«Իմ բառապաշարում դուք լսե՞լ եք՝ «կոնտրոլի տակ», ես չունեմ նման բառապաշար»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին հարցին։
«Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցությունները, զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել»,–ասաց նա՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումը՝ տեւական ժամանակ իր հետ չի շփվել, հավանաբար ներկայիս իրավիճակին է վերաբերել․ «Կարծում եմ՝ ինքը նկատի ուներ այսօրվա պարագան, բայց 2018–ին այդպես չէր։ Համենայնդեպս, այդ մանրամասներն ի՞նչ հետաքրքիր է։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց ես կարող եմ բարձրաձայնել այն ժամանակ, երբ նպատակահարմար համարեմ։ Դուք 10-15 տարի հետեւել եք իմ լեքսիկոնին, երբեւէ լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը։ Ես չունեմ այդպիսի բառապաշար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ իր ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ 2018–ի իշխանափոխությունից օրեր առաջ ինքը զանգահարել է Սերժ Սարգսյանին, հայտնել իր մտահոգությունները, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ամեն ինչ իր «կոնտրոլի տակ է»։ «Դրանից 5-6 օր անց հրաժարական տվեց»,– հավելել էր Քոչարյանը։
«Ես ձեզ խնդրում եմ, 2018 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք, դիտեք իմ հարցազրույցները 2018 թվականի մասին, ժամերով խոսել եմ։ Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ նաեւ հնարավորություն ունենան հարցեր տալու՝ ուղղորդված եւ չուղղորդված»,-հավելեց Սերժ Սարգսյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ