«Կովկասյան բարոմետր » հետազոտության համաձայն՝ հարցված ՀՀ բնակիչների փոքրամասնությունն է հավանություն տվել ՀՀ անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ըստ այդ հարցումների՝ 17,3 տոկոսը լիովին հավանություն է տալիս անդամակցությանը, իսկ հարցվածների 26,8 տոկոսը բոլորովին դեմ է:
Հիշեցնենք, որ այս հարցումները ՀՀ 10 մարզում եւ Երեւանում անցկացվել են 1561 քաղաքացիների շրջանում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին : Հետազոտության նախաձեռնությունը հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամինն է:
Եվրամիությանը ՀՀ անդամակցությանը հարցվածներն ավելի են նախապատվություն տվել, քան ՆԱՏՕ-ին: ԵՄ անդամակցությանը կողմ են հարցվածների 20,9 տոկոսը, իսկ բոլորովին դեմ են 19,8 տոկոսը:
Կարդացեք նաև
Հարցին՝ որքանով են հավանություն տալիս, որ Հայաստանը շարունակի անդամակցել ԵԱՏՄ-ին, լիովին հավանություն են տվել հարցվածների 14,1 տոկոսը, բոլորովին դեմ են արտահայտվել հարցվածների 32,4 տոկոսը:
Հարցին, թե որքանով հավանություն կտային, որ Հայաստանը դառնար միութենական պետություն ՌԴ եւ Բելառուսի հետ, հարցվածների 9,8 տոկոսը լիովին հավանություն է տվել, իսկ 56 տոկոսը բոլորովին դեմ է արտահայտվել:
Հարցվածների մեծամասնությունը՝ 41 տոկոսը Հայաստանը համարում է ժողովրդավարական երկիր, բայց մեծ խնդիրներով, իսկ 23,7 տոկոսը կարծում է, որ բոլորովին էլ ժողովրդավարական երկիր չէ:
2024 թվականի հետազոտության մասնակիցների մոտ 16 տոկոսն է ՔՊ-ին իրեն ամենամոտ կուսակցությունը համարել, մինչդեռ 2021-ին ՔՊ-ին ամենամոտը համարողները կազմում էին 22,4 տոկոսը: 2024-ին հարցվածների 54,7 տոկոսը կարծում է, որ չկա այդպիսի կուսակցություն, որին ամենամոտը կհամարի, մինչդեռ 2021-ին այսպես մտածողները ավելի քիչ էին՝ 42,8 տոկոս:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ