Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշազադե. Հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին

Մայիս 22,2025 16:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազգ». Կովկասի մահմեդականների վարչության նիստում վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն թշնամական, զրպարտիչ հայտարարություններ է արել Հայաստանյայց Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին։ Նրա խոսքը մեջբերել է ադրբեջանական ԱՊԱ-ն։

«Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին, և իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին»,- ասել է Փաշազադեն։

Նա նշել է, որ հայերը քրիստոնեության պատմության մասին կեղծ նկատառումներով ներկայանում են որպես բացառիկ համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնյաներ։

«Ղարաբաղում ստեղծվել է Արցախի թեմը, իսկ Ռուսաստանում՝ Նոր Նախիջևանի թեմը։ Հայերի կրոնական կենտրոնի միակ նպատակը «Պատմական մեծ Հայաստան» հայկական ուտոպիան աջակցելն էր։

Մենք բախվում ենք մի համայնքի հետ, որը, բազմաթիվ կեղծիքների միջոցով յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, Ուչմիածնի և Կիլիկիայի իր կրոնական կենտրոնների միջոցով աշխարհով մեկ տարածում է ստերով և զրպարտությամբ լի ուղերձներ, որոնք հեռու են քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության, խաղաղ հարևանության մասին դրույթներից, որոնք անընդհատ քարոզում էին անհամաձայնություն, թշնամանք, վրեժխնդրություն և բախում՝ իր ուտոպիական երազանքն իրականացնելու անվան տակ։

Այո, սա է իրականությունը. համաշխարհային հայությունը, հենվելով Հայ ազգային եկեղեցու վրա, շարունակում է խաբել միջազգային հանրությանը իր պատմական և քաղաքական երեսպաշտությամբ: Նրանց նպատակն է՝ եթե հայկական պետությունը քաղաքական անգործունակության պատճառով գոյություն չունենա, ապա Հայ ազգային եկեղեցին կարող է շարունակել զորահավաք կենտրոնի առաքելությունը՝ ստեղծելով և ղեկավարելով Վատիկանի նման Գրիգորյան կրոնական պետություն:

Այսպիսով, Հայ եկեղեցին ունի նենգ մտադրություն՝ այս կամ այն ​​կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերի վրա: Սա մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք հարևան են Հայաստանին»,- հայտարարել է Փաշազադեն։

Վերոնշյալ բարբաջանքներով, զրպարտություններով ու կեղծարարություններով չբավարարվելով՝ նա հայտարարել է, թե իբր ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող «իրենց բնիկ հողերից ադրբեջանցիների աստիճանական վտարումը, էթնիկ զտումները և տեղահանությունները հանգեցրին ղազիյաթների գործունեության հարկադիր դադարեցմանը»։

«Արևմտյան Ադրբեջանի հողերում մեր ժողովրդին պատկանող նյութական և հոգևոր մշակույթի նմուշները, մզկիթների ունեցվածքը թալանվել են, Ղուրանի և ձեռագրերի հազվագյուտ օրինակները վաճառվել են արտասահմանյան աճուրդներում: Հայկական կեղծիքի և վանդալիզմի վառ օրինակ է նաև Երևանում Ջումա (Կապույտ-խմբ.) մզկիթի վերականգնումը, որը կառուցել են ադրբեջանցիները և որը հայերը ներկայացնում են որպես պարսկական»,-շարունակել է Փաշազադեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031