Լրահոս
Օրվա լրահոսը

Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»-ը հատորը ներկայացվեց իրանցի արվեստագետներին

Մայիս 22,2025 23:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անվանի գրող և դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի պիեսներից երեքի թարգմանությունը, երեկ` չորեքշաբթի, ներկայացվեց իրանցի թատերասեր հասարակության։ «Մեծ լռություն», «Ոտքի դատարանն է գալիս» և «Մի’ նայիր հայելուն» պիեսները պարսկերենի է թարգմանել և մեկ հատորով հրատարակել է իրանահայ ճանաչված թարգմանիչ և արվեստագետ Անդրանիկ Խեչումյանը։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Թեհրանի Քաղաքային թատրոնում. ներկա են եղել արվեստի բնագավառի իրանցի նշանավոր գործիչներ և թատերասերներ։

Զեյթունցյանի երեք գործը նախ քննարկել է համալսարանի դասախոս և անվանի դրամատուրգ-արվեստաբան դոկտոր Ղոթբեդդին Սադեղին։ Նա հեղինակին անվանել է մեծ դրամատուրգ, որը պատասխանատվություն է կրում իր ժողովրդի պատմության հանդեպ և ազգային ինքնության հարցն է վեր հանում։

Հաջորդ բանախոսն էր համալսարանի դասախոս և անվանի ռեժիսոր դոկտոր Մահմուդ Ռեզա Ռահիմին. նա բարձր գնահատելով Զեյթունցյանի աշխատանքը` շեշտել է, որ հեղինակին հաջողվել է պատմական անցուդարձերը ճշգրիտ կերպով ներկայացնել։

Հայ հյուրերից պարսկերեն լեզվով ելույթ են ունեցել անվանի երաժիշտ և խմբավար Լորիս Ճգնավորյանը և Իրանի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը։ Առաջինը ողջունել է գրքի հրատարակումը, դա համարելով հայ-իրանական մշակութային համագործակցության ևս մեկ առհավատչյա։ Բանասիրական գիտությունների դոկտոր Սիմոնյանը վերլուծել է հատկապես «Ոտքի դատարանն է գալիս» և «Մեծ լռություն» պիեսների պատմական հենքը` Հայոց ցեղասպանությունը։ Սիմոնյանը նաև վերջին պիեսի չափածո հատվածների թարգմանիչն է։

Չորս բանախոսն էլ բարձր են գնահատել թարգմանչի հմտությունն ու պարսկերենի բարձր իմացությունը։ Հիշեցնեմ, որ Խեչումյանը հայ գրողներից մինչ այժմ պարսկերենի է թարգմանել ավելի քան քսան գործ։ Ավելացնեմ նաև, որ իրանցի դրամատուրգ Սադեղին հայ ընթերցողին ծանոթ է իր «Յոթ անհետացած ցեղերը» թատերգությամբ, որը թարգմանել է Գևորգ Ասատրյանը և թատերականացված ընթերցանությամբ ներկայացվել է Երևանի «Համազգային» թատրոնում։

Երեկոն վարել է դրամատուրգ և ռեժիսոր Ջավադ Աթեֆեն, որը նաև գիրքը հրատարակող ընկերության խմբագիրներից է։ Նա ուրախությամբ հայտնել է նաև, որ գրքի առաջին տպաքանակն արդեն սպառվել է։

Վերջում իր շնորհակալության խոսքն է ասել գրքի թարգմանիչը (գրքի մասին տեսնել նաև այստեղ

Ողջունելի է իրանահայ մտավորականների ջանքերը, որոնք փորձում են չսահմանափակվել միայն համայնքի հայկական միություններով և բացվում են դեպի համաքաղաքային և համերկրային կենտրոններ` ներկայացնելով մեր մշակույթը։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031