Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գիտնականների քանակը շատ է պակասել։ Դա արդյունք է այն իրողության, որ Հայաստանը հեռանում է միջազգային գիտական ծրագրերից. Գարիկ Իսրայելյան. «Ա1+»

Մայիս 23,2025 16:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ա1+»-ը զրուցել է աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։

– Տպավորությունն է, որ STARMUS-ը էլիտաների՝ գիտնականների, արվեստագետների փառատոնն է, որով հետաքրքրված են հիմնականում այդ ոլորտների ներկայացուցիչները։ Այլ մարդիկ դժվարությամբ են գալիս դեպի բարձր արվեստ և գիտություն։ Թեև STARMUS-ի հիմնական նպատակներից մեկն էլ գիտությունն արվեստի միջոցով մասսայականացնելն է։

– Իհարկե գիտության ոլորտի մարդիկ շատ հետաքրքրված են STARMUS-ով, բայց փաստ է, որ STARMUS եկողների ավելի քան 90 տոկոսը գիտության հետ կապ չունի։ Նաև պարզ չէ, թե գիտությունը հանրության քանի տոկոսին է հետաքրքրում։ Այդ թեմայով հետազոտություն չկա։ Օրինակ, հայտնի չէ, թե մարդկանց որքան մասն է գիտությանը հավատում, որքանը՝ ոչ։ Ամենաշատը ինչին են հավատում, կամ որ երկրում, տարիքային որ խմբերում ինչ պատկեր է։ Շատ հետաքրքիր ու շատ կարևոր կլիներ, որ նման հետազոտություններ արվեին։ Շատ եմ փնտրել, բայց չեմ գտել գիտության մասսայականության վերաբերյալ որևէ հետազոտություն, չափում։ Օրինակ, վերջին 20-30-40 տարիներին գիտության նկատմամբ հետաքրքրությունն ի՞նչ միտումներ է ունեցել՝ աճե՞լ է, նվազել է։ Միգուցե երբևէ չի էլ եղել։ Բայց սա շատ կարևոր հարց է երկրների զարգացման համար։ Օրինակ, Չինաստանում այսօր պետական մակարդակով այդ խնդիրը դրված է։ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ գիտության մասսայականությունը նույնքան կարևոր է, որքան գիտությունը։

– Ուրեմն Չինաստանը կհաղթի բոլորին։

– Մի բան ակհայտ է, որ Չինաստանում բավականին լավ հասկացել են, որ ժողովրդի կրթական մակարդակը և գիտության հետ կապը պետք է մեծացնել։

– Իսկ ընդհանրապես աշխարհի ղեկավարներին հետաքրքրո՞ւմ է գիտության մասայականացումը, գիտության նկատմամբ հանրային հետաքրքրության բարձրացումը։

– Ոչ, նրանք առաջինն ուշադրություն են դարձնում իրենց ընտրողների քանակն ավելացնելու վրա։ Եթե անգամ գիտնականները նրանց խորհուրդ տան գիտական ինչ-որ հարցերի մասին, նրանք միշտ մտածելու են, թե դա ինչպես կազդի իրենց ընտրազանգվցածի վրա։ Նրանց համար առաջնահերթությունը ոչ թե ճշմարտությունն է, այլ ընտրողների թիվը՝ ավելացնել և նորից վերընտրվել։ Երկրի ապագան, ազգի ապագան նրանց չեն հետաքրքրում, նրանց միայն իրենց ընտրողների թիվն է հուզում։ Իսկ թե դա ոնց կավելացնեն, դա կլինի կրթության որակը նվազեցնելով, մարդկանց հիմարացնելով կամ այլ ձևերով, դա միակ խնդիրն է, որը հետաքրքրում է քաղաքական բոլոր առաջնորդներին։

– Ո՞րն է այդ հարցի լուծումը։ Ընտրողների՞ն գրագետ դարձնել։

– Փակ շղթայի մեջ ենք։ Ընտրողներին կրթելու խնդիրը, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն, դա էլ է իրենց ձեռքին։ Մյուս կողմից էլ խնդիրների պրոֆեսիոնալ լուծումներն ընտրողների հետ կապ չունեն։ Ոչ թե մեկ մարդ պետք է որոշում ընդունի, այլ՝ մասնագետների խումբը։ Եթե ատոմակայանները վտանգավոր են, դրա մասին պետք է խոսեն ատոմակայանների անվտանգության, ապահովության միջազգային մասնագետները, ոչ թե Կանաչների միությունը, քաղաքական գործիչները կամ ժողովուրդը։ Նույնը վերաբերում է ծառերը հատելուն կամ քաղաքի կառուցապատմանը։ Դրանք շատ երկրներում քաղաքական հարցեր են, մինչդեռ զուտ գիտական հարցեր են։ Անգամ հոգեբանները պետք է մասնակցեն նման խնդիրների քննարկմանն ու լուծմանը։

– Իսկ Հայաստանում գիտության վիճակն ինչպե՞ս եք գնահատում, մեր գիտական ոլորտն ի՞նչ համագործակցություն կամ հաղորդակցություն ունի միջազգային գործընկերների հետ։

-Հայաստանում գիտնականների քանակը շատ է պակասել, մոտ 2500 գիտնական է մնացել, ու նրանց որակն էլ հայտնի չէ։ Դա արդյունք է այն իրողության, որ Հայաստանը հեռանում է միջազգային գիտական ծրագրերից։ Գնալով՝ պակասում են այն դեպքերը, երբ ներգրավված են միջազգային խոշոր ծրագրերում։ Միակ ճանապարհը գիտնականների մակարդակի կտրուկ բարձրացումն է։

Մենք նաև տարիքային խնդիր ունենք։ Հայաստանի գիտնականները հիմնականում 60-70 տարեկանից վեր կամ մինչև 30 տարեկան են։ Մոտ 20-25 տարվա ակտիվ ժամանակների բաց կա։ Դա ամենակարևոր տարիքային շեմն է։ Համալսարանը նոր ավարտած երիտասարդը եթե ուզում է դիսերտացիա պաշտպանել, նրան ղեկավար է պետք։ 70-ն անց ղեկավարների հետ դժվար է, ղեկավարը պետք է ասպիրանտից միջինը 10-15 տարի մեծ լինի։

Հայաստանը հիմա գիտական ղեկավարների շատ լուրջ խնդիր ունի։ Երիտասարդը կարող է սեփական ուժերով՝ կարդալով, համացանցից է սովորել, ինչպես՝ ես։ Ես համալսարան գնալով չեմ դարձել ֆիզիկոս, կարդալով եմ սովորել։ Բայց ընթացքում նրան գիտական ղեկավար է պետք։ Հայաստանի երիտասարդները դրա համար կամ դուրս են գնում, կամ ձևականորեն մեկը ղեկավար է դառնում։ Արդյունքում շատ ցած որակի դիսերտացիա է գրվում։ Բնագիտության մեջ սա մեծ խնդիր է։ Մյուս կողմից էլ եթե անգամ լավ գիտական ղեկավար ես գտել, գիտական կենտրոններ, լաբորատորիաններ, ակտիվ գիտական մթնոլորտ է պետք։ Դա Հայաստանում չկա Դրսում մեծ մասը համալսարաններում են պաշտպանում, համալսարաններ ունեն իրենց գիտական կենտրոնները։

– Հայաստանում այդ խնդրի ի՞նչ լուծում եք տեսնում։

– Պետք է շատ արագ այնպիսի ծրագիր ընդունել, ինչպես անում են պատերազմների ժամանակ։ Պետք է գիտության, ինժեներիայի մեջ պաշտպանող երիտասարդների համար արագ գիտական ղեկավար բերել սփյուռքից, դրսից։ Կամ՝ երիտասարդներին դուրս ուղարկել։ Միայն աշխատավարձեր բարձրացնելով չէ, պետք է լաբորատորիաներ, ընդհանուր միջավայր ստեղծել։ Դրսում էլ հեշտ չէ, մրցակցությունը մեծ չէ։ Իսկ եթե ներսում պայմաններ լինեն, երիտասարդ գիտնականները հետ են գալու։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031