Լրահոս
Օրվա լրահոսը

Դրվագը, որ մինչև հիմա հայտնի չէր, վերաբերում է Դեր Զորում զեյթունցիների զինված ապստամբությանը, որը թեև կարճ ժամանակ անց դաժանորեն ճնշվել է, այնուամենայնիվ հերոսական է եղել. «Դեր Զոր-Գուլագ» հուշագրության շնորհանդեսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Մայիս 21,2025 16:46

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում մայիսի 17-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը վերապրած Տիգրան Մակարյանի «ԴԵՐ ԶՈՐ-ԳՈւԼԱԳ» հուշագրության շնորհանդեսը:

Հուշագրության հեղինակ Տիգրան Մակարյանն անցել է Դեր Զորի, իսկ ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ նաև ԳՈւԼԱԳ-ի համակենտրոնացման ճամբարներով: Նախորդ դարի 20-ական թթ. առաջին կեսին Գերմանիայում ինժեների մասնագիտությունը սովորելուց հետո ներգաղթել է Խորհրդային Հայաստան, գործուն մասնակցություն ունեցել Խորհրդային Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնադրման ու զարգացման աշխատանքներին։ Մի քանի անգամ դատապարտվել է, աքսորվել Սիբիր, սակայն տարիներ անց վերադառնալով հայրենիք՝ հասել է իր հանդեպ կայացված անարդար դատավճիռների չեղարկմանը, վերականգնվել աշխատանքում և հասել մասնագիտական նոր նվաճումների։ Տիգրան Մակարյանի թոռնուհին հայ անվանի էստրադային երգչուհի Էլվինա Մակարյանն է։

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերի հրատարակման շարքի գլխավոր խմբագիր Հարություն Մարությանը՝ նշելով, որ այս հուշագրությունը բացառիկ է նրանով, որ հեղինակն, անցնելով XX-րդ դարի երկու արհավիրքների միջով, վերապրել է դրանք և գրի առել իր պատմությունը:

Տիգրան Մակարյանի և նրա կյանքի մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց ՀՑԹԻ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը, որը շուրջ 2․5 տարի ուսումնասիրություն է կատարել, արխիվներից և գրադարաններից գտել է նոր փաստաթղթեր, որոնք էլ ավելի են հարստացրել նյութը։ Ռոբերտ Թաթոյանն իր խոսքում նշեց, որ ուսումնասիրության ընթացքում ի հայտ է եկել մի դրվագ, որը մինչև հիմա հայտնի չէր։ Այն վերաբերում է Դեր Զորում զեյթունցիների զինված ապստամբությանը, որը թեև կարճ ժամանակ անց դաժանորեն ճնշվել է, այնուամենայնիվ հերոսական դրվագ է եղել:

Շնորհանդեսին ներկա էին հուշագրությունը ՀՑԹԻ-ին հանձնած Հասմիկ Տեր-Կարապետյանը, որը Մակարյանների հարևանուհին էր, Տիգրան Մակարյանի ժառանգները, Էլվինա Մակարյանի ընկերները և այլք:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել