Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հայատյացության դրսևորում, որն արտացոլում է նրա իրական՝ վտանգավոր և պատերազմ հրահրող դեմքը: Փաշազադեն, որը պաշտոնապես ներկայացվում է որպես հոգևոր առաջնորդ, իրականում որևէ կապ չունի հոգևոր արժեքների և կրոնի հետ: Նա վաղուց դադարել է լինել կրոնական գործիչ՝ վերածվելով ռազմատենչ և ագրեսիվ քարոզչի, որն ամեն կերպ խրախուսում և արդարացնում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հայ ժողովրդի դեմ:
Ալլահշուքյուր Փաշազադեն ոչ միայն ատում է հայերին, այլև բացահայտորեն արհամարհում է ողջ հայկական մշակույթը, պատմությունը և ազգային ինքնությունը: Նրա հայտարարությունները, որոնցում հազարամյակների պատմություն ունեցող Էջմիածինն անվանում է «ադրբեջանական պատմական հող», անպարկեշտության և անհեթեթության գագաթնակետն են։ Փաշազադեն գիտակցաբար իրականացնում է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը՝ հանուն ռեժիմի պահպանման և իր անձնական շահերի, միևնույն ժամանակ անտեսելով բոլոր կրոնական և բարոյական նորմերը:
Այս անձնավորությունն իր երկարամյա պաշտոնավարման ընթացքում մշտապես սերմանել է թշնամանք և ատելություն, ուղղակիորեն մասնակցել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների արդարացմանն ու խրախուսմանը: Նրա ակտիվ դերակատարումը Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականության մեջ անժխտելի է: Հենց նա է մշտապես հանդես եկել հայտարարություններով, որոնք դարձել են հայ ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի գաղափարական հիմք՝ կրոնական քողի տակ արդարացնելով ռազմական հանցագործությունները:
Ադրբեջանական վարչակարգի այս գործիչը, որը ներկայանում է հոգևոր առաջնորդի դիմակի տակ, իրականում ոչ մի սրբություն չունեցող, վտանգավոր և անպատասխանատու անձ է, որի գործողությունները միայն սրում են տարածաշրջանում առկա իրավիճակը՝ նպաստելով պատերազմի և բռնության նոր ալիքների առաջացմանը:
Կարդացեք նաև
Նրա վերջին նախաձեռնությունը՝ այսպես կոչված «Երևանի մասնաճյուղի» («ղազիյաթ») ստեղծումը, ուղղակի սադրանք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ: Սա ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի նկատմամբ ուղիղ մարտահրավեր, որի իրական նպատակը նոր պատերազմի նախապատրաստումն է:
Մենք հայտարարում ենք, որ Ալլահշուքյուր Փաշազադեն, ինչպես Ադրբեջանի բոլոր ղեկավարները, պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար։ Նրանց մեղսակցությունը Արցախում կատարված ցեղասպանությանը ոչ մի դեպքում չի մնալու անպատիժ։
Արցախի պահպանության կոմիտեն կոչ է անում միջազգային հանրությանը չանտեսել նման բացահայտ ատելության քարոզը, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու սպառնում խաղաղությանը և կայունությանը:
Արցախի պահպանության կոմիտե