Վերջին յոթ տարվա ընթացքում իշխանություններն ամեն ինչ արեցին, որ կրթության հիմքերը ևս քանդեն, որ կրթության, կրթական համակարգի հանդեպ վստահությունը կոտրեն՝ սկսյալ նորմալ կրթություն կամ առնվազն փորձառություն չունեցողներին իշխանական բարձր պաշտոնների նշանակելուց մինչև «Ակադեմիական քաղաքի» ուտոպիստական ու բացարձակ չարդարացված գաղափարի ներդրում: Վերջին շրջանում արդեն չափազանց վտանգավոր մեկ այլ ծայրահեղություն է սկսում տարածվել։ Իշխանության ներկայացուցիչներ՝ ՔՊ ղեկավարի ու իր կնոջ ղեկավարությամբ, իրենց փիառի համար «Կրթվելը նորաձև է» շարժում են սկսել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանում ոչ մի արտառոց հանգամանք չկա, բայց դրա միջոցով տարվող քարոզչությունն ավելի վտանգավոր է, քան 90-ականների վիճակը։ Ինչո՞ւ է վտանգավոր:
Սկսենք դրա միջոցով փոխանցվող ուղերձից։ Նախ՝ կրթությունը ոչ թե նորաձևության ինչ-որ ատրիբուտ է, այլ ուղղակի անհրաժեշտություն։ Այսինքն, կրթությունը պարզապես չի կարող լինել «մոդայիկ»: Առավել ևս ներկայիս տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում կրթությունը պետք է դիտվի ոչ թե նորաձև, այլ պահանջ ու հրամայական՝ հետ չընկնելու և լուսանցքում չմնալու համար, ինչպես նաև հաջողության հասնելու հիմնական գրավական։ Այնպես որ, ասելով, թե կրթությունն ընդամենը նորաձևություն է, դրանով արժեզրկվում է կրթական գործընթացի, կրթվելու, կրթության բուն նշանակությունը։
Մյուս կողմից էլ՝ «Կրթվելը նորաձև է» շարժումն իր բովանդակային իմաստով չի կարող նպաստել իրական կրթության նկատմամբ հետաքրքրությանը, քանի որ այն հակասական է առաջին հերթին այն իմաստով, թե դրան վերաբերվող շոուն ում կողմից է բերմականացվում, ինչպես են նրանք իրենց դրսևորում առօրյա կյանքում, իրենց աշխատանքում, էլ չենք խոսում կրթական մակարդակի մասին: Օրինակ՝ այս շարժման ռահվիրաներն ի՞նչ ուղերձներ են փոխանցում կրթության հետ կապված, երբ նույն Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ոչ միայն աչքի է ընկնում անհավասարակշռությամբ, այլև փողոցային մակարդակի մեկնաբանություններով։ Անթույլատրելի, շրիշակից ցածր մակարդակի բառապաշարի առումով վերջերս նրանից հետ չի ընկնում նաև նրա տիկինը, դե՝ մյուս քպականների մասին չենք խոսում։
Մյուս կողմից՝ իշխանության սանդղակով մեծ արագությամբ սլանում և բարձր պաշտոններում են հայտնվում մարդիկ, որոնք ոչ միայն շատ հեռու են կառավարման ոլորտից, այլև երբեմն նույնիսկ բարձրագույն մասնագիտական կրթություն չունեն։ Կամ էլ մարդիկ իրենց մասնագիտական ուղղվածությամբ չեն աշխատում։ Եթե նկատել եք, կադրային քաղաքականության առումով երկրի ղեկավարության կողմից իրականացվող նշանակումների հարցում կրթական չափանիշն ընդհանրապես հաշվի չի առնվում, կարևորը կամակատար լինի, չհակաճառի և հոգով-սրտով ու բնավորությամբ լինի… քպական:
Կարդացեք նաև
Հիմա իրական այս պատկերն ունենալով՝ երիտասարդների շրջանում ի՞նչ մոտեցումներ կարող են առաջանալ։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։