Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ ղեկավարները նույնպես իրենց պատասխանատվությունն ունեն, բայց դա չի փոխում պատասխանատվությունը, որը կրում է գործող իշխանությունը, որը դարձավ ավելի հոռի, ավելի չար, ավելի ագահ, քան նախորդները՝ բոլորը միասին վերցրած. Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրապարակ»

Մայիս 23,2025 10:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

– Ձեզ հասկանալի՞ է` ինչ տեղի ունեցավ: Նկատի չունեմ ժողովրդական էմոցիոնալ ֆոնը, այլ այն, թե ինչու եկան իշխանության: Սա ձախողումների շղթա՞ է, թե՞ ծրագիր:

– Ոչ մոդայիկ պատասխան տամ՝ չգիտեմ, ես հեռու եմ դավադրային տեսությունների զինվոր լինելուց, բայց 35 տարուց ավելի Հայաստանում ապրելուց հետո հասկանում եմ, որ դրանց որոշ կաթիլներ կարող է իսկապես ճշգրիտ լինեն, բայց առաջին հերթին պատասխանն այն է, որ նախորդած իշխանությունների սխալները՝ ներքին եւ արտաքին, մարդու իրավունքների՝ քաղաքական բանտարկյալների, ընտրությունների խնդիրները, նաեւ ազգային հարցերում դիրքորոշումները եւ վերջում՝ քաղաքական ագահությունը բերեցին նրան, որ ժողովուրդը ժայթքեց, եւ այդ պահին կար մի ուրիշ խումբ, խմբի ղեկավար, որն այդ ագահության հակառակ երեսն էր ներկայացնում, եւ իրենք օգտագործեցին այդ պահը՝ փորձելով լինել ժողովրդի սուրհանդակը՝ այդ զանցանքներն ուղղելու համար: Կարծում եմ, որ եթե նախորդ իշխանությունները, որի քննադատը ես եմ եղել, այլ ձեւով կարգավորեին կառավարման խնդիրը, իշխանության հարցը, խոստումներ չտային եւ հետո դրժեին, գուցե չունենայինք այդ պահը: Չեմ ուզում վերադառնալ իմ անձնական  հետագծին, բայց կարող եմ ասել, որ եթե անգամ 2013-ին, երբ ես էի առաջնաբեմում՝ հարթակի վրա, այդ ընտրություններից հետո, որը ժողովրդի մեծ մասը համարեց գողացված, կոմպրոմիսային լուծում գտնվեր, ստեղծվեր ազգային միասնության կառավարություն, որը կներկայացներ ժողովրդի կամքը, միգուցե բումերանգի նման չվերադառնար այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ նախորդ շրջանի ղեկավարները նույնպես իրենց պատասխանատվությունն ունեն, կարող էին կանխել, բայց դա չի փոխում այն տարրական, սկզբունքային եւ համապարփակ պատասխանատվությունը, որը կրում է գործող իշխանությունը, որը դարձավ ավելի հոռի, ավելի չար, ավելի ագահ, քան նախորդները՝ բոլորը միասին վերցրած: Չեմ կարող պնդել, որ ինչ-որ մեկի ուղեղում 10-20 տարի առաջ այդպես ծրագրավորված ուղղություն կար, կարծում եմ, որ այդ խմբակի մոտ կար մեկ նպատակ՝ իշխանություն վերցնելու, դա ծրագրված էր, եւ կար փորձ` զորակցություն հայցելու միջազգային տարբեր անկյուններից, բայց առանց ժողովրդի նեցուկի եւ բուռն մասնակցության իրենց գալն անհնարին կլիներ:

– Նկատի ունեմ այն, ինչ արեցին  7 տարում՝ հասկանալի՞ է իրենց գործողությունների մոտիվացիան:

– Չեմ ուզում իրենց նկատմամբ անարդար բան ասել, բայց իմ տպավորությունն է, որ ծրագիր ունենալն ու ըստ դրա հեռահար աշխատելն իրենց հասու չեն: Առօրեական, շահադիտական, սեփականն առաջ տանելու, նյութապաշտական, թե ոչնչապաշտական… եւ ուղղակի այն, թե ինչպես կարելի է տվյալ ժամանակահատվածի հոսանքն օգտագործել հանուն իրենց: Եթե առաջին շրջանում պետք էր ներկայանալ որպես ազգայնականներ, ներկայացան գերազգայնականներ՝ ոչ միայն Արցախի վերաբերյալ հայտնի հայտարարությամբ, այլեւ տավուշյան որոշակի հաջողություններից հետո` այդ ամենը որպես Սարդարապատ ներկայացնելը, այս ամենը տեղ տվեց այնպիսի մտայնության, որ տարածաշրջանն իրենցն է, ամեն ինչ լավ է գնում, բանակը խնդիր չունի: Իրենց ինքնահավանությունը, ագահությունը, փնթիությունը, ներողություն խոսքիս համար` այդ քաղաքական ռաբիսությունը բերեցին նրան, որ իրենք, նաեւ անվտանգության մարմինները, որոնք իրենցից կախված էին,  անպատրաստ էին ընդունելու այդ հարվածները, որ հարեւան բռնապետը Թուրքիայի օգնությամբ իրականացրեց:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031