Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողություններ լավագույն տարիներից, որ կարոտ են դարձել. Նվիրվում է Արկադի-Տեր Թադևոսյանի ծննդյան օրվան

Մայիս 22,2025 20:37

2011 թվականին էր, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում օրեր շարունակ նախապատրաստվում էին դիմավորելու Արցախյան գոյամարտում լեգենդ դարձած հրամանատար, Շուշիի ազատագրման կազմակերպիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին: Նախատեսած էր՝ անցկացնել յուրահատուկ արիության դաս:

Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Կիմա Խաչատրյանը գրել էր «Անավարտ նամակ» շարադրությունը, որն էլ պետք է բեմադրվեր Կոմանդոսի ներկայությամբ, դպրոցի սաների խաղով: Կոմանդոսը Բերձոր եկավ մայիսի 17-ին, հաջորդ օրը պետք է մասնակցեր Բերձորի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: 1992թ. մայիսի 18-ին՝ Բերդաձորի ազատագրումից 1 օր անց, Հայոց ռազմական ջոկատները թշնամուն դուրս շպրտեցին նաև Բերձոր-Լաչինից և Աղավնո-Զաբուղից, ե բացվեց Կյանքի ճանապարհը:

Հանդիպման օրը դպրոցի դահլիճում գեներալի կողքին նստած էին բժիշկ-ազատամարտիկ, գրող, հասարակական գործիչ, Քաշաթաղի բուժմիավորման հիմնադիր, արդեն երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանը, Քաշաթաղի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը, շրջանի ուժային և այլ կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, ուսուցիչներ, ազատամարտիկներ, և ամենակարևորը՝ աշակերտներ, ովքեր նույն օրերին անհամբերությամբ էին սպասում՝ հանդիպելու լեգենդի հետ:

Մինչ հանդեսի սկսելը՝ դպրոցի տնօրենի աշխատասենյակում ընդունել էին գեներալին: Ուշացումով եկա. Բերդաձորում էի՝ մասնակից ենթաշրջանի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Ողջագուրվում ենք. հիշում ենք 1992 թվականի մարտի 14-ը, որ հանդիպեցինք Ստեփանակերտում: Երևանից հիմնականում բերդաձորցի տղաներից կազմված ջոկատը, որի կազմում էի, նոր էր ինքնաթիռից իջել Ստեփանակերտ և ներկայացել ռազմաբազա: Մեզ ընդունում է արդեն հայտնի գնդապետը՝ Կոմանդոսը, հրահանգներ տալիս: Հաջորդ օրը նրա հրամանով ուղևորվեցինք Ավետարանոց՝ Շուշիի թիկունք՝ նախապատրաստվելու բերդաքաղաքի ազատագրմանը:

Դահլիճում բեմահարթակը ներկայացնում է ճակատային գիծ՝ խրամատներում զինվորներ: Մյուս պատկերում արդեն պատերազմից հեռու խաղաղ բնակարան է, որտեղից ռազմաճակատ կամավոր մեկնող Կարենին մայրն է ճանապարհում՝ տալով իր օրհնանքը: Խրամատում հսկող զինվորները, նաև Կարենը, խաղաղ ժամանակներն են հիշում, նամակ են գրում, բայց սկսվում է հարձակում թշնամու կողմից: Վիրավորվում է կամավորական Կարենը, որին օգնության է հասնում բուժքույրը, վիրակապում գլուխը: Բայց մարտը չի ընդհատվում, ավելի է սաստկանում, և Կարենը, գիտակցելով՝ նահատակվելու է, վերջին նամակն է գրում, որը կիսատ է մնում:

Ավարտվում է ներկայացումը: Բեմից ներկաներին է ողջունում Կոմանդոսը՝ խոստովանելով՝ բերձորցի աշակերտներն իրեն ստիպեցին արտասվել: Երախտագիտություն է հայտնում՝ նման դասի ներկա լինելու համար:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ, արդեն երջանկահիշատակ, Արտուշ Մխիթարյանի խոսքով Բերձորի ազատագրման օրը նաև հիանալի առիթ է՝ շփվել սիրելի գեներալի հետ: «Շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու և մեր երեխաներին այսպիսի արիության դաս տալու համար: Մեր սերունդները Ձեր և Ձեր նմանների ոգով պետք է դաստիարակվեն, և այդ դեպքում մեր երազած հայրենիքը կունենանք», -խոսքն ավարտեց Ա. Մխիթարյանը:

Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության ռազմահայրենասիրական բաժնի ներկայացուցիչ Մուրադ Շահրամանյանը ևս շնորհակալություն հայտնեց՝ ասելով. «Ուրախ եմ ներկա լինել մի միջոցառման, որտեղ լեգենդար Կոմանդոսն է: Սա յուրահատուկ և ամենահիշարժան արիության դասերից է, քանի որ այն վարում է Արկադի Տեր-Թադևոսյանը: Պատիվ է դպրոցի համար, երբ ընդունում է Արցախի հերոսին»: Մ. Շահրամանյանը տեղեկացրեց նաև՝ Կ. Խաչատրյանի նամակ-շարադրությունը, որը բեմականացվեց, Հանրապետական մրցույթում ճանաչվել է լավագույններից, և հեղինակը պարգևատրվել է ԱՀ ԿԳՆ պատվոգրով:

Քաշաթաղի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետն իր խոսքում ասաց՝ մեծ պատիվ է մեր շրջանի համար, որ մեզ հետ է Մեծն Կոմանդոսը՝ լեգենդար մարդը: Ապա հավելեց. «Մենք ունեցել են բազում լեգենդար հերոսներ, և 21-րդ դարաշեմին ունենք Կոմանդոսին: Գեներալին առաջինը հանդիպել եմ 1995 թվականին Երևանի կինոյի տանը, որտեղ սևազգեստ կանայք էին՝ որդեկորույս, այրիացած: Կոմանդոսին տեսնելուց հետո կարողացա միայն սփոփանքի խոսքեր ասել սևազգեստ կանանց»:

Տողերիս հեղինակը նույնպես հիշողություններ պատմեց Արցախյան գոյամարտի, Կոմանդոսի մասին: Բեմադրության մասնակից դերասան-աշակերտներին ու բոլոր ներկա երեխաներին դիմելով՝ պատվիրեցի չմոռանալ այս հերոսական դասը: Հատկապես տղաները պետք է իմանան՝ իրենց ձեռքում է հայրենիքի ու իրենց մայրերի, քույրերի պաշտպանությունը: Ինչ խոսք, նույն տղաներից շատերը դարձան հայրենիքի զինվոր, պաշտպանեցին մեր երկրի սահմանները: Ցավոք, նաև եղան նահատակներ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի և այլ բախումների ժամանակ: Վահագնը, Ժորան, Գոռը, Վրեժը, Սարոն, Նժդեհը, Արցախը, Հակոբը, Ժիրայրը… 2020թ. 44-օրյա պատերազմում միայն Քաշաթաղի շրջանից զոհվեցին մոտ 80 քաջորդի, մեծ մասը՝ նույն երեխաների շարքերից:

Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանն իր ղեկավարած կրթօջախի կողմից Կոմանդոսին նվիրեց յուղաներկ կտավ՝ արված Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի սաների կողմից: Հայտնելով շնորհակալություն այցի համար՝ հույս հայտնեց՝ հանդիպումները կլինեն շարունակական:

Իհարկե, սա Կոմանդոսի առաջին և միակ այցը չէր Քաշաթաղի շրջան: Ավելի վաղ գեներալը ներկա եղավ Աղանուս գյուղի միջնակարգ դպրոցի անվանակոչության արարողությանը: Բերձորից մոտ 10 կմ հարավ ընկած Աղանուս գյուղը, մինչ ազատագրումը, մեծ չարիք էր Բերդաձորի համար:

Վերահայանալուց քիչ անց այստեղ սկսեց գործել դպրոցը, որը կոչվեց Երևանի Դավիթաշենի «Սասնա ծռեր» ջոկատի Անմահ Հերոս Արսեն Հակոբյանի անունով:

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է։ 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում, ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները։ 1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից։ Նախ՝ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում՝ Թբիլիսիում, որտեղ էլ ծնվում է ապագա հրամանատարը։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031