Մարտի 14-ին Հայաստանի եւ Սողոմոնի Կղզիների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին։ Երկրորդ համաշխարհայինի մարտավայրից մինչեւ առանց զինված ուժերի պետություն. «Առավոտն» առանձնացրել է հետաքրքիր փաստեր մեզ հետ հարաբերություններ հաստատած երկրի մասին։
Մեկ պետություն, 992 կղզի
Սողոմոնի Կղզիները օվկիանական 992 կղզիներից բաղկացած պետություն է։ Այն գտնվում է հարավային կիսագնդում։ Այդ կղզիներից բնակեցված են միայն 147-ը։ Տարածքը 28.446 քկմ է, բնակչությունն ըստ 2025-ի տվյալների՝ 838.645: Այսպիսով՝ մեկ բնակչին ընկնող տարածքը 29,4 քկմ է։
Պետության լեզուն անգլերենն է, սակայն գործածվում են ավելի քան 80 տեղական բարբառներ։ Բնակչության ավելի քան 97%-ը քրիստոնյա է՝ հիմնականում բողոքականներ։ Մայրաքաղաքը Հոնիարան է: Կղզիները պատկանել են Մեծ Բրիտանիային, որի կողմից անկախություն է շնորհվել 1978 թվականի հուլիսի 7-ին։
Կարդացեք նաև
Երկիրը «Սողոմոնի Կղզիներ» անվանումը ստացել է 1568 թվականին իսպանացի աշխարհագնաց Ալվարո դե Մենդանյայի կողմից տարածքի հայտնաբերումից հետո։ Դե Մենդանյան պնդել էր, որ հենց կղզիների այս կույտում նա գտել է Սողոմոն Թագավորի հարստությունները։
Կղզիների ժամային գոտին յոթ ժամ առաջ է երեւանյան ժամանակից։
Ի դեպ, Սողոմոնի Կղզիներում մեքենաները վարում են ճանապարհի ձախ կողմում, ինչպես Մեծ Բրիտանիայում է։
Չարլզ Երրորդը՝ Թագավոր
Սողոմոնի Կղզիները կառավարվում է վեստմինիստերյան ժողովրդավարության սկզբունքներով՝ այնպես, ինչպես Միացյալ Թագավորությունը։
Կառավարության ղեկավարը 50 անդամից բաղկացած Պառլամենտի հավանությանն արժանացած վարչապետն է։ 2024-ի մայիսից Ջերեմայա Մանելեն է այդ պաշտոնում։ Կառավարությունը կազմված է կառավարական կաբինետից։
Պետության գլուխը Միապետն է՝ Չարլզ Երրորդ Թագավորը, որը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագավորն է։ Նա Սողոմոնի Կղզիներում իր գործառույթներն իրականացնում է գեներալ-նահանգապետի միջոցով, որը 2024-ի հուլիսից Դեյվիդ Տիվա Կապուն է։
Երկրի գլխավոր դատարանը Վերաքննիչ դատարանն է, որը ղեկավարում է Դատարանի նախագահը։
ՀՆԱ-ն՝ 1.6 մլրդ դոլար
Տնտեսության գերակա ոլորտներն են՝ գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը, անտառագործությունը։ Կղզիները հարուստ են կապարով, ցինկով, նիկելով եւ ոսկիով։
2023-ին Սողոմոնի Կղզիների ՀՆԱ-ն կազմել է 1.6 մլրդ դոլար, համեմատած Հայաստանի՝ 24.09 մլրդ դոլար ՀՆԱ-ին։
Մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն Կղզիներում մոտ 2.041 դոլար է, ՀՀ-ում՝ 8.053։
Ըստ Transparency International-ի՝ ուսումնասիրված 180 երկրներից Կղզիները կոռուպցիայի ընկալման ինդեքսի 76-րդ հորիզոնականն են զբաղեցնում, մինչդեռ Հայաստանը 63-րդ հորիզոնականում է։
Ազգային արժույթը Սողոմոնի Կղզիների դոլարն է։ Մեկ ամերիկյան դոլարը փոխանակվում է 8,34 Սողոմոնի Կղզիների դոլարով։
Թեժ մարտեր 40-ականներին, էթնիկ բռնություններ 90-ականներին
Սողոմոնի Կղզիները չի պահպանում սեփական բանակ։
Այնուհանդերձ, Կղզիներն ունեն ռազմական անցյալ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դրանք կատաղի մարտերի են ականատես եղել։ Ամենանշանավորը վեց ամիս ձգված Գվադալկանալի արշավանքն է, որի արդյունքում ԱՄՆ-ն պարտության է մատնել ճապոնական կողմին։
Սողոմոնի Կղզիներ այցելելիս խորհուրդ է տրվում կանգառ կատարել Երկաթե հատակ կոչվող տեսարժան վայրում, որտեղ սուզորդները հնարավորություն ունեն ուսումնասիրել այն հարյուրավոր ռազմական նավերն ու ինքնաթիռները, որոնք կործանվել են օվկիանոսում Համաշխարհային պատերազմի մարտերում։
Չնայած այս պետության ճանաչելիության ցածր մակարդակի հաշվին կարող է թվալ, թե այն աշխարհից կտրված օվկիանոսում գտնվող խաղաղ կայան է, իրականում Կղզիների նորագույն պատմության ժամանակաշրջանում ամեն ինչ հանդարտ չի ընթացել։
1990-ականների էթնիկ բռնությունների արդյունքում 2000 թվականին «Մալայթա արծվի ուժեր» ռազմական խմբավորումը ձերբակալեց օրինական վարչապետին, որից հետո պառլամենտական ընդդիմության ղեկավարը Պառլամենտի կողմից ընտրվեց վարչապետ։ Կրքերը հանդարտվեցին ավստրալիական եւ նորզելանդական ուժայինների, այնուհետեւ էլ՝ Ավստրալիայի գլխավորությամբ գործող Սողոմոնի Կղզիներին ցուցաբերվող աջակցության տարածաշրջանային բազմազգ առաքելության ջանքերով:
Արդեն 2022-ին, Կղզիներն ու Չինաստանը անվտանգային փոխօգնության համաձայնագիր ստորագրեցին, որը, ինչպեսեւ կարելի էր կանխատեսել, բոլորովին հաճելի չէր Ավստրալիային եւ Միացյալ Նահանգներին։
«Դիվանագիտական կապերի հաստատումը բովանդակալից օգուտներ կստեղծի». դիվանագետ
ՄԱԿ-ում Հայաստանի եւ Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչներ Պարույր Հովհաննիսյանը եւ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե են ստորագրել, որի ժամանակ Սողոմոնի Կղզիների դիվանագետը շեշտել է երկու երկրների կիսած ընդհանուր արժեքները. «Ն.Գ. տիկին Վատերան իր խոր գոհունակությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ նշելով, որ դիվանագիտական կապերի հաստատումը բովանդակալից օգուտներ կստեղծի՝ կերտելով նշանակալից փոխգործակցության, գիտելիքի փոխանակման եւ գլոբալ կրիտիկական խնդիրների շուրջ համագործակցության ուղիներ», – նշվում է Կղզիների կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն սահմանափակվել է բավականին հպանցիկ անդրադարձով, սակայն վերը նշված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Ն.Գ. պարոն Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Սողոմոնի Կղզիների կառավարությանն այս պատմական նախաձեռնության համար եւ հայկական կառավարության անունից Սողոմոնի Կղզիներին հրավեր է ուղղել՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովին (COP 17) մասնակցելու համար»:
Այսպիսով՝ Հայաստանն այժմ դիվանագիտական հարաբերություններ չի վարում աշխարհի 11 պետությունների հետ։
Անշուշտ, փոքր եւ սահմանափակ կարողություններով պետություններն, ինչպիսին ՀՀ-ն եւ Սողոմոնի Կղզիներն են, կարող են արդյունավետ գործըներության փայլուն օրինակի վերաճել։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ