Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժ Վիվալդի». գալա համերգ Լոնդոնում՝ հայ և այլազգի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կատարմամբ

Մայիս 21,2025 15:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի մայիսի 17-ի երեկոյան, Լոնդոնի Սուրբ Քաթբերթ եկեղեցու պատերը լցվեցին  Անտոնիո Վիվալդիի` ժամանակի քննությունը գերազանցությամբ հաղթահարած, մեր հոգիներին հավերժ գամված, անմահ երաժշտության մեղեդիներով, երբ «Քլինգեն» կամերային նվագախումբը և երգչախումբը ներկայացրեցին «Հավերժ Վիվալդի» գալա համերգը՝ նվիրված բարոկ երաժշտության անկրկնելի վարպետին: Հանրահռչակ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ համերգին մասնակցեցին հայ, բրիտանացի և այլազգերի` միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ: Տպավորիչ կազմ, որը հիանալի կատարեց իր առաքելությունը, սրտաբուխ հարգանքի տուրք մատուցելով կոմպոզիտորին, որին շատերը անվանում են «Կարմիր քահանա»:

Վիվալդին առանձնանում էր իր կարմիր մազերով և հոգևորականի կրթությամբ, ինչից էլ ձևավորվել էր այդ երաժշտական կեղծանունը։ Նա բարոկկոյի դարաշրջանի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, որը դասական երաժշտության գանձարանում մնաց իր` ավելի քան 500 կոնցերտներով, տասնյակ օպերաներով և հոգևոր երգչախմբային ստեղծագործություններով, վիթխարի ժառանգություն, որն իր անփոխարինելի  ու անկրկնելի տեղն ունեցավ համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Թեև մեծ երաժիշտը 1741 թվականին իր կյանքն ավարտեց գրեթե անհայտության մեջ, սակայն 20-րդ դարում նրա վերագտնումը վերստին արթնացրեց նրա բացառիկ հանճարի գնահատանքը, դա այն լուսեղեն երաժշտությունն էր, որը հանդիսատեսը կախարդված վայելեց  այս անմոռանալի երեկոյի ընթացքում։

Երեկոն բացվեց Վիվալդիի ամենակենսուրախ և ոգեշնչող հոգևոր ստեղծագործություններից մեկով՝ «Գլորիա»-ով: Ի սկզբանե այն գրված էր եղել Վենետիկի «Օսպեդալե դելլա Պիետա»-ի աղջիկների համար: Ստեղծագործությունը վերակենդանացավ պայծառ պարզությամբ` շնորհիվ մաեստրո Սիփան Օլահի` տաղանդավոր արվեստագետին հատուկ ձիրքի ու կառավարման ունակության: «Քլինգեն» երգչախմբի կատարմամբ հանդիսատեսը ունկնդրեց հարուստ ներդաշնակություն և հղկված վոկալ գծեր, իսկ շեփորի մենակատար Վերոնիկա Այրումյանը և կլավեսինահար Մարիա Փալազյանը կենսունակ երանգ հաղորդեցին ուրախ հնչյունային` ընդհանուր ներկապնակում:

Հաջորդիվ տեղի ունեցավ դրամատիկ փոփոխություն Վիվալդիի ոչ այնքան հայտնի «Տիգրան II» (1724) օպերայի արիայի կատարման ժամանակ։ Այն պատմում է հայոց թագավոր Մեծն Տիգրան II-ի մասին: Սոպրանո Իզաբելլա Կարաողլանյանը լավագույնս մարմնավորեց թագուհի Կլեոպատրային «Squarciami pure il seno» արիայի կատարմամբ՝ բացահայտելով Վիվալդիի ստեղծագործության հուզական լարվածությունն ու այս օպերայի հանճարեղությունը:

Հաջորդեց յուրահատուկ պահը՝ Մաեստրո Օլահի նոր գործիքավորված կլառնետի կոնցերտի պրեմիերան, որը «Օլիմպիադա» օպերայի արիաներից  մեկի փոխադրումն էր։ Իսպանացի վիրտուոզ կլառնետահար Սիմոն Իբանեսը, որը հատուկ ժամանել էր Լոնդոն այս համերգի համար, գրավեց հանդիսատեսին իր անթերի տեխնիկայով և քնարական մեկնաբանությամբ՝ ապացուցելով, որ Վիվալդիի երաժշտությունը դեռևս ոգեշնչում է ժամանակակից երաժիշտների նորարարական մտահղացումները։

Համերգի բացառիկ ելույթներից էր տենոր Սիփան Օլահի՝ «Իլ Ջուստինո» օպերայից սիրված «Vedrò con mio diletto» արիայի կատարումը։ Նրա հուզական կատարումը և ջերմ ձայնային ելևեջները ստեղծագործությանը հաղորդեցին մտերմիկ խորություն՝ ընդգծելով մաեստրո Օլահի անփոխարինելի դերը, այն է տաղանդավոր դիրիժորի և անկրկնելի տենորի միաժամանակյա համատեղումը:

Այս ելույթին հաջորդեց «Լաուդամուս տե»-ն՝ ցնծալի զուգերգը, որը եթերային նրբագեղությամբ կատարեցին սոպրանոներ Հայարփի Եղիկյանը և Իզաբելլա Կարաողլանյանը։ Նրանց ձայները միահյուսված էին բազմերանգ նրբագեղությամբ, կատարելապես համապատասխանելով  ստեղծագործության տրամադրությանը, պարուրվելով նվագախմբի նրբազգաց նվագակցությամբ։

Համերգի առաջին բաժինն ավարտվեց ևս մեկ աննախադեպ պրեմիերայով՝ Դո մաժոր կոնցերտ ֆլեյտայի, կլարնետի, ֆագոտի և նվագախբի  համար` Մաեստրո Սիփան Օլահի գործիքավորմամբ: Վիվալդիի վերափոխված,  երկու ֆլեյտաների համար կոնցերտը ներկայացրեցին մենակատարներ Նիկա Պինտերը (ֆլեյտա), Սիմոն Իբանեսը (կլառնետ) և Ֆրանչեսկո Դի Մատեոն (ֆագոտ), ապշեցուցիչ մեկնաբանություն` արագ ու դանդաղ ռիթմերի հաջորդական փոփոխության սահուն դինամիկայով։ Նրանք միասին ցուցադրեցին Վիվալդիի գործիքային զրույցի ձեռագրի տաղանդը

Ընդմիջումից հետո հանդիսատեսը ունկնդրեց հանրահայտ «Չորս եղանակները»։ Այս տարի ստեղծագործության 300-ամյակն է նշվում։ Ջութակահար Պոլինա Շարաֆյանը ներկայացրեց հիպնոսացնող մեկնաբանություն՝ յուրաքանչյուր եղանակին հաղորդելով ինչպես տեխնիկական կատարման բարձրագույն մակարդակ, այնպես էլ հուզական խորություն, որը ևս մեկ անգամ ընդգծում էր Անտոնիո Վիվալդիի ստեղծագործության հանճարեղությունը։ Այս նրբագեղ երաժշտի քնքուշ կատարումը ներդաշնակում էր հուզական մեղեդիների ներքին տրամադրությանը՝ «Գարնան» քնարական հանգստությունից մինչև «Ձմռան» փոթորկուն սառնությանը։ Մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ նվագախումբը արձագանքեց էներգիայով և ճշգրտությամբ՝ ստեղծելով հարուստ երաժշտական գոբելեն։

City Living Local Life-ի, Քենսինգթոնի և Չելսիի թագավորական համայնքի, Գրով Էնդ Հաուսինգի և Սուրբ Քաթբերթի եկեղեցու աջակցությամբ՝ «Հավերժ Վիվալդի» -ը ավելին էր, քան պարզապես համերգ. այն տոնակատարություն էր։ Այն հաստատեց, որ դարեր անց Վիվալդիի ձայնը դեռևս ղողանջում, դայլայլում և թևածում է համայն մարդկության սրտերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031