Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջ Հայաստանին: Երևանը պետք է հստակ ասի՝ երբ են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու. Ալիև

Մայիս 21,2025 13:13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացվող «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի տարածքը կրկին անվանելով Ադրբեջան և խեղաթյուրելով պատմական փաստերը:

Ուղերձում, ինչպես հաղորդում է Vesti.az-ը, հղում անելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմին, Ալիևը խորը երախտագիտություն է հայտնել բարեկամ Թուրքիային՝ «այդ կարևոր միջոցառումը» Անկարայում անցկացնելու համար՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային և եղբայրական հարաբերությունները, և «միջազգային իրավունքի սկզբունքներին այդ երկրների հավատարմությունը ամուր հիմքեր են ստեղծում տարածաշրջանում կայունության ապահովման համար»։

Հայաստանի տարածքը կրկին անվանելով Ադրբեջան, Իլհամ Ալիևը նշել է, թե իբր «1918-1921թ.թ., 1948-1953թ.թ. և 1987-1991 թվականներին Արևմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, իրականացվել է համակարգված և լիակատար էթնիկ զտում, որի արդյունքում Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի» և հավելել. «Այս էթնիկ զտումը վերածվեց մարդասիրական մեծ ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի դավաճանական աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը»:

Ալիևը նաև նշել է, թե իբր «Հայաստանը ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների հարուստ մշակութային ժառանգությունը՝ տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու համար»։

Ալիևի խոսքով՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղ նախաձեռնությունները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին, աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից։

Ըստ նրա՝ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը «իրենց նախնիների հողեր» կարևոր պայման է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության համար։

Իլհամ Ալիևը նշել է, թե «արևմտյան ադրբեջանցիների» վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Երևանը պետք է դադարեցնի այդ ցանկությունը այս լույսի ներքո ներկայացնելու փորձերը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «Հայաստանը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը այն մասին, թե երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր»։

Ադրբեջանն ակնկալում է, որ ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին՝ այս հարցը քննարկելու համար։

Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին իր ուղերձում Ալիևն ընդգծել է. «Մինչև վերադարձը չիրականացվի, այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից»։

Իլհամ Ալիևը նշել է, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձը խոչընդոտելը, ՀՀ սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, «Մեծ Հայաստանի» երազանքը և հայ հասարակության մեջ թյուրքական ժողովուրդների նկատմամբ իբր ատելությունը խանգարում են խաղաղությանը։

«Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից, քայլեր ձեռնարկի մեր մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու համար, թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մոնիթորինգ անցկացնել այս նպատակով, ինչպես նաև երկխոսություն սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ», –  ուղերձում նշել է Ադրբեջանի նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031