«Հայոց պետականության այն սպառնալիքները, որոնք ձեւավորվել են Հայաստանի գործող իշխանությունների գործողությունների կամ անգործության արդյունքում նաեւ, չեզոքացնելու շատ քիչ ռեսուրսներից մեկը մեր աշխարհագրական դիրքը աշխարհագրական պոտենցիալի վերածելն է։ Հայաստանը պետք է փորձի իր աշխարհագրական դիրքով դառնալ ազդեցիկ՝ գլոբալ քաղաքական զարգացումներում պատասխանատու դերակատար, մասնակից։ Այս առումով, հայաստանյան իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պահպանվի մեր երկրի դերակատարումը Հյուսիս-Հարավ՝ ոչ թե լոգիստիկ, այլ աշխարհաքաղաքական գծում։ Դա ՌԴ-ի եւ Իրանի հետ գիծն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ վերլուծելով ՌԴ ԱԳ նախարարի, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ՝ ռազմական, տարբեր այցերը Հայաստան։ Մեր զրուցակցի կարծիքով՝ այս ամենը փաստում է, որ Հայաստանը կանգնած է թե՛ ՌԴ-ի, թե՛ Իրանի հետ իր հարաբերությունները երկարաժամկետ հատվածում եւ ինստիտուցիոնալ առումով վերաիմաստավորելու անխուսափելի անհրաժեշտության առջեւ։
Ըստ նրա` որքան էլ արաբական տարբեր երկրներ հայտնվեն Իսրայելի կամ ԱՄՆ-ի ազդեցության տակ, Իրանն այն պետությունն է, որի հնարավորությունների կամ դերակատարման հետ Հայաստանը չի կարող հաշվի չնստել։ 40 տարուց ավելի լինելով խուլ շրջափակման մեջ, պատժամիջոցների տակ, այդ պետությունը դարձավ ինքնաբավ՝ ոչ միայն պահպանելով իր տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռմխելիությունը, այլեւ արձանագրեց տեխնիկական եւ տեխնոլոգիական բավականին լուրջ ձեռքբերումներ․ «Նույնիսկ ԱՄՆ-ը՝ Իրանի ազդեցությունը զսպելու հարցում, նախապատվություն է տալիս Իրանի հետ բանակցություններին, ոչ թե ռազմական բիրտ ուժի կիրառմանը, որին երբեմն ձգտում է Իսրայելը։ Այս համատեքստում նույնիսկ ինֆորմացիոն վերջին արտահոսքը՝ Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակման մասով, ըստ իս, ամերիկյան կողմն արեց՝ բանակցություններում Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Հետեւաբար, եթե ԱՄՆ-ն է Իրանի հետ հաշվի նստում, եկեք իրատես լինենք, Հայաստանն առավել եւս պետք է հաշվի նստի։ Մանավանդ, Իրանը Հայաստանի համար՝ արտաքին աշխարհ դուրս գալու ամենառեալ ճանապարհն է, ես կասեի՝ հարավային հատվածը մեր կյանքի ճանապարհն է։ Ուստի, Հայաստանը դատապարտված է վերբեռնել, որակական նոր մակարդակի բերել հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով ինչպես դա կընկալի, եթե, իհարկե, ՀՀ իշխանությունները մտահոգված են հայոց պետականության պահպանման անհրաժեշտությամբ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զրույցն ամբողջությամբ՝ մայիսի 23-ի տպագիր «Առավոտում»: