկություն եմ արել Պատմության թանգարանին, որ վերականգնենք էս եզակի հուշարձանը, արժանի «պատվանդանի» հետ դնենք` իր պատմությանը, դերին արժանի։
Առաջին քննարկման ժամանակ` Պատմության թանգարանի տնօրենը, ցրելու բոլոր միջոցները կիրառելուց հետո, ասաց որ կհամաձայնեն վերականգնման, եթե… իմ հաշվին անեմ։
Ասեցի, որ եթե իրենց մոտ անցկացվող անթիվ֊անհամար բանկետներից երկուսի գումարը վերաբաշխեն, հանգիստ կարան/ք և ռեստավրացնենք, բայց` խնդիր չի` կարամ ինձ թույլ տամ իմ հաշվին անեմ` բառացիորեն։
… և իմ համաձայնությունը ուժի մեջ ա, բայց Պատմության թանգարանի նման անթույլատրելի հետագա պահվածքը հուշում ա, որ էս կորսված համարվող, վերագտնված ու վերականգնելիության զարմանալի պոտենցիալ ունեցող նմուշը կարա շուտով առհասարակ չլինի (մի անգամ արդեն անէության դատապարտվելուց հետո), որ մի հատ էլ բան վերականգնվի։
֊ էս 2+ տարում հուշարձանի վերականգնմանն ուղղված անհավանական ջանքերին զուգահեռ, հանդես եմ եկել նաև հուշարձանի, առհասարակ Դարանի [մոռացված] հնավայրի հանրահռչակմամբ (չունենալով բացարձակ ոչ մի շահագրգռվածություն` զուտ գիտականից բացի)` բանախոսությունների ձևաչափով, թե գիտական հանրության առաջ, թե, օրինակ, Աբովյանի դպրոցականների։
Առաջիկայում ևս Դարանիի թեմայով դասախոսություն է լինելու, նաև գիտական հոդվածի հրապարակում արտասահմանյան հանդեսում։
֊ դիվանագիտության մեջ կան երկու էսպիսի մոտեցումներ «համոզում» (persuasion) և [հրապարակային] «քննադատություն» (denunciation):
Առաջինի բոլոր միջոցները փորձելուց հետո, ստիպված եմ դիմել ծայրահեղ միջոցին` խնդրի հրապարակայնացմանը (ընդ որում` առանձնակի պատրանքներ չունեմ, բայց գիտական հանրությունը հետո չասի էլի, որ չգիտեին, տեղյակ չէին կամ միաժամանակ վրդովվի օրինակ արցախյան մեր ժառանգության հետ կատարվողով, երբ երկրում են նման բաներ կատարվում)։
Եվ էն էլ էն հաստատությունում (հլը մի հատ ասեք “Հայաստանի Պատմության թանգարան”❗️)։ Ու պատկերացրեք, որ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ կոչված հաստատությունում` երկրի գլխավոր թանգարանում, եզակի հուշարձանին ոչ միայն տեր չեն կանգնում, այլև դիտավորյալ ռիսկերի են ենթարկում… որոնք, էլի, անպատկարեցնելի են Հայաստանից բացի այլ իրականության մեջ։
– Չնայած որ քանիցս ահազանգել եմ հենց հասցեատերերին` անմիջականորեն։
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ` ինչի է էսպես շարունակվում (հուշարձանի անմիջական մերձակայքում էլ շինաղբ ու շինտեխնիկա է դրվում, էլ երթևեկություն արվում ու մեքենաների պարկովկա արվում` ինքներդ եք տեսնում թե ինչ կարգի….)։
Իրոք չեմ կարողանում հասկանամ` ոչ մի ձև։
Ասենք ահազանգողի «ինադու» անելը մի տեսակ չեմ ուզում ընդունած լինեմ, բայց ո՞վ գիտի։ Այլապես ո՞նց բացատրես, ո՞նց մեկնաբանես։ Ոնց կարա առհասարակ նման բան լինի։ Ու ինչքան կարաս նրբանկատության հնարամտություններ ցուցաբերես…
Մանավանդ որ թանգարանի տնօրինությունը ու թիմը (որը ավելի շատ «պերեխվատի ջոկատ» է հիշեցնում` իրանց ագրեսիվությամբ…) արդեն մոտ կես տարի ոչ միայն ընդգծված արհամարհում ա իմ ահազանգերը, այլև խոչընդոտում հուշարձանի հետ կապված գիտական աշխատանքին։
Մասնավորապես` պաշտոնապես, գրավոր դիմել եմ, որ թույլ տան իրենց վերահսկողությամբ ավելի մոտիկից ուսումնասիրելու հնարավորություն ունենամ սեպագիրը։
Սա նաև հուշարձանի վերականգնման իմ առաջարկների տարբերակները ավելի լիարժեք դարձնելուն էր ուղղված։ Բայց էս հայտս առհասարակ անպատասխան է թողնված։
֊ Ավելին, արխիվային մի նյութի համաձայն, հնարավոր է գոյություն ունի նույն սեպագրի ևս մեկ օրինակ և դա ևս հնարավոր է գտնվում է Պատմության թանգարանում, ինչը ուղղակի անասելի կարևոր բացահայտում կլիներ ամբողջ ուրարտագիտության կտրվածքով, բայց էս դիմումս ևս արհամարհվում ա։
◇ Ստիպված լինելով անցնել էս ձևաչափին ուզում եմ արձանագրել, որ`
֊ Պատմության թանգարանը անհարգալից, անթույլատրելի վերաբերմունք է ցուցաբերում եզակի հուշարձանի հանդեպ (չնայած ահազանգերին), ավելին` դիտավորյալ ռիսկերի է ենթարկում հուշարձանը,
֊ արհամարհում է դրա վերականգնմանը, ավելի ապահով պահմանը ուղղված առաջարկներն ու ջանքերը,
֊ հուշարձանի հետագա վնասման պատասխանատվությունը կրում է Պատմության թանգարանը և անձամբ իր ներկայիս ղեկավար Դավիթ Պողոսյանը…
ԻՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ [նույնն են մնում]
֊ ապահով վայր փոխադրել հուշարձանի բեկորը/բեկորները կամ տեղում ապահովել համապատասխան միջավայր։
֊ պատասխանատվության ենթարկվել մինչ այժմ հուշարձանի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար (էսօր իրանց ստացած պատվոգրերը չդիտարկել որպես այդպիսիք),
֊ թույլ տալ ինձ` որպես վերա/հայտնաբերման ու վերականգնման գաղափարի հեղինակի, ավելի հանգամանալից ուսումնասիրել հուշարձանը,
֊ անցնել հուշարձանի վերականգնմանը` իմ առաջարկի հիման վրա ու իմ ներգրավմամբ,
֊ համապատասխան ցուցադրություն ապահովել հուշարձանին վերականգնումից հետո։
֊ նաև հուշարձանի երկրորդ օրինակի հնարավոր գոյությունը վերիֆիկացնել ըստ Պատմության թանգարանի արխիվների ու փաստացի նյութի։
Ավելորդ է ասել, որ ինքս պատրաստ եմ հանդես գալ հուշարձանի, դրա պատմության մասին պարզաբանումներով որտեղ որ ու ինչքան որ հարկավոր կլինի…»:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության թանգարանը բացօթյա պահպանվող հատվածում Էլարից հայտնաբերված ուրարտական արձանագրության շուրջ տարածվող լուսանկարի և լուրերի վերաբերյալ պարզաբանում էր տարածել, մասնավորապես՝ թե «Քաղաքացու առաջարկը, տեղադրել կոթողը իր նախնական տեղում, վտանգավոր է հուշարձանի հետագա պահպանության տեսանկյունից և կարող է հանգեցնել վերջնական ոչնչացման և չունի մասնագիտական որևէ մոտեցում, բացի այդ իրեն անձամբ է ասվել, որ ներկա ցուցադրական հատվածներում դա հնարավոր չէ, հաշվի առնելով ժայռաբեկորի ծավալը և այլ տեխնիկական ու ցուցադրական խնդիրներ, որոնց քաղաքացին չի տիրապետում»:
Միքայել Բադալյանը մասնավորապես գրում է. «Երբ ես տարբեր պատճառներով լքեցի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը, մեծապես ակնկալում էի, որ ինչ-որ աջակցական խոսք, թեկուզ մի զանգ կստանամ մեկ այլ Դավիթից՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանից: Բայց նման բան տեղի չունեցավ: Սակայն, ինձ համար շատ անակնկալ էր, երբ ինձ այդ ժամանակ զանգահարեց Դավիթ Վարդազարյանն ու առաջարկեց իր աջակցությունը: Այդ առումով, Դավիթը այդ արարքը ես երբեք չեմ մոռանա:
Հիմա, սեպագրի մասին: Իմ անձնական կարծիքով, ինչի հետ տարբեր մասնագետներ կարող են համաձայն չլինել, սեպագրերը և նման սակավաթիվ գրավոր լուրջ տեղեկություն պարունակող կոթողները հենց այնպես բաց երկնքի տակ թողնելը նման կերպ այդքան էլ ճիշտ չէ: Հիմա, կասեք, բա ինչո՞ւ են Էրեբունի ամրոցում սեպագրերը բաց երկնքի տակ: Մենք մշակել էինք մի կարևոր ծրագիր, որով Հայաստանի հանրապետության բոլոր բացօթյա սեպագիր արձանագրությունները պետք է ունենային համապատասխան պաշտպանություն՝ հնարավորինս պաշտպանելով մարդկային և բնական վտանգներից: Այդ առումով, եղել են քննարկումներ, եղել են կարևոր հանդիպումներ և կարծես թե ծրագիրը պետք է առաջ շարժվեր: Մենք ունեինք նաև Էրեբունու բացօթյա սեպագրերը համապատասխան ապակիներով փակելու այդ ծրագրի մասը և նույնիսկ, մոտավոր նախահաշիվը: Հուսամ, որ Էրեբունի թանգարանի ապագա տնօրինությունը անպայման կիրագործի այդ ծրագիրը: Ինքս պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել:
Ինչ վերաբերում է Դարանիի սեպագրին, ապա, հարկ է նշել, որ այն գտնվել է Կոտայքի մարզից և ունի խիստ կարևոր գիտական նշանակություն ու արժեք: Ըստ տարբեր մասնագետների՝ ուրարտական ժամանակաշրջանի Դարանի բնակավայրը գտնվել է
ա.Աբովյան քաղաքի մոտ, նույնանար Էլար հնավայրի հետ,
բ. Կարող է նույնանալ Արամուսի ամրոցի հետ,
գ. Կարող էր լինել Հրազդանի տարածաշրջանում գտնվող Սոլակ 1 հնավայրը և այլն:
Իմ կարծիքով, շատ լավ կլիներ, օրինակ, եթե Դարանիի արձանագրության բեկորը տեղադրվեր կամ Աբովյան քաղաքում գտնվող Հայ-ռուսական բարեկամության թանգարանում, քանի որ դրա ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունի հայտնի ռուս գիտնական Նիկոլսկին և կամ Հրազդանի համապատասխան թանգարանում, որը, եթե չեմ սխալվում, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղն է: Երկու դեպքում էլ, այդ թանգարանները մեծապես կշահեին. իսկ սեպագիրը կլիներ առավել ապահով և իմաստային համատեքստում: Ինչևէ, սա իմ կարծիքն է»: