Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոնական օրն անցկացրել է Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ:
«Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,
այսօր բոլորս միասին հրաժեշտ ենք տալիս մի փուլի, որը լի է եղել հիշողություններով և ձեռքբերումներով։ Վերջին զանգը պարզապես արարողություն չէ. այն նորի սկիզբ է՝ ինքնուրույն ընտրությունների ու պատասխանատու քայլերի մեկնարկ։
Սիրելի՛ շրջանավարտներ,
դուք այսօր փակում եք դպրոցական կյանքի էջը։ Ձեր ճանապարհին լինելու են նոր փորձություններ, հնարավորություններ ու հաղթանակներ։ Բայց հիշեք՝ ձեր ընտրությունները և գործերը ձևավորելու են վաղվա Երևանը և Հայաստանը։ Ձեր ձայնը, արժեքներն ու վերաբերմունքը կերտելու են մեր երկրի ու քաղաքի դիմագիծը։ Եվ դա սկսվում է ոչ թե վաղը, այլ հենց այսօր։
Հարգելի՛ ուսուցիչներ,
այս պատանիները կանգնած են նոր կյանքի շեմին՝ ձեր նվիրումի, գիտելիքի և հոգատար վերաբերմունքի շնորհիվ։ Շնորհակալ ենք ձեր հետևողականության ու սրտացավ աշխատանքի համար։
Սիրելի՛ ծնողներ,
դուք եղել եք ձեր զավակների ամուր հենարանը թե՛ դժվար, թե՛ ուրախ պահերին։ Ձեր սերը, համբերությունն ու աջակցությունը այս ճանապարհի անբաժանելի մասն են եղել։ Շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ։
Կարդացեք նաև
Սիրելի շրջանավարտներ, թող ձեր երազանքներն ուղեկցվեն խիզախությամբ, իսկ քայլերը՝ պատասխանատվությամբ։
Շնորհավորում եմ բոլորիս»,- իր ուղերձում նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետարան