Ռուսաստանը անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին տրամադրել ամեն հնարավոր օգնություն նման փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված համաժողովում։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը անփոխարինելի պայման է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական իրականացման համար, որն այժմ մշակում է Հայաստանը՝ «իր տարածքը և լոգիստիկ հնարավորությունները մեծ մայրցամաքային գործընթացներում ինտեգրելու» նպատակով։
«Անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրել, և մենք անկեղծորեն մաղթում ենք հաջողություններ այս գործում: Ակնհայտ է, որ պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են դրանով», – նշել է նա։
Այս առումով Լավրովը կողմ է արտահայտվել, որ «բոլոր ենթակառուցվածքային նախագծերը զարգանան, որպեսզի, ինչպես ասում են չինացի ընկերները, ծաղկեն հազարավոր և միլիոնավոր ծաղիկներ»:
Կարդացեք նաև
Սակայն այս ծրագրերի իրականացման համար, ըստ Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից բացի, «իհարկե, անհրաժեշտ է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում»։
«Հակամարտությունների հաղթահարումը և այդ հակամարտությունների հետևանքով սահմանված տրանսպորտային ու տնտեսական կապերի վրա դրված արգելքների վերացումը զգալիորեն կբարձրացնի մայրցամաքի այս հատվածի և մեր ամբողջ մայրցամաքի մրցունակությունը», – ասել է ՌԴ արտգործնախարարը։