«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Պարզվում է Ալիևի երեկվա ելույթից անմիջապես հետո Կովկասի մուսուլմանների գրասենյակը ավագանու նիստ է հրավիրել, որին մասնակցել են Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, ավագանու անդամներ, կրոնական միավորումների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ և պատգամավորներ։ Իսկ նիստի ժամանակ Փաշազադեն հայտարարել է, որ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան տարածաշրջանային բոլոր երկրների համար…
«Քրիստոնեության պատմության մասին կեղծ փաստարկներով որպես առանձին համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնյաներ ներկայացող հայկական կրոնական կենտրոնի միակ նպատակն էր աջակցել «Մեծ Հայաստանի» մասին հիվանդ հայկական ֆանտազիայի իրագործմանը։ Մենք բախվում ենք մի մտածելակերպի, որը Էջմիածինն ու Կիլիկիան իրենց կրոնական կենտրոններով հազարավոր խարդախությունների միջոցով յուրացնում է այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, աշխարհին տարածում է ստերով, զրպարտություններով և վիրավորանքներով լի կոչեր, ինչը հեռու է քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության և խաղաղ հարևանության դրույթներից, անընդհատ խթանում է անհամաձայնությունն ու թշնամանք, և կոչ է անում ռևանշիզմի ու բախման՝ իր հիվանդ երևակայության համար․․․», – ասել է Փաշազադեն՝ ի ցույց դնելով իր բացառիկ հակաքրիստոնեական էությունը ու հանդես գալով հերթական հայատյաց ելույթով։
Ավելին, նիստի ժամանակ «պատմական» որոշում են կայացրել՝ «վերականգնելու Երևանի qazı–ը (Հոգևորական, շարիաթի դատավոր, որը քննում է մուսուլմանների շրջանում կրոնական դատարանների գործերը) իրավունքները», ոմն Բախթիյար Նաջաֆով էլ նշանակվել է այդ պաշտոնում։
Կարդացեք նաև
Ըստ իս այս ամենին պետք է տրվի հստակ քաղաքական գնահատական թե՛ մեր Հայ Առաքելական եկեղեցու և թե՛ ԱԳՆ-ի կողմից։ Ինչքա՞ն կարելի է անտարբեր ու լուռ հետևել հակաքրիստոնեական, միջկրոնական, միջէթնիկ ատելություն հրահրող, ՀՀ-ի նկատմամբ տարածքային զավթողական ծրագրեր ի ցույց դնող Ադրբեջանի գործունեությանը։