ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմպիչմենտի հարցով այսօր ԱԺ-ում հանդիպեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:
Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը ստացել է իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկով Էդգար Ղազարյանի նամակը եւ ուշի-ուշով կարդացել է: Նաեւ տեղեկացրեց, որ իրենց խմբակցության բոլոր գործընկերները նույնպես ծանոթացել են, որի արդյունքում «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: «Դրանից ավելի այս հարցով ավելացնելու բան չունեմ եւ կխնդրեմ՝ ուղղակի բավարարվենք այս հայտարարությամբ»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Էդգար Ղազարյանը նշեց, որ ծանոթ է խմբակցության հայտարարությանը եւ անկեղծ ասած, դրա հետ կապված որոշակի հարցեր են առաջացել: «Ես գրավոր դիմել եմ խմբակցության ղեկավարին՝ պարզաբանում ստանալու համար: Պատասխան չի ստացվել, չնայած օրենքով սահմանված ժամկետը վաղուց լրացել է: Ես կխնդրեմ, եթե հնարավորություն կա, խմբակցության ղեկավարին ասեք, որ նաեւ այդ հարցմանը պատասխանեն:
Մենք, անկեղծ ասած, խմբակցությանը չէինք դիմել, մենք պատգամավորներին էինք դիմել: Եվ ակնկալում էինք, որ յուրաքանչյուր պատգամավոր իր դիրքորոշումը կարտահայտի: Եվ ես դեռ ակնկալում եմ օրենքով սահմանված մեկ ամիս ժամկետում յուրաքանչյուր պատգամավորից պատասխան ստանալ, որովհետեւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը խմբակցությունների տիրույթում չի, այլ յուրաքանչյուր պատգամավորի սեփական քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,-ասաց պարոն Ղազարյանը:
Կարդացեք նաև
Ընդգծելով, որ Գեղամ Մանուկյանը այս հանդիպմանը հանդես է գալիս հանձնաժողովի անունից, որի անդամ մի պատգամավոր ինքն է, մի անդամ պատգամավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը չի եկել այս հանդիպմանը, Էդգար Ղազարյանը խնդրեց հանձնաժողովի առաջիկա նիստում հնչեցնել Հայաստանի քաղաքացի Էդգար Ղազարյանի մի քանի հարցադրումները:
«Հանձնաժողովի նախագահի մասով խնդրում եմ առանձնացնել հետեւյալ հարցերը:
Անդրանիկ Քոչարյանն ընդգրկված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դեռեւս 2021 թվականին ստեղծված ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում: Խնդրում եմ, հանձնաժողովի հաջորդ նիստին հնչեցնել, թե ինքը ինչ ընդգրկվածություն ունի այդ հանձնաժողովի կազմում, այդ հանձնաժողովի քանի նիստ է եղել, ինչ հարցեր են քննարկվել…»:
Այստեղ պատգամավորն ընդհատեց՝ ասելով. «Պարոն Ղազարյան, իզուր ժամանակ չեմ կորցնի: Պարզ ասեմ: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջխորհրդարանական այդ համատեղ հանձնաժողովի մասով «Հայաստան» խմբակցությունը, խմբակցության բազմաթիվ պատգամավորներ 2021 թվականից հետո բազմաթիվ անգամ հարցադրումներ են բարձրացրել՝ ինչո՞ւ չի կայանում համատեղ նիստը: Ավելին, ստիպված այդ խմբում ընդգրկված «Հայաստան» խմբակցության պատգամավորները առանձնաբար մեկնել են Արցախի Հանրապետություն, հանդիպել Արցախի խորհրդարանի ղեկավարության հետ: Այսինքն, այդ հարցը մշտապես բարձրացվել է: Բայց Անդրանիկ Քոչարյանին ձեր խաթր կհարցնեմ»:
«Այո, խնդրում եմ, թող ինքը հանձնաժողովի նիստով պարզաբանի»,-առաջարկեց Էդգար Ղազարյանը եւ հնչեցրեց Անդրանիկ Քոչարյանին հասցեագրված նաեւ այլ հարցեր, որոնց նա պետք է պատասխանի: Մասնավորապես, որ նա գլխավորում է նախորդ գումարման ԱԺ-ում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության առանձին խորհրդարանական հանձնաժողովը եւ այս գումարման ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության հանձնաժողովը: «Խախտվել են ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված բոլոր ժամկետները եւ մինչ օրս հրապարակված չեն քառօրյա եւ 44-օրյա պատերազմների զեկույցները»:
Գեղամ Մանուկյանը պարզաբանեց, որ պատգամավոր ընտրվելուց անմիջապես հետո ինքը դիմել է ԱԺ հատուկ ստորաբաժանմանը եւ երեք անգամ ծանոթացել է ապրիլյանի զեկույցին, որը գաղտնի է, որտեղ ռազմական եւ այլ գաղտնիքներ են պարունակվում: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ապրիլյանի զեկույցը այսօր էլ որ հրապարակեն, որեւէ էական բան չկա, որովհետեւ ապրիլյանի հանձնաժողովը ստեղծվել է այս իշխանությունների քաղաքական քինախնդրության պատճառով եւ վստահեցնում եմ, այդ զեկույցում որեւէ էական բան չկա: Կարող էին հրապարակել: Այսինքն, իրենք խորհրդավորություն են հաղորդում, իբր այնտեղ աշխարհացունց բաներ կան: Որեւէ բան էլ չկա եւ լղոզված անցկացրեցին:
Ինչ վերաբերում է 44-օրյային, ձեր նույն հարցապնդման մասին նույնիսկ լրագրողները բարձրաձայնել են, որ Անդրանիկ Քոչարյանը եւ 44-օրյայի հանձնաժողովը խախտում է օրենքը, ժամկետները: Այդ մասին գրավոր հարցումներ էլ են ուղարկել: Մենք էլ ենք դրա մասին պարբերաբար խոսում: Եվ ի սկզբանե մեր ելակետը եղել է, որ 44-օրյայի հանձնաժողովը չի կարող այս իշխանությունը ձեւավորել, որովհետեւ այս իշխանությունը ուղղակի այդ օրերին եղել է երկրի քաղաքական ղեկավարությունը եւ դրա համար էլ ոչ օբյեկտիվ եզրակացություն է արել: Բայց ամեն դեպքում կփոխանցեմ»:
Անդրադառնալով զեկույցների գաղտնի լինելուն՝ Էդգար Ղազարյանը հորդորեց Անդրանիկ Քոչարյանին պատշաճ տեղեկացնել, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, եւ իր բոլոր զեկույցները քաղաքական բնույթի, քաղաքական գնահատական տալու զեկույցներ են, հետեւաբար, գաղտնի բաղադրիչ չեն կարող ունենալ: Այսինքն, բոլոր գործընթացները, որոնք ունեն որոշակի գաղտնիություն, պետք է քննարկվեն այլ մարմիններում, այլ ոչ թե խորհրդարանում: «ԱԺ-ում հանձնաժողովները ստեղծվում են հանրությանը այս կամ այն երեւույթի վերաբերյալ տեղեկություններ տալու համար»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ