«Հետք». Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է: Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով: Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերության կողմից կառուցվող առանձնատներն են։
Սուբվենցիոն ծրագրերով ճանապարհների վերանորոգումը մի քանի փուլ է անցնում, և երկար ժամանակ է պահանջվում շինարարությունը սկսելու համար:
Հիմնանորոգվում է նաև քաղաքի Խորենացու փողոցի 450 մետր հատվածը, որն ավարտվում է Տերյան փողոցով: Համայնքապետարանում գուցե պատճառաբանեն, թե ըստ առաջնահերթության է Տերյան փողոցն ընտրվել: Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սկեսրոջ՝ վաճառքի նպատակով կառուցվող տների հանգամանքը, դժվար է պատահականություններին հավատալ, հատկապես, որ Տերյան փողոցի այդ հատվածը, այլ փողոցների համեմատ, այդքան էլ վատ վիճակում չէր:
Խորենացու փողոց
Կարդացեք նաև
Փոխարենը համայնքային իշխանությունները չեն շտապել հիմնանորոգել քաղաքի Չարենցի, Անդրանիկի, Թումանյան, Պատկանյան ու բազմաթիվ այլ փողոցներ՝ բավարարվելով միայն փոսալցմամբ, որը մեկ սեզոնից ավելի կյանք չի ունեցել:
«Հետքը» դեռ 2023թ. դեկտեմբերին գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել: Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ:
«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 1,2 հեկտար է, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի հոդվածը, նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ այն միացվել է «Հետքի» նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացություններն արդեն ստացվել են: Մեր տեղեկություններով, դրանք Դ. Գասպարյանի օգտին չեն, ինչը նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է քրեական վարույթով մեղադրանք առաջադրվի:
Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: