Վիճակագրական կոմիտեի՝ գնաճի մասով պաշտոնական տվյալները տարակուսելի են հանրության համար։ Քաղաքացին սեփական գրպանի պարունակությամբ է զգում գնաճի չափը։ Սննդամթերքի շարունակական գնաճը ամենօրյա ռեժիմով նվազեցնում է նրա եկամուտները։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ երբ խոսում ենք գնաճի մասին, դա վերաբերում է 400 և ավելի ապրանքների ընդհանուր միջին գնին։
«Վստահաբար, դրա մեծ մասը Հայաստանի բնակչության կեսից ավելին ձեռք չի բերում, չի օգտվում դրանցից։ Հետևաբար՝ 3,5 տոկոսի շրջակայքում ընդհանուր գնաճն այն կեղծիքն է, որը յուրաքանչյուր ոք ամեն օր տեսնում է. այդքան չէ գնաճն իրականում։ Բարձր գնաճի են ենթարկվել թե՛ ներկրվող սառեցված, թե՛ Հայաստանում բուծվող ձկնամթերքը՝ 20ից 22 տոկոսով (ընդհանուր գումարային հաշվարկով), գնաճի են ենթարկվել կարագը՝ 13, մրգերը՝ 8, բանջարեղենը՝ 10 և ավելի, կարտոֆիլը՝ 47, շոկոլադեղենը՝ 13, սուրճ-թեյը՝ 15 տոկոսով (վերջինը գումարային հաշվարկով)։ Յուրաքանչյուրի պատճառները տարբեր են՝ սկսած ապաշնորհ կառավարումից վերջացրած ապաշնորհ կառավարման արդյունքում վաճառողների կամ տնտեսվարող սուբյեկտների անորոշություններով պայմանավորված։ Երբ կառավարությունն անընդհատ հարկադրույքների բարձրացում է իրականացնում, դա միանշանակ հանգեցնելու է գնաճի, այսինքն՝ 2025 թ. հունվարից սկսած հարկադրույքների բարձրացումները չէին կարող ուղղակի ազդեցություն չունենալ։ Երբ առևտրի դեպքում 5 տոկոս դրույքաչափը դառնում է 10 տոկոս, անկախ նվազեցումների չափից, հաշվարկ ունեինք, որ տրամաբանական հավելագնի պայմաններում առևտրի դեպքում հարկային բեռը մոտավորապես 33 տոկոսով ավելանում էր։ 33 տոկոսի ավելացումը տարբեր ապրանքների վաճառքների գնաճի վրա տարբեր կերպ կարող է ազդել։ Օրինակ՝ ներկրվող բանջարեղենի կամ մրգի վրա կարող է ազդել 50-ից մինչև 80 տոկոսի շրջանակներում և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն, ինչը խանութում տեսնում ենք, դրա մի մասը պայմանավորված է հարկային դրույքաչափերի բարձրացումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։
Ընդգծում է՝ Հայաստանում սննդամթերքի ոլորտում պետական վերահսկողություն և ճիշտ մեսիջներ կառավարության կողմից չեն տրամադրվում։ «Օրինակ՝ սպառման շուկայի ծավալների հետ կապված. ներկրման կամ արտահանման սահմանափակումներ չեն կիրառվում, պայմանականորեն, կարտոֆիլ արտադրողը արտադրում է մի տարի որոշակի քանակի, շուկայում առաջանում է դեֆիցիտ, դեֆիցիտի պայմաններում գնաճի է ենթարկվում։ Ժողովուրդն ունի նման վարքագիծ, որ տեսնում է՝ կարտոֆիլի գինը ավելացավ, կամ հարևանը կարտոֆիլ ցանեց և լավ շահույթ ստացավ, հաջորդ տարի բոլորը սկսում են կարտոֆիլ ցանել։ Շուկան այդ պարագայում գերհագենում է, գերհագեցման պարագայում տեղի է ունենում գների նվազում։ Շատ դեպքերում ասում են, որ գների կարգավորման ֆունկցիոնալ պարտականությունն իրավական առումով դրված է Կենտրոնական բանկի վրա, բայց գիտական, ակադեմիական աշխարհում դեռևս որևէ մեկը չի հիմնավորել, որ Կենտրոնական բանկը կարողանում է ազդել գնաճի վրա կամ զսպել այն։ Նման բան ասում են և՛ պաշտոնյաները, և՛ տարբեր մասնագետներ, բայց դրանք ընդամենը միֆեր են, որոնք տարբեր դասագրքերում կարդացել և նույնությամբ արտաբերում են։ Կրկնում եմ՝ այդպիսի բան աշխարհում չի եղել, որ որևէ մեկը հիմնավորի։ Գնաճի հիմնական պատճառը հարկաբյուջետային քաղաքականությունն է, այսինքն՝ դա կառավարության գործողությունների տիրույթում է, երբ անընդհատ հարկերը բարձրացնում են, պետական ծախսերը կատարում են սխալ, անընդհատ անորոշություններ են ստեղծում տնտեսվարողների համար, շուկայի վերահսկողություն չեն իրականացնում, չեն պլանավորում, բնական է՝ սա պետք է հանգեցնի գնաճի»,-նշում է մեր զրուցակիցը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ