Լրագրող Անի Գեւորգյանը տեղեկացնում է
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը այսօր հրապարակել է որոշում, համաձայն որի ճանաչել է իմ խախտված իրավունքները Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 10-րդ հոդվածով եւ անընդունելի է ճանաչել՝ 3-րդ հոդվածով։ Այլ կերպ ասած, դատարանն ընդունել է, որ խոչընդոտվել է իմ լրագրողական աշխատանքը, սակայն այդ ընթացքում ես նվաստացուցիչ վերաբերմունքի չեմ արժանացել։
Հիշեցնեմ, որ դեպքը տեղի էր ունեցել 2014 փետրվարի 14-ին Մաշտոցի պողոտայում, երբ ես լուսանկարում էի ընդդիմադիր երիտասարդների ցույցը, որի ժամանակ նրանց վրա սադրիչների մի խումբ էր հարձակվել։
Դրան հաջորդել են ինձ բռնի ուժով ոստիկանության բաժին ապօրինի բերման ենթարկելը, տեսախցիկը խլելը, հիշողության քարտերի փչացնելը, բաժնում ինձ ապտակելը։ Հավանաբար այս ամենը կատարվել է խիստ հարգալից մեթոդներով։
Կարդացեք նաև
Այդ ամենի վերաբերյալ արդյունավետ քննություն չէր իրականացվել, իմ բողոքով հարուցված քրեական գործը կարճվել էին, ինչի հետեւանքով հնարավոր չէր եղել մեղավորներին կանչել պատասխանատվության։ Արդյունքում ես դիմել էի ՄԻԵԴ։
9 տարի անց Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը իմ դիմումը բավարարեց կիսով չափ եւ ասաց՝ «Ոստիկանների միջամտությունը չէր կարող համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։