Շիրակի մարզի դատախազության նախկին աշխատակից Ալբերտ Դերձակյանն այսօր դիմել է Aravot.am-ին՝ իր զարմանքը հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունում կա պաշտոնյա, որը հրաժարվում է կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը։
Ընդ որում, ըստ նախկին դատախազի, թվով 9 դատավորներ նույն որոշումն են կայացրել ու բավարարել են իր պահանջը։
Ալբերտ Դերձակյանը 2021 թվականին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ իր կենսաթոշակի վերահաշվակի խնդրանքով։
Նրա ներկայացմամբ, լինելով դատախազության նախկին աշխատակից ու աշխատելով բարձր լեռնային գոտում՝ Ամասիայում և Աշոցքում,, դատարանին խնդրել է իր կենսաթոշակի հաշվարկի մեջ բարձր լեռնային գոտում աշխատելու ժամանակահատվածները՝22․09․1978-28․09․1987 թթ․, 30․09․1987-15․03․1996թթ, 18․06․1997-25․12․ 2000թթ․ ներառել արտոնյալ կարգով (մեկ ամսվա ծառայությունը հաշվարկել 1,5 ամիս), հաշվարկը սկսել կենսաթոշակի նշանակման պահից՝ 2007 թվականից։
Կարդացեք նաև
Դատավոր Ռոբերտ Մաքեյանը վճռել է բավարարել նրա հայցը ու պարտավորեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կատարել Ալբերտ Դերձակյանի կենսաթոշակի վերահաշվարկը ներքին գործերի մարմիններում՝ վերոնշյալ թվականներին աշխատած տարիներին արտոնյալ կարգով։
ՄՍԾ-ն այս վճիռը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան։ Այս դատարանը ևս՝ երեք դատավորներով, վճռել է նույնը թողնել Ռոբերտ Մաքեյանի վճիռը։ Միասնական սոցիալական ծառայությունը բողոքարկել է այն՝ դիմելով վճռաբեկ դատարան, որը, սակայն, վարույթ չի ընդունվել։
Ալբերտ Դերձակյանը մեզ ցույց տվեց բոլոր փաստաթղթերը։
Ըստ նրա, վարչական դատարանի կայացրած վճիռը օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի հոկտեմբերին։
Ալբերտ Դերձակյանի պատմելով, ինքը դրանից հետո դիմում է ներկայացրել միասնական սոցիալական ծառայություն՝ կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու համար, երկար ժամանակ իր դիմումներին չեն պատասխանել։
Շուրջ երեք ամիս անց ստացել է միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Կ․ Ալեքսանյանի գրությունն այն մասին, որ նա մերժում կամ չի ուզում կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը (տես փաստաթուղթը):
«Փաստորեն դատական երեք ատյաններում կան հիմնավորումները, դատավորներն այն կարծիքին են, որ իմ հայցադիմումը հիմնավորված է, պատճառաբանությունն ամբողջությամբ ստուգված է։
Ես կարծում եմ՝ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ալեքսանյանը որպես պետական ծառայող՝ պիտի իմանար, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտավոր է կատարել, վիճարկման ենթակա չէ։ Պիտի իմանար, որ դատարանի վճիռը չկատարելն առաջացնում է քրեական պատասխանատվություն»,-ասում է Ալբերտ Դերձակյանը։
Նա միասնական սոցիալական ծառայությունից մերժման պատասխանը ստանալուց հետո դիմել է ԴԱՀԿ-ին։
«Առայժմ արձագանք չունեմ, բայց զարմանալի է, որ նման կարևոր պետական ծառայությունում աշխատում են նման տիպի պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության անունից արձակված դատական ակտերը չեն կատարում։ Սա նշանակում է՝ կամ նշված պաշտոնատար անձը օրենսդրությանը չի տիրապետում, այս պարագայում նա ընդհանրապես իրավունք չուներ աշխատելու այդ պաշտոնում կամ իմ գնահատմամբ՝ անհավասարակշիռ անձնավորություն է։ Ի՞նչ է նշանակում օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկատարել»,- ասում է Ալբերտ Դերձակյանը։
Ըստ նրա, իր աշխատանքային երկարատև գործունեության ժամանակ չի հիշում գեթ մեկ դեպք, որ ՀՀ որևէ պաշտոնյա հրաժարվեր կատարել դատարանի վճիռը՝ ինքն իր պատճառաբանությունը ներկայացնելով։
Ալբերտ Դերձակյանը նշում է, որ դեռ 2022 թվականին նախկին դատախազներից մեկի մասով նույնական փաստական հանգամանքով կայացված մեկ այլ դատական վճիռ է ուղարկվել միասնական սոցիալական ծառայություն, կատարել են վերահաշվարկ՝ սկսած 2007 թվականից։
Ալբերտ Դերձակյանը պարզաբանում է պահանջում՝ ինչո՞ւ մի դեպքում կատարում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, մյուս դեպքում՝ ոչ։
«Կամայական վերաբերմունք են դրսևորում օրենքի կատարման նկատմամբ։
Ես չեմ հիշում իմ պրակտիկայում նման դեպք, որ դատարանի վճիռը չկատարեն։
Ճիշտն ասած փնտրեցի, բոլոր միջոցներով փորձեցի հասկանալ, թե այդ անձն ով է, չգտա ոչ մի տեղեկություն, գուգլով մի հատ փնտրում ես, բերում է, եթե Ալեքսանյանը ճանապարհ անցած մարդ լիներ, նման բան չէր անի…
Եվ ինձ հետաքրքիր է, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մկրտչյանը տեղյա՞կ է, որ նման չինովնիկ կա, որը չի կատարում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։
Սա այն կառույցն , որտեղ շատ են շփվում ազգաբնակչության հետ, այստեղ աշխատանքային կարգապահությունն այնքան բարձր մակարդակի պետք է դրված լինի, որ մարդկանց դժգոհություն չառաջանա, իսկ իրենցից դժգոհությունները բավականին շատ են»,-ասում է Ալբերտ Դերձակյանը։
Aravot.am-ը թեև հրապարակում է սոցիալական միասնական ծառայության պետի տեղակալ Կ․ Ալեքսանյանի գրությունը՝ ուղղված Ալբերտ Դերձակյանին, որտեղ ակնհայտ է նրա դիրքորոշումը, այդուհանդերձ մենք պատրաստ ենք լսել նրա պարզաբանումները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ