Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ տարիներ շարունակ շարունակվող զիջողական դիրքորոշումը նոր հնարավորություն է տվել Ադրբեջանին ոչ միայն էքսպանսիոնիստական պահանջներ առաջ քաշել, այլև դրանք բարձրաձայնել միջազգային հարթակներում՝ առանց հետևանքների։ Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը նման պահանջների նկատմամբ ոչ միայն չունի համարժեք արձագանքային մեխանիզմ, այլև ՀՀ իշխանություններն իրենք գործողություններով հիմք են նախապատրաստում այդ նկրտումների լեգիտիմացման համար։
Հիշում ենք, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար քննադատել Սահմանադրությունը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի բովանդակության հիման վրա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, մեր զինանշանը 1991 թվականից հետո հիմնված պետության հետ կապ չունի և այլն։ Կարելի է անընդհատ թվարկել, բայց եթե ժամանակի մաղի միջով ենք անցկացնում իշխանությունների կողմից Սահմանադրությանը, ազգային խորհրդանիշներին, պատմության դասագրքերին ու, ընդհանրապես, պատմությանը տրված գնահատականները՝ դրանք ներկայացնելով որպես «խնդիրների աղբյուր», ապա տեսնում ենք, որ դրանք այսօր սինխրոն են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։
Սա նշանակում է, որ իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ազգային շահերի վրա հիմնված ռազմավարությամբ, այլ հակառակորդի թելադրանքով։
Պատահական չէ, որ նման պահանջների ֆոնին մտահոգություններ կան, թե Ադրբեջանից կարող են պահանջներ հնչել Հայոց պատմության դասագրքերի հետ կապված։
Կարդացեք նաև
Երբ մի պետություն ստիպում է մյուսին հրաժարվել իր պատմական հիշողությունից, կեղծ «խաղաղության» անվան տակ վերաշարադրել պատմագիտական նարատիվը՝ չեզոքացնելով տարածքային իրավունքի կամ պատմական արդարության բոլոր արմատները, դա ոչ թե խաղաղ գործընթաց է, այլ գաղութարարական տիպի հոգեբանական հարձակման ձև։ Երբ այս ամենին գումարվում են արտաքին քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները, մասնավորապես Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության կարիք չկա, արդեն հասկանալի է դառնում ընդհանուր ռազմավարությունը։ Այսինք, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե Երևանը ում հետ կարող է ռազմական կամ ռազմավարական համագործակցություն ունենալ։
Բայց այս պարագայում ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ամբողջ գործընթացը ձևավորվում է մի մթնոլորտում, երբ Հայաստանն ընդունել է «խաղաղության օրակարգ», որը չունի իր համար ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ո՛չ տեսլական, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ անվտանգության կառուցակարգեր։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։