Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարվա տեւողության այս պայմանագիրը ամսական 50 հազար դոլար է արժենալու Հայաստանին. «Ազգ»

Մայիս 23,2025 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը պարտավոր էր իմանալ, թե այդ առումով ինչպե՞ս պետք է շարունակեր ընթանալ Թրամփի վարչակազմի հետ: Ուստի փետրվարի 3-7-ը Փաշինյանը այցելեց Վաշինգտոն: Այցելության պաշտոնական «Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովին» եւ «Հոգեւոր-նախաճաշի ամենամյա ավանդական միջոցառոմներին» մասնակցելն էր: Իրականում հայկական կողմը ցանկանում էր հստակեցնել որոշակի հարցեր, ներառյալ Մ. Նահանգների ներգրավվածության հարցը Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցություններում եւ այն, թե պատրա՞ստ էր արդյոք Թրամփի վարչակազմը պաշտպանել Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Այս հարցերը պատասխաններ էին պահանջում Թրամփից կամ առնվազն որոշումներ կայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից, ինչպես օրինակ` պետքարտուղարից, ազգային անվտանգության խորհրդատուից կամ պաշտպանության քարտուղարից: Դժբախտաբար, ոչ մի նման հանդիպում չկայացավ:

Իր այցելության ընթացքում ՀՀ վարչապետը մի քանի հանդիպումներ ունեցավ նաեւ ԱՄՆ-ի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ, խոսեց «Խաղաղության խաչմերուկ» եւ Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության մասին: Սակայն հանդիպում չկայացավ Ներկայացուցիչների պալատի խոսնակի կամ Սենատի մեծամասնական ղեկավարի հետ: Այցելության վերջին օրը Փաշինյանը տեսակցելով ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ. Վենսի հետ, որն իր իսկ բնութագրմամբ՝ կարգադրված էր «վերջին րոպեում»՝ մինիմալ էտիկետի պայմաններում: Դա ինչքան էլ խորհրդանշական լիներ, այդուհանդերձ պետք է նշել, որ փոխնախագահը, ի պաշտոնե, սահմանափակ լիազորություններ ունի ազդելու արտաքին հարաբերությունների քաղաքականության վրա: Այնպես որ, այդ հանդիպումը կարելի է ավելի ձեւական բնութագրել, քան գործնական:

Ընդհանուր առմամբ այցելության ժամանակը ճիշտ չէր ընտրված, Թրամփի կաբինետը դեռ լրիվ չէր կազմավորված, եւ այն չկարողացավ դիվանագիտական լուրջ առաջընթաց արձանագրել: Փաշինյանի հաջորդ բարձրաստիճան անձնավորությունը, որի հետ նա կապ հաստատեց հեռախոսազրույցի միջոցով, պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր: Նրանք քննարկեցին ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության, կովկասյան տարածաշրջանին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հետ առնչվող հարցեր: Փաշինյանը վերահաստատեց, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրվելու: Ռուբիոն դրանից առաջ հանրությանը տեղեկացրել էր, որ «ճիշտ ժամանակն էր խաղաղություն հաստատելու»: Դրանով նա ողջունել էր գործընթացը եւ պնդել, որ այն անպայման վավերացվի: Հայտարարությունը մաս էր կազմում 58 պետությունների կողմից պաշտպանված դիվանագիտական արշավին, որը սակայն հիմնականում Հայաստանի կողմից էր առաջ մղվում եւ բոլորովին չէր բացառում հետագա ագրեսիա Ադրբեջանի կողմից, որն անշուշտ հարցեր էր առաջացնում դրա արդյունավետության վերաբերյալ:

Իսկ ամենախորհրդանշական զարգացումը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ Սպիտակ տան հայտարարությունն էր: Նախագահ Բայդենը, Ռեյգանից հետո, ԱՄՆ-ի առաջին նախագահն էր, որ «ցեղասպանություն» բառն օգտագործեց բնութագրելու համար 1915-ի կոտորածները: Ի հակադրություն, Թրամփը հետքայլ կատարելով օգտագործեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը, ամբողջովին խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից: Հայտարարության լեզուն ընդհանրապես զգուշավոր էր եւ անորոշ՝ արտահայտելով որոշակի փոփոխություն Ամերիկայի նոր վարչակազմի տոնայնության մեջ: Վրդովված նշանակալի ձեռքբերման բացակայությունից, ՀՀ կառավարությունն ինքն էլ շրջադարձ կատարեց ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու այլնըտրանքային ուղիներ գտնելու համար: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը պայմանագիր կնքեց արհեստավարժ քարոզչական մի հաստատության հետ երեք կարեւորագույն նպատակներ իրականացնելու համար: (ա) Վարչակազմի եւ կոնգրեսի առաջ պաշտպանել Հայաստանի շահերը, (բ) խրախուսել տնտեսական, առեւտրաշրջանառության, ներդրումների եւ տեխնիկական համագործակցությունը եւ (գ) ընդգծել Հայաստանի ռազմավարական կարեւորությունը որպես ԱՄՆ-ի գործընկեր պետություն Հարավային Կովկասսում: Ապրիլի 1-ից ուժի մեջ մտած մեկ տարվա տեւողության այս պայմանագիրը ամսական 50 հազար դոլար է արժենալու Հայաստանին:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ազգ շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031