Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսին և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ռազմավարական հաղորդակցության տնօրեն Աուդե Մայո-Կոլիշեին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
Քննարկման գլխավոր թեմաներն էին մեդիայի բազմազանության խթանումը, խոսքի ազատության ապահովումը, ինչպես նաև հեռարձակման ոլորտի կարգավորումները՝ հանրօգուտ, թափանցիկ և պատասխանատու մեդիա միջավայրի ձևավորման համատեքստում։
Պարոն Վասիլիս Մարագոսը կարևորեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դերը մեդիաոլորտի զարգացման գործում։ Նա ընդգծեց օրենսդրական ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունեց ՀՌՀ-ի ջանքերը օրենսդրական փոփոխությունների գործընթացում։
Կարդացեք նաև
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրոպական միության միջև շարունակական համագործակցությունն ու մասնագիտական երկխոսությունը՝ մեդիա դաշտի բարելավման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ։
Նա հատկապես ընդգծեց ոլորտի առաջ ծառացած մի շարք կարևորագույն խնդիրներ, այդ թվում՝ պրոպագանդայի և ատելության խոսքի տարածումը, համացանցում առկա ոչ կարգավորված վիճակը, օտարերկրյա հեռարձակողների ազդեցությունը և ապատեղեկատվության տարածումը։
«Վերջերս իմ ելույթներից մեկում ես եւս մեկ անգամ ընդգծեցի, որ մեզ, որպես կարգավորող մարմնի, այս պարծենկոտ հայտարարությունները, թե մամուլի ազատության ինդեքսում 34-րդ տեղում ենք, չեն գոհացնում։ Մենք դրանում տեսնում ենք մեծ սպառնալիքներ և վտանգներ։ Մեր ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ», — նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Խոսելով խոսքի ազատության կարգավորման մասին՝ նա ընդգծեց. «Երբևէ որևէ բողոք չի եղել այն մասին, որ ՀՌՀ–ն սահմանափակում է որևէ մեկի խոսքի ազատությունը։ Սա մեր աշխատանքի կարևոր սկզբունքներից է»։
Հանդիպման մասնակիցները վերահաստատեցին փոխըմբռնման և գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ուղղված մեդիա կայունության, թվային միջավայրի անվտանգության և հանրային շահի պաշտպանությանն ուղղված մեդիա քաղաքականության զարգացմանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով