Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները և ներկայացրել առաջիկա ծրագրերը, ինչպես նաև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեի գերխնդիրը հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումն է։ «Այն իրագործելու համար նախևառաջ անհրաժեշտ է բեկում մտցնել քաղաքացիների հարկ վճարելու ընկալումներում, իսկ բարեխիղճ և հոգատար հարկ վճարելու մշակույթն այլընտրանք չունի»,- ասուլիսին վստահեցրել է Էդուարդ Հակոբյանը՝ կարևորելով արհեստավարժ, հզոր և մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն ունենալու անհրաժեշտությունը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5%-ով։ Մասնավորապես, հարկային մարմնի մասով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է 12.7% աճ, իսկ մաքսային մարմնի մասով՝ 25.3% աճ: Կոմիտեի ղեկավարը կարևորել է ծախսաարդյունավետության ցուցանիշը՝ նշելով, որ այն առաջին եռամսյակում կազմել է 0.75%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 0.9%, ինչը վկայում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման մասին։
ՊԵԿ գործունեության արդյունավետություն
Կարդացեք նաև
Անդրադառնալով ստուգումների արդյունքներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ այս առումով արձանագրվել են 18% աճ և 45 մլրդ դրամի չափով բացահայտումներ։ Պետական եկամուտների կոմիտեում հարկային ստուգումների ընտրողականությունն իրականացվում է ռիսկերի կառավարման համակարգերի միջոցով։ Ռիսկային չափանիշների մշտապես վերանայման արդյունքում՝ տարեցտարի բարձրանում է ստուգումների թիրախայնությունը և արդյունավետությունը: Այսպես, 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին իրականացված 6124 ստուգման և ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է լրացուցիչ 23.1 մլրդ դրամ գումար: Հարկային վարչարարության թվայնացման շնորհիվ հնարավոր է դարձել առցանց ձևաչափով ստուգել հաշվարկները, վերլուծել տվյալները և կանխել հարկային ռիսկերը՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը և սխալների հավանականությունը։ 2025 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 50%-ով։ «Զուգահեռաբար աճել է ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը, մասնավորապես, հայտնաբերվել է շուրջ 141 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 84 մլրդ դրամով կամ շուրջ 146%-ով։ Հայտնաբերված թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 39 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի է շուրջ 80%-ով»,- հայտնել է Կոմիտեի ղեկավարը։
Բարեփոխումներ՝ հօգուտ քաղաքացիների
2025 թվականին իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր՝ ուղղված քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններին, հարկային կարգապահության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Մասնավորապես, պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը և լրացման կարգը․ նվազեցվող (չհարկվող) եկամուտների լրացման մասով սահմանվել է նվազագույն շեմ (300 հազար դրամ)։ Սահմանվել են հստակ ժամկետներ հայտարարագրերի ներկայացման համար, մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ հետագա հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։ Պարզեցումներ են եղել նաև նույնականացման քարտ չունեցող անձանց համար։ Ընդլայնվել է կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման շրջանակը՝ ներառելով ատամնաբուժական ծառայությունների, արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված վճարները, եթե դրանք կատարվել են անկանխիկ եղանակով, ինչպես նաև դասագրքերի վարձակալությունը։ Տեղեկատվական բազաների հիման վրա որոշ տվյալներ այժմ լրացվում են ինքնաշխատ։ Միաժամանակ, շարունակվում են աշխատանքները՝ քաղաքացիների համար համակարգից օգտվելն ավելի հեշտացնելու ուղղությամբ։ 2024 թվականի հաշվետու տարվա համար մայիսի 22-ի դրությամբ հայտարարագիր ներկայացրել է 57,736 ֆիզիկական անձ։ 23,175 ֆիզիկական անձ ստացել է սոցիալական ծախսի փոխհատուցման գումար՝ 2 մլրդ 80 մլն դրամի չափով։
Շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխություններով պայմանավորված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար հաստատվել է աջակցության ծրագիր։ Շարունակվում են բարելավումները նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացում, ինչն ապահովում է ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։ Հարկային մարմնի թվայնացման գործընթացի շրջանակում 2025 թվականից գործարկվել է հարկային պարտավորությունների հաշվառման՝ անձնական հաշվի քարտի նոր համակարգը, որի արդյունքում ավելի համակարգված է դարձել հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։
Վերլուծական գործիքակազմ, կարգապահության բարելավում
Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականին շարունակել է կատարելագործել վերլուծական գործիքակազմը՝ նպատակ ունենալով բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը և խթանել հարկ վճարողների կարգապահությունը։ Վերլուծական գործիքների կիրառման արդյունքում՝ 2025թ․ հունվար-ապրիլ ամիսներին առանց «թեմատիկ ուսումնասիրություն» գործիքի, հաշվեգրվել է շուրջ 18.6 մլրդ դրամ լրացուցիչ հարկ, ինչը 18%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Փաստաթղթավորված գործարքների քանակը կազմել է 24.8 մլն, աճը կազմել է 11%, իսկ գումարային աճը` 526.6 մլրդ դրամ կամ 13%: Հարկային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման շրջանակում արհեստական բանականության գործիքների վերլուծությունների արդյունքներով առաջիկայում կձևավորվի 2025-2026 թվականների ռիսկային հարկ վճարողների ստուգումների ցանկը։
Մաքսային ոլորտի հիմնական արդյունքները
Մաքսային ոլորտում թվայնացման բարեփոխումների շրջանակում, մաքսային մարմնում 2025 թվականին հունվարին գործարկվել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը, ինչի արդյունքում գործնականում բացառվել է մաքսային մարմին ֆիզիկապես այցելելու և պաշտոնատար անձանց հետ անմիջական շփման անհրաժեշտությունը․ տեղեկատվությունը տնտեսավարողին փոխանցվում է առցանց եղանակով։ Արդեն իսկ գործարկվել է ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման միասնական համակարգը։ Միաժամանակ, շարունակվում են ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգի, «EXIM» տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման շրջանակում Երևանի և Սյունիքի մաքսային կենտրոնների կառուցման, «Մեղրի» և «Բագրատաշեն» անցման կետերի ենթակառուցվածքների վերակառուցման, 24/7 գրաֆիկով արտահանմամբ զբաղվող կառուցվածքային միավորի ստեղծման աշխատանքները։ Մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման շրջանակում ևս նախատեսվում է արհեստական բանականության գործիքների կիրառմամբ գործարկել «խելացի» ռիսկերի համակարգը, ինչը հնարավորություն կտա թիրախավորել ինչպես կոնկրետ գործարքը, այնպես էլ կդիտարկի նաև տվյալ տնտեսվարողի նախկինում կատարված գործարքների պատմությունը, հայտնաբերված խնդիրները և այլն։
Մաքսային գործընթացների պարզեցման արդյունքում 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 6 տոկոսային կետով բարելավվել է մաքսային մարմնի կողմից մինչև 60 րոպեի ընթացքում բացթողնվող ներմուծման հայտարարագրերի կշիռը: Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 55%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում մաքսային մարմնի կողմից անվճար հիմունքներով ուսումնասիրվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների 4992 հայտ (26491 ապրանքատեսակ), որից փորձաքննության է ուղարկվել ընդամենը 1073 հայտ (2770 ապրանքատեսակ) կամ ընդհանուր հայտերի շուրջ 21․5%-ը, իսկ ապրանքատեսակների՝ շուրջ 10․4%-ը:
Մաքսանենգության դեմ պայքար
2025թ-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արձանագրված մաքսանենգության դեպքերի բացահայտման քանակը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է շուրջ 9%-ով։ Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում այս տարի աճել են կոկաին, մարիխուանա և հաշիշ տեսակների առգրավման ծավալները, իսկ ափիոն և մեթամֆետամին տեսակների ծավալները նվազել են։
Իրավական գործիքակազմի բարելավում
ՊԵԿ-ի իրավաբանական ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում շարունակվել են աշխատանքները դատական պաշտպանության, վարչական վարույթների, իրավական ակտերի մշակման և բարեփոխումների ուղղությամբ՝ ապահովելով իրավական գործիքակազմի շարունակական կատարելագործում։
Մարդկային ռեսուրսների կառավարում
Աշխատանքներ են տարվում մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային հարթակի մշակման ուղղությամբ։ Միաժամանակ, շարունակվում է հարկային և մաքսային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը, շարունակաբար բարելավելով ընթացակարգերը: Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությանը՝ Կոմիտեի նախագծերում։ Մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարման թվային համակարգի մշակումը, ինչպես նաև ավարտին է մոտենում ՊԵԿ աշխատակիցների համապարփակ գնահատման նոր համակարգի մշակումը (Համաշխարհային բանկի և KPMG-ի հետ համագործակցությամբ)։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանում։
Միջազգային համագործակցություն
Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, ակտիվացել է միջազգային կառույցների և տարբեր երկրների միջև բազմակողմ և երկկողմ գործակցությունը, իրագործվել են նաև մի շարք միջազգային կարևոր նախաձեռնություններ։ Երևանում կազմակերպվել և իրականացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, ընդլայնվել են հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները՝ համապատասխան այցերի ու մաքսային ոլորտում կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի առաջին եռամսյակում միացել է ՏՀԶԿ Միասնական փոխանակման համակարգին՝ ապահովելով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում 47 գործընկեր պետությունների հետ։ Ամփոփվում են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հարկային համակարգի համապարփակ գնահատման արդյունքները (TADAT)։ Վերջինս հնարավորություն կտա գնահատելու հարկային վարչարարության համակարգի ձեռքբերումները և բարելավման ենթակա ուղղությունները՝ նպաստելով ռազմավարական որոշումների կայացմանը և մշակվող նոր ռազմավարությունների բարելավմանը։
Ամփոփելով մամուլի ասուլիսը՝ ՊԵԿ նախագահը ևս մեկ անգամ վստահություն է հայտնել, որ 2025 թվականը բեկումնային է լինելու՝ հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ (պետական բյուջե) կապն ամրապնդելու ուղղությամբ։ Այս ամենի արդյունքում՝ հարկ վճարելու մշակույթը կդառնա պետության զարգացման և հասարակության բարեկեցության բարձրացման արժեքավոր ներդրում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին