ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (ՀԿԴ) դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական նիստում այսօր հարցաքննվեցին մեղադրանքի կողմի երեք առանցքային վկաներ Գարիկ Գրիգորյանը, Նարինե Գյուլբենկյանը եւ Լեւոն Կարապետյանը:
Հիմնական դատալսումները վկաներից սկսելու կարգը եւ հերթականությունը սահմանել է դատարանը, եւ այսօր հարցաքննվածները, ըստ մեղադրանքի կողմի, անկյունաքարային անձինք են: Պաշտպանական կողմն էլ էր միջնորդել, որ առաջինը հենց այդ երեք վկաները հարցաքննվեն: Նրանք պատասխանեցին մեղադրանքի եւ պաշտպանական կողմերի, ինչպես նաեւ դատարանի հարցերին:
Կարդացեք նաև
Դատական նիստի ավարտին Խաչատուր Բալասանյանի եւ Ռուբեն Սանոյանի պաշտպան Տիգրան Գրիգորյանը լրատվամիջոցներին ասաց. «Բոլորդ էլ տեսաք, որ որեւէ խնդիր չկար: Սա այն է, ինչը կես տարուց ավելի պաշտպանական կողմը պնդում է, որ սա շինծու մեղադրանք է: Բոլորը համոզվեցին, որ այդ անձինք քաղաքացիներ են, գնացել, մասնակցել են աճուրդին, եւ գնել են: Հակառակ դեպքում ստացվում է, որ ցանկացած աճուրդի ցանկացած մասնակցի կարելի է մեղադրանք առաջադրել:
Պաշտպանական կողմը բոլոր ջանքերն ուղղել է այս անհիմն մեղադրանքը հերքելուն, հետեւաբար, այսօր տեղի ունեցածը դրա հաջորդական քայլերից մեկն է: Նույնը շարունակվելու է հաջորդ նիստերին, երբ դատարանի դահլիճ կներկայանան մեղադրանքի կողմի մյուս 35-37 վկաները: Հետեւաբար, մինչեւ չիրացնենք վկաների հարցաքննությունը, չենք թեւակոխի քրեական դատավարության սահմանված կարգով այլ փուլ»:
Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի, որ իր իսկ բնութագրմամբ, մեղադրանքի կողմի երեք առանցքային վկաներն, ըստ էության, էական ցուցմունքներ չտվեցին, պաշտպանը ընդգծեց, որ նրանց պատահական չեն գտել: «Բոլորիս էլ հայտնի է եւ պաշտպանական կողմն արդեն մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ, որ մեղադրանքի հիմքում դնում են, իբրեւ թե շինծու աճուրդներ են տեղի ունեցել, շինծու գործարքներ են արվել: Եվ այս վկաները, ըստ մեղադրանքի, իբրեւ թե դա են փաստում: Բայց նրանք ոչ նախաքննության փուլում են նման տվյալներ հայտնել, ոչ էլ դատարանում հայտնեցին հարցաքննության ընթացքում: Հետեւաբար, շինծու գործարք լինելու մասին խոսելը, թե ձեւական աճուրդ է եղել, արդեն իսկ չի համապատասխանում իրականությանը»,-պատասխանեց պաշտպանը:
Հարցին, եթե իրավաբանորեն հիմնավորված չի մեղադրանքը, ապա ուրիշ ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ, այնուամենայնիվ, նման մեղադրանք առաջադրելու համար, փաստաբանը պատասխանեց. «Այդ մասով չեմ ցանկանում մեկնաբանություն անել: Ես պրոֆեսիոնալ իրավաբան եմ, ես իմ գործն եմ կատարում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ