Այս գործը հայտնի է նաեւ «Տատիկների գործ» անվամբ:
71-ամյա Անահիտ Խալաթյանի եւ 75-ամյա Կիմա Հայրապետյանի քրեական գործը Հակակոռուպցիան քրեական դատարանում է: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ա. Խալաթյանը հանդիսանալով Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու, ընտրողների հավաքագրումն ապահովելու դիմաց, որպես ընտրակաշառք, Կիմա Հայրապետյանին խոստացել է տալ 15.000 դրամ գումար, իսկ վերջինս ընդունել է ընտրակաշառք ստանալու խոստումը:
Գյումրի համայնքի Ղուկասյան 5-րդ շարքի 19-րդ տան բնակիչ Անահիտ Խալաթյանը (հայտնի է «Չոռնի Անո» մականունով) 2025 թվականի մարտի 10-ից «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու թեկնածուն էր եւ ընդգրկված լինելով դաշինքի՝ 34 հոգուց բաղկացած ընտրական ցուցակի 21-րդ համարի ներքո, 2025 թվականի մարտ ամսվա ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրիի թիվ 31/39-րդ ընտրական տեղամասից ընտրելու իրավունք ունեցող Կիմա Հայրապետյանի հետ՝ նրա կողմից ընտրությանը մասնակցելու, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաեւ նույն դաշինքի օգտին քվեարկելու համար Կիմա Հայրապետյանի կողմից ընտրողներ ապահովելու վերաբերյալ: Նա դրա դիմաց որպես ընտրակաշառք խոստացել է Կիմա Հայրապետյանին ընտրություններից հետո տալ նրա բնակարանի ջրագծի կառուցման համար անհրաժեշտ 15.000 ՀՀ դրամ գումարը:
Ըստ նախնական տեղեկությունների, հանրային մեղադրանքի՝ Կիմա Հայրապետյանն իր հերթին դիմել է ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ նախաքննության ժամանակ հրապարակվել էր մի տեսանյութ՝ օպերատիվ նկարահանմամբ ու հեռախոսային խոսակցության ձայնագրությամբ, որտեղ ենթադրյալ հանցանք կատարող անձինք ընտրողներին անվանել էին «դասարանցի երեխեք», նշել, որ հետեւողական են լինելու, որպեսզի դասերից չբացակայեն, այսինքն՝ ի նկատի էին ունեցել քվեարկությանը պարտադիր մասնակցելը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2025