Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախումբը, որը ստեղծվել է 2019 թվականին՝ երիտասարդ դիրիժոր Արմեն Կարճյանի գլխավորությամբ, ապրիլի 17-ից մինչև մայիսի 3-ը Դետմոլդ քաղաքի Երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Արամ Բադալյանի նախաձեռնությամբ ու այդ բուհի նվագախմբային ֆակուլտետի հրավերով մեկնել էր Գերմանիա՝ ելույթներ ունենալով ինչպես այս երկրի տարբեր քաղաքներում՝ Դետմոլդում, Կարլսրուհեում, Շտուտգարտում, այնպես էլ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Ի դեպ, Շտուտգարտում ու Վիեննայում համերգները նվիրված են եղել Հայոց Ցեղասպանության 110-ամյա տարելիցին, դրանք կազմակերպվել են տեղի հայ համայնքների կողմից, իսկ մնացած երեք համերգները՝ գերմանացիների։
Հետաքրքիրն այն է, որ նվագախմբի համերգներն ունկնդրել են ոչ միայն տվյալ երկրներում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները, այլ օտարազգիները։
Կարլսրուհե քաղաքի Ավետարանական եկեղեցում դիրիժոր Ֆելիքս Թրայբերի ղեկավարությամբ մեր նվագախումբը կատարել է նրա ալտի կոնցերտը, Է. Էլգարի, Ա. Դվորժակի ստեղծագործությունները, բայց երբ հնչել են Կոմիտասի անզուգական մանրանվագները՝ Սարգիս Ասլամազյանի մշակմամբ, գերմանացի ունկնդիրը պահանջել է նորից ու նորից կատարել այն։
Կարդացեք նաև
Գրեթե նույն պատկերն արձանագրվել է այս նույն քաղաքի Տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ բուհի նվագախումբը հանդես է եկել Լ.Խաչատրյանի, Պ. Չատիպավլիդիսի, Մ.Մորայի մենակատարումներով, հնչել են Վ.Ա.Մոցարտի դաշնամուրի 9-րդ՝ Es-dur կոնցերտը, Դ.Շոստակովիչի դաշնամուրի, շեփորի և նվագախմբի համար:
Ապրիլի 24-ին էլ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախումբը հանդես է եկել Շտուտգարտ քաղաքում՝ համերգային հատուկ ծրագրով՝ Բադեն-Վյուրտեմբերգի ծխական քահանա Տիրատուր Սարդարյանի գործուն աջակցությամբ: Համերգը ներառված է եղել քաղաքի հայկական համայնքում Հայոց Ցեղասպանության 110-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների շարքում:
Հայոց Ցեղասպանության 110-ամյա տարելիցին նվիրված համերգը տեղի է ունեցել նաև Վիեննայի Քաղաքային Բարեփոխական եկեղեցում (Reformierte Stadtkirche Wien), հնչել են Յ.Ս.Բախի, Բ.Բրիտտենի,Կոմիտասի, Մ.Եկմալյանի, Բ.Կանաչյանի, Ղ.Սարյանի, Ա.Բաբաջանյանի, Էդ.Միրզոյանի, Էդ.Բաղդասարյանի ստեղծագործությունները։
Մենակատարները եղել են ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դասախոս Մերուժան Գևորգյանը, Գայանե Միրզոյանը (Ավստրիա), Կարինե Միքայելյանը (Ավստրիա), Արևիկ Իվանյանը։ Վիեննայում համերգի կազմակերպիչը եղել է տաղանդավոր երաժիշտ Գայանե Միրզոյանը։
Դետմոլդ քաղաքի Երաժշտական Բարձրագույն դպրոցի (DetmoldHochschulle für Musik) նվագախմբային ֆակուլտետը ՝ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախմբի հետ իրականացրել է համատեղ ծրագիր՝ վարպետության դասերով, որն ավարտվել է մայիսի 2-ին կայացած մեծ համերգով:
Դետմոլդի Երաժշտական համալսարանի (Hochschule für Musik Detmold) պրոֆեսոր Արամ Բադալյանը, որը վերջին երեք տարիներին համագործակցում է նվագախմբի հետ՝ երիտասարդ երաժիշտների խնդրանքով դառնալով գեղարվեստական ղեկավարը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նվագախմբի համերգային շրջագայությանը՝ անկեղծացավ, որ ինքը կազմակերպչական փորձ չուներ, սակայն մտածեց՝ ինչպես խթանել երիտասարդ նվագախմբին, երիտասարդ սերնդին ու Գյումրու երաժշտական աշխարհին, որի արդյունքում էլ կազմակերպվեց նրանց այցը Գերմանիայի Դաշնություն։
«Երբ հետ եմ նայում, զարմանում եմ՝ ինչպես կարողացանք հաջողել, որովհետև իմ ընկերներն ասում էին՝ ձախողման վրա եք։
Համերգները շատ լավ ընդունվեցին տեղի հասարակության կողմից, շատ ավելի մեծ արձագանք եղավ, քան ես սպասում էի։
Դետմոլդ քաղաքում իմ գործունեության հինգ տարվա ընթացքում ես չեմ տեսել նմանատիպ հանդիսատես, միշտ նույն հանդիսատեսն է գալիս․ քաղաքը մեծ չէ, և միշտ նույն մարդիկ են գալիս։ Հոտնկայս ծափահարում էին, մանավանդ երբ վերջում հնչեց Կոմիտաս, շատ հուզվեցին, շատ զարմացան։
Կարլսրուհեում էլ նույն ընդունելությունն էր, ես անձամբ այնտեղ շատ եմ նվագել, բայց նման ընդունելություն չէի տեսել, բոլորը շատ հուզված էին․ ես մտածում եմ, որ յուրահատկություն կա նվագախմբի մեջ՝ երաժշտական ու մարդկային ոգին է, որից գերմանական հասարակությունը շատ ցնցված էր։ Չնայած կազմակերպչական դժվարություններին, վերջիվերջո մենք երաժիշտներ ենք ու մեր մասնագիտությունը չէ կազմակերպիչ լինելը, համերգների արդյունքները շատ-շատ հաջողված էին, քան ես սպասում էի։
Նվագախմբի համար էլ հեշտ չէր, նվագախմբի կեսից շատը անփորձ երիտասարդ երաժիշտներ էին, որոնք երբեք չեն գնացել դուրս, չգիտեին՝ ինչ է շրջագայությունը, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լարված վիճակում էին, որովհետև պատասխանատու համերգներ էին, շատ էին պարապում, փորձեր անում, բայց երբ նայում եմ հետ, զարմանում են՝ ո՞նց կարողացան։
Բոլոր այն մարդկանց, ում հետ կազմակերպել էինք համերգը, ուզում են հաջորդ տարի նորանոր նախագծեր անենք՝ շատ ավելի մեծ․ բոլորի հետ նվագախումբն աշխատեց՝ շատ լավ տպավորություն է թողել», -ասաց Արամ Բադալյանը։
Նա ասաց, որ հինգ համերգ են ունեցել, որից երեքը կազմակերպվել է գերմանացիների կողմից՝ եվրոպական ծրագրով՝ գերմանացիների համար։
«Կոմիտասը նորություն էր նրանց համար, երևի թե ամենահետաքրքիր համարն էր ամբողջ ծրագրից, որովհետև եվրոպական երաժշտությունը գիտեն, լսել են։ Ծրագիրը, որը նվագում ենք, հայտնի է, բայց երբ վերջում Կոմիտասից 1-2-3 հատվածներ, փոքրիկ ստեղծագործություններ հնչեցին, մեծ տպավորություն թողեց։ Նվագում ենք ամեն ինչ, բայց հենց Կոմիտաս ենք նվագում, ողջ հասարակությունը ոտքի է կանգնում, չես էլ հասկանում՝ ինչու, որովհետև իրենցը չէ, իրենք չպիտի հասկանան, բայց այդպես չէ»,- ասաց Արամ Բադալյանը։
Ըստ նրա, եթե համառ աշխատեն, ճիշտ քայլեր անեն, 3-5 տարում կհաջողվի միջազգայնացնել Գյումրու այս նվագախումբը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, կամերային նվագախմբի գործունեության համակարգող Սպարտակ Պետրոսյանն էլ պատմեց, որ Արամ Բադալյանի հետ ծանոթանալուց հետո որոշեցին կամերային նվագախմբում ընդգրկված ուսանողների, ինչու չէ նաև դասախոսների կատարողական մակարդակը բարձրացնել։
Ըստ նրա, շրջագայությունը խթան կհանդիսանա գյումրեցի երաժիշտների համար, որպեսզի համոզվեն՝ կարելի է լավ ապրել , բարեկեցություն ապահովել ոչ միայն ժամանցային երաժշտություն, այլ նաև դասական երաժշտություն հնչեցնելով։
Մեր զրուցակիցն ասաց՝ իրենց պարտքն են համարել ամեն մի համերգային ծրագրում հնչեցնել Կոմիտաս, և ում հետ համագործակցել են՝ նրանք հետաքրքրվել են՝ հաջորդ համերգը ե՞րբ է լինելու։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար տնօրեն, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես ստեղծվեց նվագախումբը։
Այն ստեղծվել է 2019 թվականին կոնսերվատորիայի միակ մասնագետ դիրիժոր, ջութակահար Արմեն Կարճյանի ջանքերով։ Առիթը եղել է այն, որ Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանն առաջարկել է մասնակցել ART ՇԱԲԱԹ փառատոնին։
«Շատ համարձակ քայլ էր, մենք չէինք սպասում, որ կկարողանային ուսանողները, զգացինք, որ կազմը շատ փոքրիկ է, պետք է մեծացնել։ Քանի որ մասնաճյուղ ենք, մեր հնարավորությունները սահմանափակ են, և ոչ բոլոր նվագարաններից ունենք բավարար քանակ, դրա համար դասախոսները նույնպես միացան։ Բոլորն էլ երիտասարդ են, բոլորն էլ խոստումնալից, ամենակարևորը՝ մեծ ձգտումով։
Գաղափարը բոլորին դուր եկավ։ Իհարկե, քանի որ բուհական է, ամեն տարի կազմը փոխվում է․ ունենք դիմորդներ, որոնք նոր պիտի ստանան բարձրագույն կրթություն, պետք է ընդունվեն կոնսերվատորիա, բայց այնքան ժամանակ են նվագում, որ կոփվել են, ձեռք են բերել անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն։ Այդուհանդերձ կարիքը զգացվեց հատկապես կոնտրաբաս նվագարանի և ևս երկու ջութակահարների, սիրով հրավիրեցինք Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտների, որոնք այսօր տարբեր կրթօջախներում աշխատում են, նրանք մեզ մոտ նույնպես դասավանդելու են», -ասաց Հասմիկ Հարությունյանը։
Ըստ մեր զրուցակցի, Արամ Բադալյանի գալուց հետո ի վերջո ունեցել են որոշակի կազմ, որը երևի թե հետագայում քիչ փոփոխության ենթարկվի։
Նա պատմեց, որ բուհի կամերային նվագախումբը 2019 թվականից համագործակցել է համբավավոր երաժիշտ Հմայակ Դուրգարյանի հետ, որը հանդես է եկել որպես դիրիժոր, վարպետության դասեր է անցկացրել։
Նվագախմբի կատարողական մակարդակը բարձրացրել է նաև Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսոր, ջութակահար Լևոն Չիլինկիրեանը։ Հինգօրյա վարպետության դասերից հետո նրա հետ համատեղ համերգ է կայացել։ Բոլոր վարպետության դասերը անցկացվել են կամավորական սկզբունքով, ճանաչված երաժիշտների ցանկությամբ և կամեցողությամբ։
Նվագախումբը հանդես է եկել ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի հետ, որը նրանց շատ է ոգևորել, վստահեցրել, որ նվագախումբը կարող է լուրջ ստեղծագործություններ կատարել։ Այնուհետ Երևանում հյուրախաղերի եկած շվեյցարացի անվանի դաշնակահար Ժոզեֆ-Մորիս Վեդերի հետ են ունեցել համերգ, իտալացի նշանավոր դիրիժոր Ստեֆանո Ինտրիերիի։
Հասմիկ Հարությունյանը նշում է, որ իրենց արդեն ճանաչում են, բոլոր համերգների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն են, թեև Գյումրիում չկա ֆիլհարմոնիկ դահլիճ, համերգների մուտքն էլ առանց տոմսերի են, ազատ, որը, նրա կարծիքով՝ ևս խրախուսելի չէ։
«Սրանք շատ կարևոր համերգներ են, պիտի ունենան իրենց պատշաճ գնահատումը նաև այս առումով։ Անելիքներ շատ կան, բայց բոլորս խանդավառված ենք, որովհետև նվագախումբը կարելի է ասել՝ կայացել է, ինչը որ ամենակարևորն է և վիթխարի հեռանկարային ծրագրերի շեմին ենք», -ասաց Հասմիկ Հարությունյանը։
1974 թվականին Գրիգոր Դանիելյանը՝ Դանիել երաժիշտը, Լենինականում ստեղծել է կամերային նվագախումբ, որը փակվել է 1979 թվականին, որովհետև չեն եղել այն կադրերը, որոնք պիտի սնուցեին նվագախումբը։
Իսկ այժմ, ըստ Հասմիկ Հարությունյանի, կադրերին հենց կոնսերվատորիան է պատրաստում։ Ըստ նրա, Գյումրին ունի երեք նվագախումբ ՝ ժողովրդական գործիքների նվագախումբ, փողային նվագախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, մշակութային այս քաղաքին անհրաժեշտ է նաև կամերային նվագախումբ։
Հասմիկ Հարությունյանն ասում է՝ այն բուհական նվագախումբ է, սակայն իրենց երազանքն է, որ դուրս գա բուհից ու դառնա ինքնուրույն, դառնա համայնքային ու կոչվի Գյումրու կամերային նվագախումբ։ Այն , ըստ մեր զրուցակցի, կազմով փոքր է՝ բաղկացած 15 երաժիշտներից և շատ ճկուն է։
Այն Արամ Բադալյանի առաջարկով մկրտվել է Կոմիտասի անվամբ․ կոչվում է «Գյումրու Կոմիտաս կամերային նվագախումբ»։
Նվագախմբի առաջին ձայնասկավառակը թողարկվել է Գերմանիայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ