Էդվարդ Գրիգորյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ 23.04.2024 թվականի՝ դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մեկ այլ կալանավոր էլ՝ Հովհաննես Զորոյանը դատարան էր դիմել ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի եւ ՀՀ արդարադատության նախարարության՝ որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Է.Գրիգորյանի հայցադիմումը վարչական դատարանը ուղարկել է Երեւան քաղաքի քրեական դատարան, իսկ Հովհ. Զորոյանինը՝ վերահասցեագրել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Նրանց օրինակը բերելով՝ մի քանի դիտարկումներ կատարեմ, որոնք բնորոշ են առհասարակ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների հայցադիմումներն ընթացք տալուն: Տվյալ դեպքերում, հայցվորները վիճարկել են քրեակատարողական հիմնարկի պետերի կողմից իրենց նկատմամբ կայացված՝ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումները…
Կալանավորվածներն առաջնորդվել էին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվածի, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ՝
Կարդացեք նաև
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները եւ ազատությունները, այդ թվում, եթե՝
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների եւ ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որեւէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության»:
Այսինքն, ֆիզիկական անձինք կարող են դիմել, ու կապ չունի, թե նրանք որտեղ են գտնվում, քրեակատարողական հիմնարկում, թե հատուկ խնամքի վայրում, թե առհասարակ ազատության մեջ: Հայցվորների կարծիքով, տվյալ պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ է խախտվել նրանց իրավունքը, հետեւաբար, կարող են դիմել վարչական դատարան՝ որպես «շահագրգիռ անձ»:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն էլ, դատապարտյալը, ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունի բողոքարկելու պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը՝ վերադասության կարգով կամ համապատասխանաբար պատժի կրման վայրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (սույն գլխում այսուհետ՝ դատարան)՝ ըստ պատժի կրման վայրի:
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ձերբակալված եւ կալանավորված անձինք ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունեն բողոքարկելու` ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի գործողությունները։ Սույն մասով ներկայացված բողոքների քննության վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 23-րդ գլխի կարգավորումներն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել:
ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումների համաձայն՝ «Դատական պաշտպանություն հայցող անձի կողմից իր իրավունքների արդյունավետ պաշտպանություն ստանալը ներառում է «պատշաճ դատարանի» կողմից տվյալ գործի քննության իրականացումը: Ընդ որում, «պատշաճ դատարան» եզրույթը ենթադրում է այն դատարանը, որին ընդդատյա է տվյալ գործը: Միաժամանակ, տվյալ հարցի վերաբերյալ հնարավոր տարըմբռնումներից խուսափելու համար օրենսդրի կողմից սահմանվել են նաեւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ վարչական դատարանի իրավասությանը վերապահված գործերը: Ընդ որում, հարկ է արձանագրել, որ պատժի կատարման հետ կապված գործերը եւս ենթակա չեն ՀՀ վարչական դատարանին»: Դատարանի եզրահանգումը հետեւյալն է՝ հայցվորի նպատակն է հասնել պատժի կրման ընթացքում իր նկատմամբ կիրառված տույժի վերացմանը, իսկ այս կարգի վեճերը հանդիսանում են պատժի կատարման ընթացքում դատապարտյալի եւ պատիժ կատարող հիմնարկի միջեւ առաջացած վեճ, հետեւաբար, նման գործը ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին, այլ վերը նշված կարգավորումների ուժով ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին:
Վարչական դատարանը նմանատիպ հայցադիմումների ժամանակ պարբերաբար շեշտում է, որ «օրենսդիրն ուղղակիորեն նույնացրել է կալանավորված անձանց եւ պահելու վայրի վարչակազմերի միջեւ առաջացած վեճերի լուծման ընթացակարգը պատժի կատարման հետ կապված դատապարտյալի եւ պատիժ կատարող հիմնարկների միջեւ առաջացած վեճերի լուծման ընթացակարգի հետ»: Ու ստացվում է, որ ինչպես պատժի կատարման հետ կապված դատապարտյալի եւ պատիժ կատարող հիմնարկների միջեւ առաջացած վեճերի լուծումը վերապահված է պատժի կրման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, նույն կերպ կալանավորված անձանց եւ պահելու վայրի վարչակազմերի միջեւ առաջացած վեճերը պետք է լուծվեն պահելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Հավանաբար ճիշտ կլինի, ի սկզբանե նման հայցերը չընդունվեն վարչական դատարանի վարույթ, քանի որ մինչ վարչական դատարանը ընդունում է, որոշում կայացնում ծանոթանալու, քննության առնելու, հետո պարզում, որ նման իրավասությամբ օժտված չէ, անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը ազատության մեջ գտնվողի դեպքում այլ է, անազատության մեջ գտնվողի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.05.2025