Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ որոշումը գրվել է մի քանի օրում, այնինչ 3-4 տարի տևել է մինչև որոշման հրապարակումը։ Սա աննախադեպ է»․ Հարություն Հարությունյան

Մայիս 23,2025 13:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՍԴ-ի որոշումն ակնհայտորեն դատախազությունը փորձում է կիրառել ՍԴ որոշման պատճառաբանություններին և հատկապես եզրափակիչ մասին հակասող մեկնաբանությամբ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշմանը՝ այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Հարություն Հարությունյանը։

Ըստ փաստաբանի՝ երբ խոսքը վերաբերում է հանցավորության դեմ պայքարին, ապա այդ դեպքում միանշանակ է՝ որպեսզի բռնագանձման գործընթացը լինի սահմանադրական մեկնաբանությամբ, և օրենքի 24-րդ հոդվածով ունենանք բռնագանձման ենթակա գույք, անհրաժեշտ է, որ համապատասխան հանցանքի հետ կապը հիմնավորվի․ «Ոչ թե նշված է, որ հանցանքի հետ, այլ համապատասխան հանցանքի հետ։ Իսկ մենք որպես իրավաբաններ՝ համապատասխան հանցանք ասելով, պետք է հասկանանք այն ենթադրյալ հանցանքը, որի առնչությամբ քրեական հետապնդում է իրականացվում։ ՍԴ որոշման եզրափակիչ մասի ուղղակի հակասությամբ կիրառությունն իրավապահ մարմնի կողմից կամ առնվազն մեկնաբանությունը, քանի որ բոլոր գործերով ժամանակ են խնդրում, վկայում է այն մասին, որ փորձում են տրամաբանությունը շեղել ևս մեկ անգամ, որովհետև ի սկզբանե մեր ողջ պայքարը, մարտավարությունը կառուցված է եղել նրա շուրջ, որ մենք ունենք ԵԴ ստանդարտ։ ՍԴ-ն այդ ստանդարտը ամրագրեց իր որոշման մեջ։ Այդտեղ պատճառաբանում են, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համար հանցավորության ու տնտեսական ակտիվի մեջ պետք է կապ լինի, որը մեզ մոտ միշտ անտեսվում էր։ Իմ կարծիքով՝ քանի որ զեկուցող դատավորը պատրաստվում էր ուղևորվել Եվրոպական դատարան, նաև որոշակիորեն այնտեղից եղավ ազդակ այս հարցին լուծում տալ, հետո մեկնել, ինչով պայմանավորված վերջին պահին գերհապճեպ եղանակով նշանակվեց դատական նիստ, և անցան դատական ակտի հրապարակման։ Այս որոշումը գրվել է մի քանի օրում, այնինչ 3-4 տարի տևել է մինչև որոշումը հրապարակվի։ Սա աննախադեպ է, երբեք չեմ հիշում ՍԴ-ի կողմից նման բան»։

Հարցին՝ արդյոք ավելի շատ պետական ռեսուրսներ չե՞ն ծախսվի, որ հետ գնան, մինչև 1991 թվական ստուգեն անձանց գույքի ծագումը, և արդյոք համարժեք արդյունք  կստանա՞նք, Հարություն Հարությունյանը պատասխանեց․ «Բոլոր այն գործերով, որոնք հարուցվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, այդ մասով ակնհայտ է՝ իրավասու մարմինը պետք է հրաժարվի հայցի այն մասից, որը պարւնակում է գույքի բռնագանձման պահանջ մինչև այդ անձի պաշտոն ստանձնելու պահը։ Սա էականորեն նեղացնելու է շրջանակը։

Հանցավորության դեմ պայքարի և կոնկրետ օրենքի 5-րդ 1-4-րդ մասերով հարուցված վարույթներով, նույնիսկ ՍԴ որոշումից չբխող մեկնաբանության արդյունքում հայցադիմումների այն հատվածը, որը կվերաբերի կոնկրետ ենթադրյալ հանցանքի կատարման փուլին՝ առնվազն պաշտոն ստանձնելուց առաջ ձեռք բերված գույքերի մասով, ստիպված են լինելու գույքերի պահանջի հրաժարում անել։ Չեմ կիսում այդ կարծիքը։ Կարծում եմ՝ հանցանքի կատարման պահից սկսած առավելապես կարող է խոսք գնալ և այդ մասով հարուցված վարույթներով էական չէ, թե անձը երբ է ստանձնել պաշտոնը։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Փորձը ցույց տվեց, որ դատարանները 2021, 2020 թվականից որոշ գործերով, երբ դեռ Հակակոռուպցիոն դատարանը ձևավորված չէր, և կային մասնագիտական դատավորներ, այս գործերով հատկապես վաղ փուլում դատական ակտ չենք ունեցել։ Փորձը ցույց տվեց՝ կախված բանկային շարժերի տեղեկություններից, որը իրավապահ մարմինը ձեռք է բերել ու որը բռնագանձման ենթակա ծավալից դուրս է՝ ըստ ՍԴ որոշման, ստացվում է, որ պետությունն անհարկի ռեսուրսներ վատնեց։ Այսօրվա դրությամբ, եթե շարունակեն նույն հակասահմանադրական մեկնաբանությամբ մոտենալ այս հարցին, վաղը մյուս օրը կրկին կառարեսվեն իրականությանը, որ նույնիսկ ՍԴ որոշման խեղաթյուրումը ինքնին պետության համար հետևանք է հանդիսանալու՝ այդ թվում կոնկրետ պաշտոնատար անձանց մասով, որոնք փաստարկները լսելով, այդ ամենը կարդալով՝ փորձելու են շեղել ազդելու միջոցը՝ հօգուտ որոշակի նպատակներն արդարացնելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել