Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Ալթունյանի պաշտպանական թիմը միջնորդում է դադարեցնել քրեական հետապնդումը եւ կարճել քրեական վարույթը

Մայիս 23,2025 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում (ՀԿԴ) դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գործով նախնական դատալսումները շարունակվում են:

Պաշտպանական կողմը մի քանի միջնորդություն է ներկայացրել, որոնցից կարեւորը, որն այսօրվա դատական նիստում էլ քննարկվեց, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունն է:

Ըստ պաշտպանական կողմի՝ հետապնդումը հարուցվել է ավելի շուտ, քան կազմվել է վարույթ նախաձեռնելու արձանագրությունը, ինչը նշանակում է, որ հանրային հետապնդում հարուցելը եւ մեղադրանք առաջադրելը եղել են ոչ օրինական:

«Քրեական դատավարության օրենսդրությունը հստակ երաշխիքներ ունի: Նախ պետք է լինի նախաձեռնված վարույթ, որի առնչությամբ կազմվում է արձանագրություն՝ նշվում են կոնկրետ փաստական հանգամանքները, արարքի իրավական գնահատականը: Եվ նախաքննությունը պետք է կաշկանդված լինի այդ արձանագրության շրջանակով: Այս պարագայում փաստաթղթերի ընդունման ժամանակագրական հաջորդականությամբ հստակ հիմնավորվում է, որ հանրային հետապնդում է հարուցվել առանց վարույթի գոյության, եւ պաշտպանական թիմի պահանջն է՝ դադարեցնել ապօրինի հետապնդումը»,-Aravot.am-ին փոխանցեց Գեւորգ Ալթունյանի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

 

Գեւորգ Ալթունյանի մյուս պաշտպանը՝ Դավիթ Ավագյանը, հավելեց. «Ըստ էության, մենք լրացրել ենք պաշտպան Լեւոն Սահակյանի միջնորդությունը: Վերջինը միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու եւ եւ քրեական վարույթը կարճելու վերաբերյալ այն հիմքով, որ հսկող դատախազը ապօրինի գործողություն է կատարել՝ հանձնարարություն տալով քրեական վարույթը նախաձեռնելու արձանագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ: Եվ պաշտպան Սահակյանի տրամաբանությամբ՝ այդ փոփոխությունից հետո` 2023 թվականից հետո ամբողջ գործընթացը եղել է ապօրինի: Մենք ասում ենք, որ եթե անգամ հանրային մեղադրողի տրամաբանությամբ ենք գործում, այդ ակտը ուժի մեջ մտել է 2025 թվականից, ապա այդ տրամաբանության պարագայում էլ մեկ այլ իրավական բացասական հետեւանք է առաջանում: Մասնավորապես, հանրային մեղադրողը  նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կայացրել է այն պայմաններում, երբ որ քրեական վարույթ նախաձեռնված չի եղել քր. օր. համապատասխան հոդվածի շրջանակներում, որը որ մեղսագրվում է Գեւորգ Ալթունյանին եւ սույն գործով անցնող այլ մեղադրյալներին: Այսինքն, հանրային մեղադրողը նոր քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել, որից հետո նոր հանձնարարություն է տվել քննիչին, որպեսզի նախորդիվ արձանագրության մեջ փոփոխություն կատարվի»:

Պաշտպանների խոսքով՝ դատարանն այս պահին ապացույցներ չի հետազոտում եւ ապացույցներով պայմանավորված որոշում չպետք է կայացնի, որովհետեւ դեռ չի հասել ապացույցների հետազոտման փուլ: «Պարզապես, թույլ են տրվել քրեական դատավարության օրենսգրքի դատավարական ընթացակարգային կոպիտ խախտումներ, որի պարագայում օրենսդրությունը թույլատրում է դադարեցնել հետապնդումը, քանի որ դրա ապօրինության վերաբերյալ հարցեր կան: Նմանաբնույթ խախտումների պարագայում առհասարակ նպատակահարմար չէ անդրադառնալ ապացույցներին, քանի որ արատով նախաձեռնված հետապնդումները չեն կարող ունենալ օրինական թույլատրելի ապացույցներ: Դրա համար օրենսդրությունը վաղ փուլում հնարավորություն է տալիս վերացնել այդ խախտումները՝ հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու ճանապարհով»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Դատարանը նիստը հետաձգեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 11-ին, ժամը 09:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031